Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Հուլիսի 3-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Գյանջումյանը մասնավորապես ասաց. «Սիրելի՛ բարեկամներ, բարո ՛վ եք եկել Հայաստան, հուսով եմ՝ ծրագրի շրջանակներում անմոռաց օրեր եք ունեցել և այս օրերի ընթացքում ավելի եք կապվել Հայաստանին: Հայրենիքում ասես նոր լիցքեր եք ստանում ու ոգևորված, ավելի հայացած տուն եք վերադառնում: Տարեցտարի ընդլայնվում է մեր ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս անգամ ծրագրին մասնակցեցին սիրիահայ ձեր հասակակիցները: Սիրելի՛ պատանիներ, վաղվա օրը ձերն է, դուք՝ եք մեր երկրի վաղվա տերերը: Ուզում եմ, որ այս ճամբարից հեռանաք մեր հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով, ձեզ հետ տանեք մեր միասնության, համախմբվածության գաղափարը»:
Գ.Գյանջումյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով: Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեց «Ժողովրդական երգիչ-3» նախագծի մասնակից Մասիս Հունանյանը:
Ծրագրի 2-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, նաև՝ Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ: