Այսօր Ծիծեռնակաբերդում տեղի կունենա «Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի նկարահանումը

Ապրիլի 18-ին՝ ժամը 20:30-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի համատեղ «Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը:  Երգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Մինչ այս տեղի է ունեցել համահայկական ֆլեշմոբ. սփյուռքի հայկական երգչախմբերը կատարել են երգը տարբեր երկրների խորհրդանշաների առջև, որոնք ևս օգտագործվելու են տեսահոլովակում:

Կայանալիք նկարահանման ընթացքում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հնչող կատարման ընթացքում տեղի կունենա ֆլեշմոբ, որին կմասնակցի  300 ուսանող: «Սև ապրիլ» նախագծի նպատակն է երաժշտության միջոցով հիշեցնել մեր պահանջի մասին և կոչ անել աշխարհին բացառել ցեղասպանությունները:

Scroll Up