Ուզում եմ ապագաս Հայաստանում կառուցել. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» ծրագրի մասնակից, ՌԴ Կաբարդինո–Բալկարիայի Հանրապետության Նալչիկ քաղաքում ապրող Նելլի Հովհաննիսյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմում է իր երազանքների, ծրագրից ստացած տպավորությունների մասին.
«Չնայած ապրում ենք Հայաստանից բավականին հեռու, սակայն կապը Հայրենիքի հետ չենք խզում: Այդ հարցում մեզ շատ է օգնում նորաստեղծ «Աղբյուր» հայկական համայնքը, որտեղ հայապահպանական տարբեր ծրագրեր են կազմակերպվում, հայկական տոները նշվում: Համայնքի գոյությունը կարևոր է հատկապես այն առումով, որ չենք մոռանում հայերենը: Մեր ընտանիքում նույնպես պարտադիր հայերեն ենք խոսում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի՝ պարտավոր է մայրենիով խոսել:
«Արի տուն» ծրագրի մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ խորհուրդ տալով անպայման մասնակցել: Իմանալով նման հնարավորության մասին՝ սկսեցի համացանցի միջոցով ուսումնասիրել ծրագիրը՝ պատկերավոր տեղեկություններ ստանալու համար: Արդյունքում՝ միանգամից որոշեցի «Արի տուն» գալ:
Անկեղծ ասած՝ լավ չէի տիրապետում Հայոց պատմությանը, չգիտեի այցելածս վայրերի նշանակության մասին, բայց ծրագրի միջոցով բոլոր բացթողումները լրացրեցի: Այս օրերի ընթացքում շատ վայրերում եմ հասցրել լինել, բոլորն էլ տպավորիչ էին ու հիշարժան:
Հատկապես տպավորված եմ Էջմիածին կատարած այցելությունից. զարմացած եմ, թե ինչպես է Մայր Աթոռը մինչև հիմա կանգնուն մնում և իր գեղեցկությամբ հիացնում բոլորիս:
Հայաստանն իր գեղատեսիլ բնությամբ, տեսարժան վայրերով և համեղ ուտելիքներով՝ աշխարհի ամենալավ երկրներից մեկն է:
Մինչ այս՝ կարճատև ժամանակով էի Հայաստանում եղել և չէի հասցրել ամբողջ վայրերով շրջագայել: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայրենիքս նորովի բացահայտելու և ճանաչելու հնարավորություն ընձեռելու համար:
Մենք հին ազգ ենք, դիմացել ենք շատ դժվարությունների: Ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը պայծառ ապագա ունենա և ապրի խաղաղ երկնքի տակ, իսկ Արցախյան քառօրյա պատերազմնի նման օրեր՝ թո՛ղ այլևս չկրկնվեն: Շատ էի տխրում մեր զինվորների մահվան լուրը լսելով, միաժամանակ՝ հպարտանում, երբ կարդում էի նրանց սխրանքների մասին:
«Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ այնքան կապվեցի Հայաստանին, որ ցանկանում եմ վերադառնալ և ուսումս այստեղ շարունակել: Ուզում եմ ապագաս Հայաստանում կառուցել»:
Գևորգ Չիչյան