Լոնդոնաբնակ նկարիչ Էդման Այվազյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով
Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեց իրանահայ նկարիչ (ներկայումս լոնդոնաբնակ) Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը, որը կրում է «Հայրենի երկրի գույները» խորագիրը, կազմակերպվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ ջանքերով: Այն ներկայացնում է վաստակաշատ նկարչի վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները, ինչպես նաև ճարտարապետական և դիզայներական նախագծերը:
Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Էդման Այվազյանը սփյուռքահայ ամենանշանավոր նկարիչներից է: Նա ծնվել և ստեղծագործական առաջին քայլերն արել է Իրանում, այնուհետև տեղափոխվելով Անգլիա և ավելի կատարելագործելով գիտելիքներն ու տաղանդը՝ նա իր ստեղծագործական գունապնակում խտացրել է հայկական, արևելյան և եվրոպական մշակույթների ավանդույթները: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնին և Հայաստանի ազգային պատկերասրահին՝ այս հրաշալի ցուցահանդեսը կազմակերպելու և այս առիթով մեր վաստակաշատ Վարպետին Հայաստան հրավիրելու համար»:
Այնուհետև, նախարարը խոսեց Էդման Այվազյանի գեղանկարչության արժանիքների մասին՝ վստահություն հայտնելով, որ նրա ստեղծագործություններն ընդմիշտ կմնան հայ արվեստի գանձարանում, ապա հայտարարեց, որ հայ արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար՝ Էդման Այվազյանը պարգևատրվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Նկարչին գնահատանքի ջերմ խոսքեր ուղղեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:
Երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին և բոլոր ներկաներին՝ 83-ամյա նկարիչը նրանց հրավիրեց դիտելու իր ստեղծագործությունները, որոնք լի են արևով, սիրով, ջերմ հիշատակներով և գեղեցկությամբ: