Ողջ ազգն է սրբում Ձեր արցունքը Մայրե´ր ու ծնկի գալիս Ձեր առաջ
Այսօր Ապրիլի 7-ն է. Մայրության և գեղեցկության տոնը: Թերևս առաջին անգամ շնորհավորանքները, մաղթանքները, ասված ու չասված խոսքերը սառել են մեր շուրթերին, որովհետև անզոր են արտահայտելու այն ամենակարևորը, որը խեղդում է յուրաքանչյուրիս կոկորդը, ցավեցնում սիրտը, տակնուվրա անում հոգին ու ստիպում հպարտությունից խենթանալ:
Ի՞նչ ասել, ինչպե՞ս… երբ ամեն ինչ՝ օդը, մարդիկ, ծանոթ ու անծանոթ բակն ու փողոցը Ձեր բույրն են շնչում, Ձեզ երկրպագում: Ձեզ, որ ամենուր եք՝ այնտեղ, որտեղ պետք են հերոսներ, պետք է խիզախություն ու խենթություն, որտեղ պետք է ցավին հաղթող միասնություն:
Այսօր, այս ուրախ ու տխուր օրը մի պարզ բան միայն կարող ենք անել. երևույթ և աներևույթ՝ գրկել Ձեզ, համբուրել, ծնկի գալ Ձեր առաջ ու ասել մի պարզ բառ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…
Շնորհակալ ենք, որ Դուք կա´ք: Դուք, ում Աստված պարգևել է ՄԱՅՐ կոչվելու մեծագույն շնորհով: ՄԱՅՐ, որի զավակը վախճան չի ունենա, քանի դեռ Դուք կա´ք: Կա´ք յուրաքանչյուր հայի աչքերում, սրտում, արյան ու հոգու մեջ: Դուք եք մեր ուժը, մեր հույսն ու մեզ չլքող պահապանն անգամ Ձեր «բացակայության» ժամանակ:
Ի՞նչ կարող ենք անել այսօր՝ միայն սրբել Ձեր արցունքը, ծնկի գալ Ձեր առաջ ու լուռ աղոթել Ձեր իսկ շուրթերով…
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ…
ՀՀ սփյուռքի նախարարություն