ՀՀ սփյուռքի նախարարությունն ամփոփում է. համաժողովներ և գիտաժողովներ 2015

Համահայկական մասնագիտական համաժողովների ու միջազգային գիտաժողովների կազմակերպումը ՀՀ սփյուռքի նախարարության գերակա խնդիրներից է: Վերջիններիս միջոցով նախարարությունը փորձում է համախմբել հայկական ներուժը, վեր հանել համահայկական նշանակություն ունեցող խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները:

2015 թվականին Սփյուռքի նախարարությունը կազմակերպել կամ նախաձեռնել է 4 միջազգային գիտաժողով, 4 համաժողով:

Թեև տարբեր հարցեր ու խնդիրներ են արծարծվել համաժողովների և գիտաժողովների ժամանակ, սակայն 2015 թվականը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման տարի, իր դրոշմն է թողել նախարարության իրականացրած ձեռնարկների, այս դեպքում՝ համաժողովների և գիտաժողովների վրա:

Առաջին միջազգային գիտաժողովը՝ «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով, տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում:

Գիտաժողովն անցկացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու,  Հայ Ավետարանչական ընկերակցության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աջակցությամբ: Ներկա է եղել շուրջ 70 մասնակից՝ 5 երկրից:

Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունըՑեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը1

Գիտաժողովն անդրադարձել է 1915-1923 թթ. ցեղասպանության տարիներին հայ հոգևորական­նե­րի կրած տառապանքներին, քրիստոնեական կոթողների՝ եկեղեցիների, վանքերի,  ձեռագրերի անխնա ոչնչացմանը:

Կարևորվել է հայ հոգևորականության վիթխարի դերը ցեղասպանությանը հաջորդած տարիներին հայ որբերին և գաղթականներին ի մի բերելու, փրկելու,ապրելու հավատն արմատավորելու գործում:

Ցեղասպանության տարիներին հայ կնոջ կրած տառապանքներին, զրկանքներին, բռնի իսլամացմանը, առևանգումներին, ինչպես նաև նրա ինքնազոհությանն ու նվիրումին է անդրադարձել «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժո­ղովը, որն անցկացվել է ապրիլի 17-ին: ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ իրականացված գիտաժողովին ներկա են եղել շուրջ 50 մասնակից՝ 17 երկրից:

Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետոգիտաժողով1

Գիտաժողովին կարևորվել է այն միսիոներների դերը, ովքեր որբահավաքի միջոցով բազմաթիվ հայ կանանց են փրկել գերությունից ու ստրկությունից և պայմաններ ստեղծել նրանց  հետագա գոյատևման համար:

Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրե­րի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:

Ֆորումի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժո­ղով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցութ­յամբ՝ տեղի է ունեցել նաև «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը:

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները5 Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները6

Գիտաժողովին մասնակցել են հայ և օտարազգի շուրջ 60 իրավաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ՝ աշխարհի 14 երկրից: Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել նաև մասնագետներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:  Գիտաժողովն ընթացել է երեք նիստերով՝

1.    «Ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիութ­յան ապահովման միջազգային իրավական հիմնախնդիրները»

2.    «Ցեղասպանությունների կանխարգելման ապահովումը ժամանակակից միջազգային իրավունքում»

3.   «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության ապահովման և հատուցման հիմնախնդիրները»:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումն ունի ազգային, քաղաքական, իրավական, հոգեբանական, բարոյական, պատմական, քարոզչական ասպեկտներ, սակայն այն իրավական լուծումներ է պահանջում, որը հնարավոր է իրականացնել նաև հայ իրավաբանների օգնությամբ և հետազոտություններով:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ՝ հունիսի 15-ին տեղի է ունեցել  Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը:

Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով1

Գիտաժողովը, որին մասնակցել է շուրջ 60 գործիչ՝ 3 երկրից, անդրադարձել է հարյուր տարի առաջ կախաղան հանված  հնչակյան 20 երիտասարդների հիշատակին, ինչպես նաև 128-ամյա Հնչակյան կուսակցության ձեռքբերումներին: Կարևորվել է Հայաստանի անկախության համար նահատակված հայ հերոսների հիշատակը հավերժացնելու գաղափարը:

Արևելահայերենի և արևմտահայերենի խնդիրները մոտ 100 տարի է՝ դարձել են քննարկումների առարկա: Սակայն հայերենի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ առաջին գործնական քայլը «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրները» թեմայով համաժողովն է, որը տեղի է ունեցել  հուլիսի 29-30-ը՝ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ:

Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողով1

Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլ է համարվել երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք, օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները, աշխատելու են տարբեր եղանակներով (նիստերի հրավիրում, քննարկումների կազմակերպում, հոդվածների հրապարակում, կոնկրետ առաջարկների և խնդիրների լուծման ուղիների ներկայացում):

Սեպտեմբերի 11-12-ը տեղի է ունեցել Սրտաբանների Եվրակովկասյան 5-րդ համաժողովը: ՀՀ սփյուռքի, առողջապահության նախարարությունների և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված համաժողովին մասնակցել են 50-ից ավելի օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ՝ Հայաստանից ու Արցախից:

Սրտաբանների Եվրակովկասյան 5-րդ համաժողովը3Սրտաբանների Եվրակովկասյան 5-րդ համաժողովը

Համաժողովի նպատակն էր նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:

Հոկտեմբերի 5-7-ը 120-ից ավելի հայ և օտարազգի անվանի ճարտարապետներ աշխարհի շուրջ 16 երկրից՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Լատվիա, Լիբանան, Հորդանան, Շվեդիա, ՌԴ, Սիրիա, Վրաստան, Քաթար, Ֆրանսիա, համախմբվել էին Երևանում՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության աջակցությամբ կազմակերպված Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովին:

Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողով1 Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողով2

Համաժողովի ընթացքում կնքվել է Համաձայնության քառակողմ հուշագիր՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների, շինարարների միության, Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի միջև:

«Ապագա» խորագրով երիտասարդական համահայկական երկրորդ համաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 27-29-ը :

Համաժողովի հիմնական նպատակներն էին՝ բացահայտել և համախմբել գիտության, իրավունքի, քաղաքականության, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայազգի ակտիվ երիտասարդների ներուժը և քննարկել նրանց կողմից Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունը, նպաստել մայրենիի և ազգային ինքնության պահպանմանը, դիմակայել երիտասարդների ուծացման մարտահրավերներին, ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը և համայնք-համայնք կապերը:

Ապագա Ապագա2

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համաժողովն իրականացվեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախաձեռնությամբ: Մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն:

Scroll Up