Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը պատվոգրեր է հանձնել Հարութ Սասունյանին և Աղասի Վարդանյանին

Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, կառավարիչ Մայքլ Անտոնովիչի նախաձեռնությամբ, օգոստոսի 18­-ին պատվոգրեր է հանձնել CAHNA/Crimes Against HumanityNever Again/ կազմակերպության նախագահ Հարութ Սասունյանին և Լոս Անջելեսում ապրիլ­ մայիսին 55-­օրյա հացադուլի միջոցով մարդկանց ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին սևեռած Աղասի Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, իր խոսքում Մայքլ Անտոնովիչը բարձր է գնահատել CAHNA կազմակերպության և Աղասի Վարդանյանի արած գործը՝ աշխարհին Հայոց ցեղասպանության և երբևէ տեղի ունեցած այլ ցեղասպանությունների իրազեկման վերաբերյալ:

«Այդ ոճրի ժխտման հետևանքով այսօր էլ դեռևս շարունակվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները Միջին Արևելքում և Աֆրիկայում:Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցը ճիշտ պահն է ի ցույց դնելու աշխարհին այն փաստերը, որոնք շատերն անտեսում են», ­ ասել է Մայքլ Անտոնովիչը:

«Ապրիլի 24­-ով մեր պայքարը չի ավարտվել. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջատիրության ոգին պիտի շարունակվի նաև հաջորդ տարիներին: Մեր դատը չի ավարտվել, և մենք մեր պայքարը պիտի թեժացնենք՝ մեր իրավունքները և պատմական արդարությունը վերականգնելու համար», ­- ասել է Հարութ Սասունյանը:

Scroll Up