Դավիթ դպիր Գիշյան. «Մայրի՛կ ջան, միայն հիմա եմ տեսնում ու զգում սիրուդ մեծությունն ու անհուն խորությունը…

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը:

Տոնի առիթով իր մայրիկին, «Հայերն այսօր»-ի խնդրանքով, անակնկալ նամակ է գրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ դպիր Գիշյանը: Նա ճեմարան է եկել սովորելու Ուկրաինայի Լուգանսկ քաղաքից:

– Ողջույն քեզ, սիրելի՛ մայրիկ:

Ահա, ձմեռը հրաժեշտ տվեց մեզ, և մենք գարնանային ծաղկաբույր շնչով նորոգված՝տոնում ենք Փրկաբեր Ավետիսը՝Ուրախ լեր բերկրեալ Տէրն ընդ քեզ:  Այսօր բոլոր մայրերի ուրախության տոնն է, քանի որ Տիրոջ սիրո լույսը հեղվեց երկնային բարձունքներից և ցնծություն բերեց Եվայի զավակներին:

Մայրի՛կս: Ուզում եմ որ դու այսօր ուրախ լինես, ուզում եմ, որ այսօր կարոտամաշ սիրտդ ջերմանա Ամենասրբուհի Կույսի մայրական գգվանքով, և ես էլ զգամ քո ջերմության անասելի քաղցրությունը: Ուզում եմ, որ այսօր դու վերստին նորոգվես սիրո կենսալի զորությամբ, ուզում եմ, որ քո «այսօր»-ը երբեք չավարտվի…

Ուրա՛խ լեր, մայրի՛կս: Շնորհավորում եմ Ավետման տոնդ: Թող շնորհավոր լինի մեր փրկությունը, թող շնորհավոր լինի մայրության կենսաբեր ավետումը, թող շնորհավոր լինի Տիրոջ գալստյան լուրը, թող ծաղկի նոր, հավերժական գարունը քո անհուն սրտում և միշտ չքնաղ ծաղիկներով և քաղցր պտուղներով զվարճացնի քո կյանքը:

Ուրա՛խ լեր, մայրի՛կս, քանզի այսօր Մարիամը բացեց իր սուրբ սիրտը և ընդունեց երկնային Հյուրին իր մաքրամաքուր հոգու մեջ: Գիտեմ, որ շատ ես սիրում Մարիամին, թող նա քեզ էլ մասնակից դարձնի մայրական կատարյալ բերկրությանը և իր Որդու քաղցր ներկայությանը:

Միշտ, միշտ ուրախ լեր:

Երկար ժամանակ է, որ իրար չենք տեսել: Գիտեմ, որ քեզ ավելի դժվար է, գիտեմ ինչերի միջով է անցել հոգիդ մինչև այսօր: Ես միշտ զգում եմ քո սրտի ցավն ու հուզմունքը, միշտ քեզ մոտ եմ հոգովս և վստահ եմ, որ դու նույնպես քո սրտում զգում ես իմ բոլոր տատանումները և ջերմագին աղոթքներովդ միշտ լույս ես սփռում մշտական որոնումների իմ մութ շավիղներին:

 Հիշում եմ քո հավատը, աննահանջ պայքարը կյանքի փոթորիկների դեմ, քո նուրբ հեզությունն ու հոգու ամրությունը, քո խոնարհ սրտի նվիրումը և սիրո պատարագ-զոհաբերություններդ, որոնք այդպես էլ ըստ արժանվույն չկարողացա գնատել:

Մայրի՛կս, ինչքան քիչ կարողացա քեզ ճանաչել և այժմ՝ավելացնելով տարիներս, ավելի պարզ եմ տեսնում  քեզ. ավելի հստակ է արտացոլվում քո պատկերն իմ ալեկոծ կյանքի ծովում: Այժմ ես բերկրում եմ, երբ դու ուրախ ես ու կենսախինդ: Հիմա եմ միայն հասկանում, որ առաջ ի վիճակի չէի գնահատել քո սերն ու նվիրումը. իմ հոգու փոքրիկ անոթով փորձում էի չափել սիրուդ անծայրածիր օվկիանոսը: Միայն հիմա եմ տեսնում ու զգում սիրուդ մեծությունն ու անհուն խորությունը, երբ հեռացել եմ ափերիցդ:

Հիշո՞ւմ ես, թե ինչպես ինձ առաջին անգամ բերեցիր եկեղեցի: Ես նոր էի սկսում ճանաչել աշխարհը և հանդիպեցի մի նոր իրականության: Այդ իրականությունն ինձ ավելի հարազատ էր, քան իմ տեսած աշխարհը, սակայն այն մնում էր անըմբռնելի ու վեհ, ինչպես աստղազարդ երկինքը կամ մայրամուտը անծայր դաշտում:

Գիտեմ, որ երբեք չես փոշմանել, որ ես ընտրեցի այս ճանապարհը, գիտեմ, որ սիրով հանձնել ես ինձ հոգևոր Մորը՝ Եկեղեցուն:  Հաճախ հիշում եմ քո վերջին պատգամները, քո իմաստուն խրատները և հույսով լցված լուրջ հայացքը, քո խորունկ, լույս ճառագող հայացքը, որի լռությունն իմ սրտի համար ավելի խոսուն է, քան ամեն տեսակ խոսք:

Շատ բան ունեմ պատմելու քեզ, սիրելի՛ մայրիկ, հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք, հույս ունեմ, որ մեր հանդիպումը կլինի Հայոց հյուրասեր, արփիազարդ լեռների ներքո:

Թող Ավետման լույսը ուրախացնի բոլոր մայրերին, և Նոր Ծաղկի անմահության բուրմունքը լցնի ձեր հոգիները երկնային խաղաղությամբ և ամենահաղթ սիրո զորությամբ:

Սիրելի՛մայրիկ, ուրա՛խ լեր:

Պատրաստեց՝ Գևորգ Չիչյանը

Scroll Up