«Հիշողության 100 տարի» համերգը Փարիզում նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Chatelet.jpg)
Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողության 100 տարի» մեծ համերգը բավական լուրջ նշանակություն ունի արվեստի միջոցով Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում։ Այս մասին ապրիլի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, գրում է News.am-ը:
Փոխնախարարի խոսքով՝ համերգը տեղի է ունենալու Շատլի համերգասրահում, որը Փարիզի հնագույն երաժշտական սրահներից մեկն է։ Համերգը Orange Armenia ընկերության միջոցով ուղիղ հեռարձակվելու է Երևանում։ «Համերգին մասնակցելու են 50 տարբեր երգչախմբեր, որոնց բոլորին միավորում է հայկական ծագումը։ Սիմֆոնիան կշարունակվի մոտ 30 րոպե»,- ընդգծել է Սամուելյանը։
Իր հերթին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշել է, որ միջոցառումը կընթանա Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո։
«Դա բացառիկ միջոցառում է, քանի որ մենք առաջին անգամ տեխնիկական լուծում ենք գտել Փարիզում ընթացող համերգը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար։ Մուտքը կլինի ազատ»,- ընդգծել է նա։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակութային հարցերով խորհրդական Ժան Միշել Գասպարյանի խոսքով՝ այդ համերգը շատ կարևոր ժամանահատվածում է տեղի ունենում։ «Մենք ցանկանում ենք ցույց տալ ստեղծագործության և ապագայի կապը։ Համերգին հնչելու են ոչ միայն Կոմիտասի, Խաչատրյանի և Մոցարտի, այլ նաև երիտասարդ երաժիշտ Միշել Պողոսյանի ստեղծագործությունները։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը ապագա ունի»,- ասել է ծագումով հայ ֆրանսիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 21։30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի թատրոնում Փարիզի Շատլ թատրոնից ուղիղ եթերով կհեռարձակվի «100-ամյա հիշողություն» համերգը։