«Գոհար»-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում

«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը չորս համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կհնչեցնեն խորհրդանշական 100 ստեղծագործություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Կուզիկյանը համերգների ընթացքում կհնչեն հայկական սիրված երգեր՝ ազգային, հայրենասիրական, ժոողովրդական և ռազմաշունչ. մի խոսքով «Գոհար»ը կներկայացի բոլոր ժամանակների գոհարները:
Կլինեն հին ու նոր երգեր՝ «Գոհար»-ի մեկնաբանությամբ ու գործիքավորմամբ: Ի դեպ, խումբը մեկնում է բավական մեծ կազմով՝ նվագախմբի, պարախմբի ու երգչախմբի 150 մասնակից, 16 մենակատար և օժանդակ անձնակազմը: Ինչպես միշտ, այս անգամ ևս «Գոհար»-ը մեծ ոգեւորությամբ է պատրաստվել առաջիկայում կայանալիք համերգներին:
«Համերգն աննախադեպ է լինելու: Ոչ միայն համերգային ծրագիրն է հատուկ ու շատ մանրամասն ընտրված, այլ նաև տեխնիկական առումով այն եզակի կլինի, գերհագեցած լուսային, ձայնային ու տեխնիկական հնարանքներով», նշեց խմբի գեղարվեստական ղեկավարը՝ «Արմենպրես»-ին բացահայտելով «Գոհար»-ի հաջողության երաշխիքը:
«Մենք մեր գործն ենք անում, անում այնպես, ինչպես պետք է՝ ամեն մի մանրուք հաշվի առնելով՝ հանուն Հայաստանի ու սփյուռքի: Մեր համար կարևորը սերունդներին հայեցի ոգով դաստիարակելն է»,-հավելեց Գրիգոր Կուզիկյանը: «Գոհար»-ը վերջին տարիներին համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հարավային Ամերիկայում: