Թարխանյան ազգանունը, երևանյան Ծիծեռնակաբերդի և բեյրության «Թռչնոց բույն»­-ի կապը

Հայաստանից դուրս աշխարհում Հայոց ցեղասպանությանը նվիրված դեռ միակ թանգարանը վերջերս բացվել է Բեյրութում: Ստեղծվելով Մարիա Յակոբսենի կողմից հիմնված «Թռչնոց բույն» մանկատան շենքի հիման վրա` այն առեղծվածային կապ ունի Երևանում դեռ 1965թ. ստեղծված Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հետ:

Առեղծվածային դիպվածով Երևանում և Լիբանանում Հայոց վերքը հիշատակող երկու կառույցների հեղինակների ազգանունները Թարխանյան է: «Արմենպրես»­ի հետ զրույցում լիբանանահայ եղբայրներ Վիգեն և Րաֆֆի Թարխանյանները, ովքեր օրեր առաջ Սփյուռքի նախարարության կողմից արժանացան պատվո շքանշանի, հայտնեցին, որ իրենց համար էլ էր այս փաստը հաճելի բացահայտում, սակայն երջանկահիշատակ Արթուր Թարխանյանի հետ ուղիղ ազգակցական կապ իրենք դեռ չեն կարողացել հայտնաբերել:

Ճարտարապետ եղբայրների խոսքով, իրենց աշխատանքների մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղյակ էին դեռ տասնհինգ տարի առաջ կաթողիկոսարանի համար կատարած աշխատանքների շնորհիվ: «Մինչ թանգարանի ստեղծման առաջարկ ստանալը նախ սկսեցինք կատարել Անթիլիասի մատուռի վերականգնման աշխատանքները: Այդ աշխատանքից հետո մեզ արդեն առաջարկեցին զբաղվել թանգարանի ստեղծմամբ: Իհարկե, մենք ցանկանում էինք նոր շունչ բերել, սակայն գաղտնիք չէ հոգևորականների առավել պահպանողական աշխարհահայացքը: Սակայն մեզ հաջողվեց բարեհաջող համագործակցել եկեղեցու հետ, այդ իսկ առումով մատուռում, որը քարից կառուցված շենք է, որոշեցինք ջահը դնել դուրսը, ներսում` ջուրը և աճյուններով շրջապատված սյունը: Արդյունքում ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որ ներս մտնողն ակամա խոնարհվում է զոհերի հիշատակի պատվին: Այսպիսով, այցելուի մոտ մատուռում կապ է ստեղծվում միաժամանակ հողի և երկնային հավերժության հետ», ­ ասաց Րաֆֆի Թարխանյանը: Այս աշխատանքը եղբայրների համար կարծես թե դարձավ ուղեգիր Մարիա Յակոբսենի «Թռչնոց բույնի» թանգարանի ստեղծման համար:

«Րաֆֆին գտավ, կարծեմ, քսանական թվականների լուսանկար, որտեղ պատկերված էին «Թռչնոց բույնի» մանկատան երեխաները՝ գետնին նստած, պնակները ձեռքերին և բոբիկ ու պատառոտված հագուստներով: Վերանորոգելով այդ հին լիբանանյան շենքը` մուտքի մոտ որոշեցինք դնել որբերի արձանիկները, որոնք այցելուին կարծես ներս են կանչում՝ իմանալու, թե որտեղից էին այս որբուկները և ինչերի միջով էին անցել», ­ ասաց Վիգեն Թարխանյանը: «Երեք տարվա աշխատանքի ընթացքում, մենք այդ որբուկների հետ ապրեցինք իրենց ցավերը, պատմությունը: Անկեղծ ասած,դժվար էր, քանի որ շատ էր հուզականը, և փորձում էինք հասկանալ, թե ինչպես պետք է այդ զգացմունքները վերածել նյութական շենքի», ­ ընդհատելով եղբորը` ասաց Րաֆֆի Թարխանյանը:

Եղբայրների խոսքով, իրենք այնպես էին ներգրավվել այս աշխատանքում, որ այդ երեք տարվա ընթացքում իրենց ընկերության աշխատանքները հետ ընկան: «Թանգարանը գեթ հայերի համար չէ, նվիրված չէ միայն Հայոց ցեղասպանությանը: Այլ նաև աշխարհի բոլոր ցեղասպանություններին, որոնք, ցավոք, տեղի են ունենում նաև այսօր: Եթե հարյուր տարի առաջ աշխարհը համարյա չգիտեր, թե ինչ էր կատարվում Թուրքիայում, ապա այսօր համացանցի օրոք լուրերը կայծակնային արագությամբ են տարածվում, սակայն դա չի խանգարում նոր ցեղասպանությունների իրագործմանը», ­ ասաց Վահե Թարխանյանը:

Եղբայրները պատմեցին, որ թանգարանը բաժանված է երեք հատվածի: Բուն ցեղասպանության պատմության հատվածում ներկայացված են մեր ազգի ապրած սև էջերը: Այստեղ քարտեզների հետ այցելուն հանդիպում է հայոց եկեղեցին խորհրդանշող կոտրած զանգի և ձայնի կորուստը խորհրդանշող լեզվակի: «Մեկ այլ հատվածում մանկական ոտնահետքերը տանում են դեպի այն երկրները, որտեղ սփռվեցին ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաներն ու մեծերը, իսկ թանգարանի երրորդ հատվածում այցելուն ծանոթանում է այն իրողությանը, թե ինչպես նոր երկրի լեզուն չիմացող որբերը կարողացան ոտքի կանգնել, տարրական արհեստներով զբաղվել, այնուհետև զարգանալ մինչև եկեղեցու և համալսարանի ստեղծում: Դրա վառ օրինակն է Սիսի կաթողիկոսարանը և Հայկազյան համալսարանը», ­ ասաց ՎահեԹարխանյանը: Քանի որ թանգարանը գտնվում էր Բիբլոսի` հնագիտական առումով հարուստ վայրում և իր տակ պահում է չորս հազար տարվա հնագիտական գանձեր, կառուցապատման ժամանակ ամեն ինչ արվել է նախապես նվազագույն միջամտություն ունենալու հողի հետ: Եղբայրները նշեցին նաև, որ առաջին անգամ Հայաստան են այցելել դեռ 2000թ. : Այս օրվանից ի վեր իրենց համար ակնառու են զգալի փոփոխություններ Երևանում, սակայն նշեցին, որ դա դեռ բավարար չէ: «Մենք պետք է միասին ձեռք ձեռքի տանք և զարգացնենք Երևանը: Ինչպես սփյուռքում ենք շատ գործեր անում, այդպես էլ կցանկայայինք մեր այդ փորձը կիրառել նաև Հայաստանում», ­ ասաց Րաֆֆի Թարխանյանը:

Scroll Up