Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ռուսաստանի Պերմի մարզի հայկական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/167.jpg)
Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Պերմի հայկական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հեռակոնֆերանսին Պերմի մարզից կապ հաստատեցին Հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Վաղարշակ Սարգսյանը, հասարակական հարցերով տեղակալ Արմեն Գարսլյանը, ընդհանուր հարցերով տեղակալ Արթուր Գուլյանը, Պերմի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ հայր Կարեն Պապյանը, համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանը, մշակութային կենտրոնի անդամներ, հյուրեր:
ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ ողջ հայության հիմնական խնդիրը Արցախի և Հայաստանի սահմանի անվտանգությունն է: «Հայկական բանակում տիրում է մարտական բարձր ոգին, մեր բանակը ցանկացած պահի պատրաստ է հետ շպրտել թշնամու հարձակումները: Պերմի մարզի հայ համայնքը նույնպես աչքի ընկավ հայրենանվեր գործով՝ օգնություն տրամադրելով Արցախին», – ընդգծեց նա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Պերմի հայ համայնքը միշտ էլ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, հայապահպանությանն ուղղված միջոցառումներով: «Համայնքն ակտիվ մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին: Այնպես, որ ասելիք, այդ առումով, չկա, – ասաց նախարարը՝ հավելելով, – միակ խնդրանքս է բոլոր ջանքերն ուղղել մայրենիի պահպանությանը: Օրվա մեջ մեր տներում, հայկական մշակութային օջախներում գոնե մեկ ժամ խոսենք հայերեն», – ասաց նա:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Պերմի հայ համայնքին 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումների աշխատանքներում ակտիվ ներգրավվելու և համայնքում ակտիվ ձեռնարկներ իրականացնելու համար: Այնուհետև կոչ արեց այս տարի Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանի առթիվ միջոցառումներ կազմակերպել:
Գերատեսչության ղեկավարը հորդորեց Պերմի հայ համայնքի գործարարներին ներդրումներ կատարել հայրենիքում և միաժամանակ շահույթ ստանալով՝ օգտակար դառնալ հայրենի երկրի շենացման գործին:
Պերմից ելույթ ունեցավ մարզի Հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Վաղարշակ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ հեռակոնֆերանսը կազմակերպելու համար և նշեց. «Այս տարի մենք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրենք Արցախին օգնելու համար: Իսկապես առավոտյան արթնանում ենք վախով, թե ինչ վիճակ է եղել գիշերը սահմանին, զոհ ունե՞նք, թե՞ ոչ: Տեսնում ենք, որ Սփյուռքի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Սփյուռքի կողմից ստացված օգնությունը համակարգված Արցախ հասցնելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք ընդգրկվել Հայաստանը հզորացնելուն ուղղված ծրագրերում, այդ առումով, իհարկե, պիտի քննարկենք հայրենիքում հնարավոր ներդրումներ կատարելու և բիզնես ստեղծելու մեր քայլերը»:
Վաղարշակ Սարգսյանն ընդգծեց, որ Պերմի երկրամասում ոչ պաշտոնական տվյալներով ապրում է շուրջ 45 հազար հայ, Հայկական մշակութային կենտրոնը ստեղծվել է 2000 թվականին: 2001թ. հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ սովորում է 120 աշակերտ: Համայնքում գործում է երգի-պարի համույթ, լույս է տեսնում «Նոյյան Տապան» թերթը: 2008թ. կազմավորվել է Պերմի հայ երիտասարդական միությունը, որը գործունեություն է ծավալում երկրամասի թե՛ հայ, թե՛ այլազգի բնակչության շրջանում՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ազգային ավանդույթները:
Քննարկվեցին Պերմի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր: