Երիտասարդ առաջնորդները պատմում են հայապահպանությանն ուղղված իրենց գործունեությունից

«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացները շարունակվում են Մայր բուհում: Խմբում ներգրավված մասնակիցները, չնայած որ բավականին երիտասարդ են, հասցրել են հաջողություններ գրանցել իրենց գործունեության մեջ:

Արամ Հունանյանը այս երիտասարդներից մեկն: Հայրենիք է եկել Ռուսաստանի Դաշնությունից չորս տարի դադարից հետո: Խոստովանում է` միշտ էլ ցանկացել  է Հայաստան գալ ոչ միայն այն նորից տեսնելու, այլ նաեւ իր հետ այստեղից գիտելիքներ ու փորձ տանելու համար: Ահա եւ Արամի ցանկությունը իրականություն է: Ներկայացնում է Մոսկվայի հայ երիտասարդական ասոցիացիան, որի նպատակը, ինչպես ինքն է նշում, հայերին միավորելն է, որպեսզի կարողանան աշխատել մեկ ուղղությամբ` հանուն բոլորի շահի:

«Մեր գործունեությունը բաժանվում է մի քանի մասերի` իրավաբանական  խորհուրդ, բարեգործական, սպորտային, կրթական ուղղություններ, որոնցից ամեն մեկn իրեն հասանելիք գործառույթն է իրականացնում: Օրինակ` կրթական մասում օգնում ենք հայազգի երեխաներին, պարապում քննությունները հաղթահարելու համար, քանի որ մենք էլ ենք ոչ վաղ անցյալում քննություններ հանձնել, կիսվում ենք մեր փորձով, գիտելիքներից բացի տալիս ենք նաեւ գրքեր, մասնագիտական գրականություն, եւ այս ամենը արվում է անվճար»,- նշում է Արամը:

Նա նաեւ ընդգծում է այն հանգամանքը, որ  մեր ազգակիցներից շատերը չգիտեն տեղի օրենքները, միայնակ դժվարանում են, իսկ իրավաբանական խորհրդատվությունները թանկ արժեն: Սա գիտակցելով էլ սկսել են փորձառու իրավաբանների օգնությամբ դարձյալ անվճար խորհրդատվություններ կազմակերպել Ռուսաստանի հայերի համար` զբաղվելով նրանց քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ: Հարկ եղած դեպքում նաեւ պաշտպանում են հայերի շահերը դատարանւմ:

«Բարեգործական մասում միջոցառումներ ենք կազմակերպում, գումար հավաքում ու տրամադրում անապահով երեխաներին»,-հավելում   է Արամը: Նա հպարտությամբ է նշում, որ հայրենիքից հեռու` օտար միջավայրում, պայքարում են իրենց հայ ինքնության համար, փորձում երեխաների գիտակցության մեջ արմատավորել հայկականն ու ազգայինը:

Արամին «Սփյուռք ամառային դպրոցի»  սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացները դասընթացները շատ են օգնում, քանի որ ստանում է բազմակողմանի գիտելիքներ իր հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար: «Երբ վերադառնանք, միշտ կապի մեջ կլինենք Հայաստանի հետ, գիտենք` այստեղ ում դիմել, նաեւ ծանոթացել ենք տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում ենք կատարել, ու նրանց հետ էլ կապը միշտ կլինի»,- ասում է երիտասարդ առաջնորդը: Արամն ու իր ընկերները այնքան են նվիրված իրենց գործին, որ չունենալով որեւէ հովանավոր, կատարում են իրենց առաքելությունը կամավորական հիմունքներով, ամեն նոր միտք ու գաղափար իրագործում սեփական միջոցներով: «Հովանավորները, ինչ խոսք, չէին խանգարի, բայց այսպես էլ մեր գործը վատ չենք կատարում»,- նկատում է Արամը:

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների մեկ այլ մասնակից՝ Թամարա Սիմոնյանը, եկել Վրասատանի Թբիլիսի քաղաքից եւ ներկայացնում է «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը: Համալսարանական լինելուց բացի նաեւ «Հայարտանը» բուժակների ակումբի համակարգողն է: Թամարան այն քիչ երիտասարդներից է, ով հայրենիքի հետ կապը միշտ է պահում, մասնակցել է «Արի տուն», «Իմ Հայաստան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրերին: Թբիլիսիում բեղուն գործունեություն են ծավալում, օգնում ու կազմակերպում հայկական համայնքի առօրյան:

«Կիրակնօրյա դպրոց ունենք, որտեղ երեխաները սովորում են հայոց լեզու, պատություն ու գրականություն: Կան երեխաներ, որ հայերեն չգիտեն, չեն հասկանում, փորձում ենք նրանց եւս սովորեցնել, մոտեցնել հայկական արմատներին»,- նշում է Թամարան: Սակայն այսքանով չեն բավարարվում: Կազմակերպում են տարբեր միջոցառումներ ու հավաքույթներ: Երիտասարդ առաջնորդը հատկապես հպարտությամբ է հիշում Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները:

«Արդեն տասը տարի է՝ ապրիլի 23-ին հավաքվում ենք հայկական եկեղեցում, այնուհետ դրոշներով շարժվում դեպի թուրքական դեսպանատուն: Իսկ հենց 24-ի օրը ցույց ենք կազմակերպում, որին մասնակցում են ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Ապացուցում ենք, որ չնայած փոքր ազգ ենք, Եղեռն ենք տեսել,  բայց հարուստ ու մեծ մշակույթ, պատմություն ունենք»,- ասում է Թամարա Սիմոնյանը:

Հաջողություններ մաղթենք երիտասարդ առաջնորդներին իրենց հետագա գործունեության մեջ եւ հուսանք, որ հայրենիքում ստացած գիտելիքները կօգնեն հայրենիքից դուրս  հաջողությունների հասնելուն:

Ամալյա Կարապետյան

Scroll Up