«Գոհար»­-ը Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում

«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում:

Հոկտեմբերի 29-­ից նոյեմբերի 1-­ը չորս համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կհնչեցնեն խորհրդանշական 100 ստեղծագործություն: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Կուզիկյանը համերգների ընթացքում կհնչեն հայկական սիրված երգեր՝ ազգային, հայրենասիրական, ժոողովրդական և ռազմաշունչ. մի խոսքով «Գոհար»­ը կներկայացի բոլոր ժամանակների գոհարները:

Կլինեն հին ու նոր երգեր՝ «Գոհար»-­ի մեկնաբանությամբ ու գործիքավորմամբ: Ի դեպ, խումբը մեկնում է բավական մեծ կազմով՝ նվագախմբի, պարախմբի ու երգչախմբի 150 մասնակից, 16 մենակատար և օժանդակ անձնակազմը: Ինչպես միշտ, այս անգամ ևս «Գոհար»­-ը մեծ ոգեւորությամբ է պատրաստվել առաջիկայում կայանալիք համերգներին:

«Համերգն աննախադեպ է լինելու: Ոչ միայն համերգային ծրագիրն է հատուկ ու շատ մանրամասն ընտրված, այլ նաև տեխնիկական առումով այն եզակի կլինի, գերհագեցած լուսային, ձայնային ու տեխնիկական հնարանքներով»,­ նշեց խմբի գեղարվեստական ղեկավարը՝ «Արմենպրես»­-ին բացահայտելով «Գոհար»­-ի հաջողության երաշխիքը:

«Մենք մեր գործն ենք անում, անում այնպես, ինչպես պետք է՝ ամեն մի մանրուք հաշվի առնելով՝ հանուն Հայաստանի ու սփյուռքի: Մեր համար կարևորը սերունդներին հայեցի ոգով դաստիարակելն է»,-­հավելեց Գրիգոր Կուզիկյանը: «Գոհար»-­ը վերջին տարիներին համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հարավային Ամերիկայում:

Scroll Up