«Եթե ինքնավստահ ես քո ծրագրերում, պետք չէ բռնանալ ուրիշի կարծիքին». Վերա Սիսեռյան
«Հայերն այսօրի» զրուցակիցը լիբանանյան «Սեւան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հոգեբան, մանկագիր Վերա Սիսեռյանն է: Վերջինս ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում դասախոսություն է կարդացել Սփյուռքի երիտասարդ լրագրողների դասընթացներին մասնակցող սփյուռքահայ լրագրողների համար:
– Տիկի՛ն Սիսեռյան, ի՞նչ խնդիրներ կան լիբանանահայ համայնքում: Որո՞նք են պատճառները:
– Հիմնականը հայերենի իմացության մակարդակն է: Մայրենին մեզ մոտ գոհացուցիչ վիճակում չէ: Եվ սա ունի իր պատճառները: Առաջինը, ինչ խոսք, համայնքի նոսրացումն է՝ 1975 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի հետեւանքով: Երբեմնի 200 հազարանոց համայնքն այսօր մոտ 100 հազար է: Երկրորդ պատճառը՝ նոր երեւույթները, իրողություններն արագ ընդունելու հանգամանքն է, եւ որոշ բաներ վերադասավորելու, վերանայելու անհրաժեշտությունը՝ դպրոցական ծրագրեր, մասնագիտական կադրեր եւ այլն: Երրորդը հայագետ ուսուցիչներ պատրաստելու հարցն է: Ուսուցիչները շատ հաճախ չունեն մասնագիտական կրթություն, եւ սա լուրջ խնդիր է:
– Այս պայմաններում ի՛նչ խնդիրների է բախվում հայալեզու լրատվամիջոցում աշխատող լրագրողը:
– Լրատվամիջոցներում ունենք ո´չ միայն հայերենին լավ տիրապետող լրագրողների պակաս, այլ նաեւ՝ մասնագետ-հյուրերի խնդիր, քանի որ նրանց մոտ նույնպես լեզվի իմացության մակարդակը ցածր է: Օրինակ՝ եթե ցանկանում ենք սննդագետ հրավիրել, արդեն գիտենք, որ նա պիտի խոսի մի քիչ անգլերեն, մի քիչ արաբերեն, մի քիչ ֆրանսերեն ու մի քիչ հայերեն, ինչն ընդունելի չէ հեռարձակման համար: Մենք այդ հարցն ինչ-որ չափով լուծեցինք նորագույն տեխնիկական միջոցներից օգտվելով: Բայց ինչ արած, վարժվում ենք եղած պայմաններին ու շարունակում մեր գործունեությունը: Չսահմանափակվելով միայն Լիբանանով՝ մենք ձայնային կամուրջներ ստեղծեցինք ԱՄՆ-ի, Կանադայի, եվրոպական մի շարք երկրների եւ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի հետ:
– Արդյոք կա՞ անաչառ լրատվության բացը: Եթե այո՝ ի՞նչ անել այդ դեպքում:
– Դասական Սփյուռքը, ինչպես գիտեք, առաջնորդվում է կուսակցությունների կողմից, որոնք և հիմնում են բազմաթիվ կառույցներ, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցներ: Երբ անկախ է լրատվամիջոցը, առաջանում են ֆինանսական խնդիրներ:
Այս ամենը մենք գիտակցում էինք, երբ հիմնեցինք «Սեւան» անկախ ռադիոկայանը: Բացի ֆինանսական դժվարություններից, ունենում ենք նաեւ տեխնիկական խոտաններ: Լիբանանը օրինավոր հիմքերի վրա հիմնված երկիր չէ: Ճիշտ է՝ ժողովուրդը հյուրընկալ է, բարի, բայց հետեւողական չէ խնդիրների լուծման հարցում: Ամեն ինչ թողնում են ինքնակարգավորմանը: Խնդիրներ ենք ունենում նաև ձայնի որակի հետ կապված, համացանցի հասանելիության եւ այլն:
– Ի՞նչ նպատակով հիմնեցիք «Սեւան» ռադիոկայանը: Այսօր նո՞ւյն նպատակին է ծառայում:
– Նպատակը եղել եւ մնում է հայերենի պահպանումը, ազգային արժեքների փոխանցումն ու անկախ լրատվամիջոցի ինստիտուտի զարգացումը: Լրատվամիջոցները հիմնականում կուսակցականացված են: Մեր խնդիրն այլընտրանքային լրատվամիջոց ստեղծելն էր, որն իր բոլոր գործառույթների մեջ ամենաառաջնային տեղը կտար հայկականությանն ու ազգայինին:
Հիմնական նպատակ էր նաեւ այլազան տեղեկատվության ապահովումը, որովհետեւ մարդ պետք է ամեն բան լսի, եւ ինքը որոշի՝ որը ընտրի, որը՝ ոչ: Իհարկե, հարգում ենք նաեւ կուսակցական լրատվամիջոցներին, քանի որ մեծ աշխատանք են տանում, սակայն պիտի շատ լինեն անկախ լրատվության աղբյուրները: Ամեն ինչ միակողմանի լինել չի կարող, գաղափարների այլազանություն պիտի լինի:
– Ի՞նչ է փոխել Ձեր լրատվամիջոցը համայնքի կյանքում եւ մտածողության մեջ:
– Ութը տարին շատ կարճ ժամանակ է, բայց կարող եմ ասել, որ անկախ մտածողության եւ անկախ արտահայտվելու մեր հիմնական նպատակակետին որոշ չափով հասել ենք: Ունկնդիրները կարող են միացնել ռադիոկայանը եւ գտնել իրենց ուզածը: Մենք չենք դադարեցնում հեռարձակումը, եթե անգամ մեր դեմ են խոսում: Գերակա է ազատ խոսքի իրավունքը. եթե ինքնավստահ ես քո ծրագրերում, պետք չէ բռնանալ ուրիշի կարծիքին:
– Ինչպիսի՞ ծրագրային քաղաքականություն եք վարում: Նորություններ սպասվո՞ւմ են Ձերունկնդիրներին:
– Բոլոր տարիքային խմբերի համար հաղորդումներ ունենք: Ավագ սերնդի լրագրողներն հիմնականում իրենց հասակակիցների համար են հաղորդումներ պատրաստում, իսկ երտասարդների համար աշխատում են երիտասարդ լրագրողները, քանի որ 18-20 տարեկանի հետաքրքրությունները միանգամայն տարբերվում են ավելի հասուն սերնդին պատկանողների հետաքրքրություններից: Փորձում ենք պահել հավասարակշռությունը՝ բավարարելով ամենափոքրից մինչև ամենամեծի պահանջները: Իսկ նորություններ միշտ սպասվում են: Մենք գործում ենք սեպտեմբերից փետրվար, մի փոքր դադար ենք առնում, ապա նորից աշխատում ենք մինչեւ հուլիսի վերջը: Հիմա էլ՝ երեքշաբաթյա դադարից հետո՝ կվերադառնանք նոր ծրագրերով:
– Ո՞րն է Ձեր խորհուրդը Սփյուռքում աշխատող հայ լրագրողին:
– Հավատարիմ մնալ հայկականին, ազգային արժեքներին, գաղափարներին, տիրապետել մասնագիտական հմտությունների զինանոցին: Եվ ամենակարեւորը՝ պորտալարով միշտ կապված մնան հայրենիքին:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի