Արի տուն-2015. Ֆլորա Կարապետյան. «Ամեն տարի այցելում եմ Հայաստան. կարծես՝ կանչում է ինձ իմ երկիրը»
Ես ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, 14 տարեկան եմ: Չնայած ֆրանսիական քոլեջ եմ հաճախում, բայց հայերենը չմոռանալու համար ամեն ջանք գործադրում եմ: Ուստի ծնողներս տանը հետս հայերենով են խոսում, և ես էլ շրջապատում մարդկանց խնդրում եմ, որ այլ լեզվով չհաղորդակցվեն հետս:
Լիոնում հայերի թիվը շատ է, այդ պատճառով էլ մեր քոլեջում հայերենի դասաժամեր են ավելացվել: Ընկերներով միասին սիրով հաճախում ենք դասընթացներին:
Շատ եմ սիրում հայկական-ժողովրդական պարերը. արդեն 7 տարի է, ինչ հայկական պարերը սովորելու եմ գնում: Այս միջոցով ևս ինձ հայկական միջավայրում եմ զգում:
Ամեն տարի այցելում եմ Հայաստան. կարծես՝ կանչում է ինձ իմ երկիրը: Ծնողներս էլ առիթը բաց չեն թողնում, որ միասին ամռանը Հայրենիք գանք: Ամեն անգամ, տարբեր վայրեր այցելելով, նորովի եմ բացահայտում իմ երկիրը: Եվ դա ավելի է ոգևորում, որ կրկին Հայրենիք գամ:
Միշտ ինքս ինձ հարց եմ տալիս՝ Հայաստանը, թե՞ Ֆրանսիան է հոգեհարազատ և ամեն անգամ էլ դժվարանում եմ հարցիս պատասխանը գտնել, քանի որ երկու երկրներն էլ սիրելի են և սրտիս մոտ:
Իսկ «Արի տուն» ծրագրին մասնակցելու գաղափարը մայրիկիս է պատկանում: Նա է հետաքրքրրվել ծրագրից և առաջարկել, որ մասնակցեմ:
Մայրս ցանակացավ, որ այս շրջագայությամբ էլ հնարավորինս շատ տեղեկություններ ստանամ Հայաստանից:
«Արի տուն» ծրագիրը շատ սիրեցի, մեզ բոլորը լավ են վերաբերվում, իսկ երեխաներով իրար հասկանում ենք և ոչ մի ընդհարում չենք ունենում: Այն նպատակով եմ մասնակցում ծրագրին, որ կկարողանամ լիովին բացահայտել Հայաստան աշխարհը, կծանոթանալ մեր մշակույթին և հայ ժողովրդի ավանդույթներին:
Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ ինձ հնարավորություն տվեց ամառային անմոռանալի օրեր ուենանալ Հայաստանում:
Գևորգ Չիչյան