Որտեղից է սկսվում հայրենիքը…
Որտեղից է սկսվում հայրենիքը… Յուրաքանչյուրիս համար այն իր ակունքն ունի: Մեկի համար իր տունն է, ծննդավայրը, մեկ ուրիշի համար, ով ապրում է օտար երկրում, իր պապերի երկիրը, որի կարոտով նա ապրում է:
Միանշանակ է թերևս մի դեպքում: Հայոց բանակի սահմանային զորամասում ծառայող զինվորի համար՝ հայրենիքը յուրաքանչյուր առավոտ, 730 օր շարունակ սկսվում է այն սահմանից, որը նա պաշտպանում է:
Սարո Մամոյան, Սահակ Մեժլումյան, Արթուր Քալաշյան, Սմբատ Բոզինյան, Կարապետ Մարտիրոսյան, Վաչե Շերենց… Նրանք Հայոց բանակի զինվորներ են, հա´յ զինվոր: Ծառայում են Արարատի N զորամասում: Ու նրանց միավորում է մեկ բան. ապրելով օտար երկրում՝ նրանք որոշել են ծառայել Հայոց բանակում:
Ինչո՞ւ, յուրաքանչյուրն իր պատճառն ունի, իր պատմությունը, որին և կծանոթանաք միասին.
Սարո Մամոյան
– Ծնվել եմ Հայաստանում, տասը տարի է՝ ապրում եմ Ռուսաստանում: Իսկ այսօր նորից այստեղ եմ` Հայաստանում: Եկել եմ, որ ծառայեմ. 19 ամիս է արդեն: Եղբորս հետ նույն զորամասում ենք ծառայում:
Ինչո՞ւ եմ այստեղ: Չգիտեմ, պարզապես գիտակցում էի, որ պետք է ծառայեմ: Հայրս նույնպես ծառայել է, ես ինչո՞ւ պետք է խուսափեի:
Մինչ այստեղ գալը բանակի մասին ոչինչ չգիտեի, անգամ այն, որ այսպիսի համազգեստ են տալիս: Եկա, ու շատ բան փոխվեց իմ կյանքում: Իմացա, թե տղամարդու գործը որն է, սահման պահելը որն է, ծառայությունը որն է: Եթե այստեղ չլինեի, չէի իմանա, որ այսպիսի դժվար ճանապարհով է զինվորը անցնում: Բայց վերջում հասնում է մի արդյունքի ու հասկանում, որ հենց սրա´ համար է նա եկել, որ սա´ է պետք նրան:
Սկզբում մի փոքր դժվար էր, ամեն ինչ անսովոր էր ինձ համար: Բայց կամաց-կամաց այս կյանքը սովորական դարձավ ինձ համար: Երբ դիրքեր ես գնում, քեզ հպարտ ես զգում, հպարտ, որ սահման ես պահում: Կանգնած ես մի գծի վրա, որը քեզ ու հակառակորդին է «բաժանում»: Եվ այդ պահին քե´զ է վստահված այդ «գիծը» պահել:
Երբ առաջին անգամ դիրքեր բարձրացա` մի փոքր վախ ունեի: Չգիտեի` ոնց է լինելու, ինչպես է լինելու: Դեմառդեմ կանգնելով թուրքի (ադրբեջանցի) դեմ` ես սպասում էի, որ մի բան է լինելու: Վախենում էի, փորձում էի ուշադիր լինել, շատ դժվար էր: Բայց հետո հասկացա, որ դժվարությունը մեզնից է կախված: Եթե մենք ուշադիր լինենք դիրքերում, այդ դժվարությունը չենք տեսնի: Եթե ժամանակին կարողանանք նկատել հակառակորդին, նա ոչինչ անել չի կարող:
Հատկապես դժվար է գիշերը, երբ շուրջդ ձայն չկա ու դու մենակ ես: Բայց հետ ես նայում ու հասկանում, որ հետևում մերոնք են կանգնած, մեր սահմանն է ու դու գիտես, որ նրանց ես պաշտպանում: Թիկունքդ դեմ արած հակառակորդի գծին` դու քեզ շատ հպարտ ես զգում:
Ուզում եմ, որ ամեն տղա բանակ գալուց մտածի, որ այդ ամենը ինքն էլ է զգալու: Մարտական հերթապահությունից շատ բան կարող եմ պատմել, բայց հիմնականը, ամենակարևորը յուրաքանչյուր զինվորի համար այն է, որ գիտակցի, որ դա իր գործն է, պարտականությունը: Եթե պատվով կատարեց, պատվով էլ կավարտի:
Հիմա դժվար է մի փոքր, բայց կյանքի ընթացքում պատմելու բան կունենա: Ու երբ նա երբևէ այս կողմերով անցնի, կհիշի ու կպատմի, որ ինչ-որ ժամանակ այդ գիծն ինքն է պահել: Իսկ հիմա իր փոխարեն ուրիշներն են, նրանք են հսկում, որ մենք հանգիստ ապրենք:
Մինչև գալը մտածում էի, որ բանակային կյանքը շատ դժվար է, չեմ կարողանա ծառայել: Բայց եկա ու հասկացա, որ կարող եմ:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը տղա գիտակցի, որ ինքն էլ պետք է ծառայի: Բանակային կյանքը հարկավոր է յուրաքանչյուր տղամարդու համար:
Միայն մի բանն է ամենադժվարը` կարոտը: Ամենաշատը մերոնց եմ կարոտել, ընկերներիս…
Սահակ Մեժլումյան
– Ծնվել եմ Շամշադինում` Բերդ քաղաքում: 18 տարի է` ապրում եմ Ռուսաստանում: Մոսկվայում ավարտել եմ միջնակարգ դպրոցը, սպորտային խմբակ եմ հաճախել:
Արդեն մեկ տարի երկու ամիս է` ծառայում եմ: Ճիշտ է` ապրում եմ Ռուսաստանում, բայց սա է իմ հողը, ջուրը, այստեղ են իմ հարազատները: Եվ այս ամենն է, որ դու պետք է պաշտպանես:
Սահման պահելը հպարտություն է: Մտածում եմ, որ ես այստեղ կանգնած եմ, իսկ իմ ծնողները, հարազատները, բարեկամները կարող են հանգիստ քնել: Նրանք կարող են հպարտանալ ինձնով: Հատկապես Հայաստանում ապրող իմ հարազատները շատ են ուրախանում, որ Ռուսաստանից եկել եմ ու Հայոց բանակում եմ ծառայում:
Ժամանակն այստեղ շատ արագ է անցնում: Շատ ընկերներ ունեմ, անգամ Մոսկվայից, որոնց հետ այստեղ եմ ծանոթացել:
Շատ բան է փոխվել իմ մեջ այս ամիսների ընթացքում: Մտածելակերպս է փոխվել: Հիմա ամեն ինչին շատ լուրջ ես նայում, մի քայլ անելուց առաջ շատ երկար ես սկսում մտածել:
Միայն ծնողներիս եմ կարոտում, ընկերներիս, հարազատ մարդկանց:
Կցանկանամ, որ բոլորն էլ գան ու ծառայեն, չմտածեն, որ ծառայությունը վատ բան է: Միայն ուզում եմ, որ Աստված բոլորի հետ լինի, որ բոլորն էլ լավ ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ:
Արթուր Քալաշյան
– Ծնվել եմ Գյումրիում, 5 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստան: Միջնակարգ դպրոցն եմ ավարտել: Զբաղվել եմ ըմբշամարտով, սպորտի վարպետ եմ:
Իմ ցանկությամբ եմ այստեղ: Եղբայրս նույնպես ծառայել է, միայն թե` Ղարաբաղում: Արդեն մեկ տարի յոթ ամիս է՝ այստեղ եմ:
Օրերն այստեղ լավ են անցնում: Զորմամասում մարզասրահ են բացել, որտեղ կարող ենք մարզվել:
Վեց ամսվա ծառայող եմ եղել, երբ առաջին անգամ դիրքեր ենք բարձրացել: Այնտեղ է, որ դու զգում ես, որ պետք ես հայրենիքիդ: Իսկ քեզ ուժ է տալիս այն միտքը, որ տանը քեզ սպասող կա, որ դու այստեղ ես, իսկ նրանք կարող են հանգիստ ու խաղաղ ապրել:
Մինչև բանակ գալը կարծես երեխա լինեինք, հիմա տղամարդ ենք դարձել:
Ամենադժվարը` սպասելն է, երբ մտածում ես ծնողներիդ մասին, բոլոր նրանց մասին, ովքեր քեզ սպասում են դրսում: Իսկ վերջին ամիսներին սպասումն ավելի ծանր է դառնում:
Հայը որտեղ էլ որ ապրի` պետք է ծառայի Հայկական Բանակում:
Իսկ երբ վերադառնամ, ուզում եմ սովորել, որ մարզիչ դառնամ:
Սմբատ Բոզինյան
– Մայրս ռուս է, հայրս` հայ: Ես ծնվել եմ Ռուսաստանում, բայց փոքր տարիքից տեղափոխվել ենք Հունաստան. համարյա 18 տարի այնտեղ եմ ապրել: Դպրոցը ավարտելուց հետո, ծնողներիս ասացի, որ ուզում եմ գնալ ու ծառայել Հայաստանում: Պապիկս ծառայել է Հայոց բանակում, հորեղբայրս Ղարաբաղում է ծառայել, կռվին է մասնակցել:
Մինչև Հայաստան գալը հայերեն ընդհանրապես չգիտեի և սկզբում մի փոքր դժվար էր: Բայց արդեն մեկ տարի է ծառայում եմ ու արդեն սկսել եմ խոսել: Դեռ փոքր տարիքից էի ցանկանում հայերեն սովորել, բայց դժվար է, երբ ուրիշ երկրում ես ապրում: Հիմա արդեն հպարտ եմ, որ հայերեն խոսել եմ սովորել: Հիմա էլ փորձում եմ լավ ծառայել, չէ՞ որ հայ եմ, սա նաև իմ երկիրն է:
Փոքր տարիքում մեկ-երկու անգամ Հայաստանում եղել եմ, բայց համարյա ոչինչ չեմ հիշում: Հունաստանում ուրիշ կյանք է, Հայաստանում` ուրիշ: Այստեղ դժվարություններ շատ կան, մարդիկ այս ու այն կերպ փորձում են ապրելու միջոցներ գտնել: Բայց անկախ ամեն ինչից, սիրում եմ այս կյանքը: Լրիվ այլ աշխարհ է, շատ պարզ ու հետաքրքիր:
Եվ վստահ կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում լրիվ ուրիշ մարդ եմ դարձել: Հունաստանում ունեցել եմ այն ամենը, ինչը ցանկացել եմ: Իսկ այստեղ հասկացա, որ ամենապարզ, ամենափոքր ու ամենասովորական բանը քեզ կարող է ուրախացնել: Մի ծիծաղը կամ երեխայի ճիչը, որը դրսում լուցկիներով է խաղում: Դու տեսնում ես, որ նա այդ փոքր բանից շատ է ուրախանում: Բայց Հունաստանում ուրիշ է: Ժամանակակից հեռախոս, համակարգիչ, դրանք են քեզ երջանիկ դարձնում: Իսկ այստեղ կյանքը շատ պարզ է, ազատ:
Ուզում եմ այստեղ մնալ, բայց այդ ամենը ապագայում պարզ կլինի:
Դիրքերում 7-8 հոգի ենք, մի ընտանիք կարծես լինենք: Մեկս մյուսին օգնում է, որ սխալ չանենք, որովհետև փոքրիկ սխալն անգամ կյանք կարող է արժենալ:
Մայրիկիս եմ ամենաշատը կարոտում: Հայրիկիս հետ, երբ զանգում եմ, փորձում եմ հայերեն խոսել: Ասում եմ, որ ամեն ինչ նորմալ է, ծառայությունը լավ է անցնում:
Բանակը քո մեջ շատ բան է փոխում: Մեծանում ես, ուրիշ մարդ ես դառնում: Մտածում ես ապագայիդ մասին, որ ընտանիք, աշխատաք, երեխաներ ունենաս:
Կցանկանայի հայի հետ ամուսնանալ, բայց չգիտեմ, թե ինչպես կլինի:
Կարապետ Մարտիրոսյան
– Ծնվել եմ Գյումրի քաղաքում, 3 տարեկանից ապրում եմ Ռուսաստանում: Եկել եմ Հայաստանում ծառայելու, ինչպես ասում են` հայրենիքի հանդեպ պարտքը տալու: Բացի այդ՝ հայրիկս, հորեղբայրս, քեռիս, պապիկս նույնպես ծառայել են:
12 օր է, որ ծառայում եմ: Նախկինում բանակի մասին ոչինչ չգիտեինք: Մեզ ասում էին, որ դժվար է: Ճիշտ է, սկզբում այդպես էր, հայտնվել էր մի միջավայրում, որտեղ ոչ մեկին չէիր ճանաչում: Բայց երբ համակերպվում ես` օրերը արագ են անցնում:
Երբ առաջին անգամ զինվորական համազգեստ հագա, հպարտություն զգացի:
Արդեն զինվորական երդման տեքստն ենք սովորել, հոդվածները: Հայերեն չգիտեմ ու երդման տեքստի բառերը ռուսերեն տառերով եմ գրել: Կցանկանայի սովորել, բայց կարծում եմ` դժվար կլինի:
Շուտով մեր երդման արարողությունն է լինելու: Սովորել եմ շարքային քայլք, սկզբում դժվար էր, ոտքերս ցավում էր, բայց հիմա էլ չի ցավում:
Ծառայությունից հետո պետք է վերադառնամ Ռուսաստան, որ սովորեմ: Ուզում եմ տնտեսագետ դառնալ: Ծնողներս, եղբայրս այնտեղ են, կարոտում եմ նրանց ու դժվար կլինի նրանցից առանձին ապրելը:
Սխալ է, երբ ասում են` բանակում դժվար է: Դժվարությունները տղամարդու համար են: Բացի այդ, դու հայրենիքիդ համար մի բան պետք է, չէ՞անես: Եվ միայն Հայաստանում կարելի է հայրենիքի համար որևէ բան անել:
– Վաչե Շերենց
Ծնվել եմ Դիլիջանում: 2 տարեկան եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է Ռուսաստան: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ինստիտուտ: Իսկ հիմա եկել եմ ծառայելու: Ինձ համար Հայոց բանակում ծառայելը մեծ նշանակություն ունի: Իմ նախնիները Վանից են, որը այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում: Սխալ կլիներ, որ ես ծառայեի ուրիշի հողում և իմ հողը չպաշտպանեի: Արդեն 18 ամիս է ծառայում եմ:
Բանակում սովորում ես մենակությանը, դառնում տղամարդ: Սկզբում է դժվար, հետո ընտելանում ես: Եղբայրս էլ է ծառայել և ինձ շատ բան է պատմել, ուղղություն է տվել:
Երբ դիրքերում ես լինում, մի փոքր վախենում ես, բայց քեզ «դուխ» ես տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու:
Սա իմ երկիրն է, լինեմ` Դիլիջանում, Արարատում, սահմանի վրա, թե զորամասում:
Երկու կրծքանշան ունեմ: Աջ կողմինը մարտական հերթապահությունը լավ կատարելու համար է տրվել: Ձախինը` որպես մարզիկ եմ խրախուսվել, Վանաձորում՝ հավաքների ժամանակ, որտեղ մեր կորպուսի հետախույզներ էին հավաքվել: Ես 5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել:
Ծառայությունն ավարտելուց հետո պետք է ուսումս շարունակեմ: Առայժմ Հայաստանում եմ սովորելու: Ու չեմ կարող ասել` կմնամ, թե կգնամ. ամեն ինչ ապագայից է կախված:
Ծառայության ընթացքում գրեթե ամեն օր մի նոր բան ես սովորում: Ես, օրինակ, հայերեն վարժ խոսել եմ սովորել, Հայոց պատմություն, արդեն զենքից եմ հասկանում: Վերջերս էլ զորամասի մարզադահլիճում սկսել ենք սամբո պարապել:
Բոլոր զինվորներին մեկ բան եմ մաղթում` բարի ծառայություն և բարի վերադարձ հայրական օջախներ…
Հ.Գ. Երիտասարդ տղաներ, որոնք ամեն օր հայրենիքն ավելի մոտ են զգում ու չեն վախենում խոստովանել, որ վախ են զգում մարտական հերթապահության ժամանակ, երբ սահման են պահում:
Վախ, որը ոչ թե թուլության արտահայտում է, այլ նշանակում է, որ գիտակցում են, թե ինչ կարող են կորցնել, գիտակցում են իրենց «պահածի» արժեքը: 18-20-ամյա տղաները դա գիտակցում են ամեն օր…
Շնորհակալություն քե´զ, հա´յ զինվոր…
Լուսինե Աբրահամյան