«Թշնամական կրակակետերը պիտի լռեցվեն». Դավիթ Ջամալյան
Սփյուռքահայ լրագրողները շարունակում են կարեւոր, օգտակար ու հետաքրքիր հանդիպումներ ունենալ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում: Այս անգամ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Ջամալյանի հետ էր: Նրա հետ հանդիպումը նաեւ խորհրդանշական բնույթ ուներ, քանի որ պարոն Ջամալյանը ներկայացրեց իր նոր հրատարակված գիրքը` վերնագրված «Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական նկարագիրը»: Ինչպես գրքի խմբագիր, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, այս գիրքը պիտի հետաքրքրի հասարակական լայն շրջանակներին, քանի որ նրանում ոչ միայն խոսվում է ադրբեջանական քարոզչության թեզերի, այլ նաեւ դրանց խոցելի կողմերի, թշնամական ագրեսիային դիմակայելու եւ հաջողությունների հասնելու ուղիերի մասին:
«Հայկական լսարանին ուղղված քարոզչական ներգործության նպատակն է հայաստանյան հանրության վրա հետեւողական հոգեբանական ճնշումներ բանեցնելու միջոցով հասունացնել մեզանում Արցախն Ադրբեջանին զիջելու գաղափարը` առանց պատերազմի, խաղաղ ճանապարհով»,- նշեց պարոն Ջամալյանը: Ռազմական փորձագետը նաեւ ընդգծեց, որ այս ամենին զուգահեռ պաշտոնական Բաքուն պարբերաբար ապակայունացնում է իրադրությունը պետական սահմանին` մեզանում ձեւավորելով «ամեն վայրկյան պատերազմի վերսկսման հավանականության» պատրանքը:
Մասնակիցներին հետաքրքրեց, թե հատկապես ինչ թեզերի վրա է հիմնվում ադրբեջանական հակահայ քարոզչությունը: «Առաջինն ադրբեջանական այն մտայնությունն է, թե Արցախը հայաստանյան հանրույթի խաղաղ ապագայի սպառնալիքն է. նոր պատերազմը կանխելու միակ հնարավորությունը Արցախն Ադրբեջանին զիջելն է: Երկրորդ հիվանդագին թեզը առաջ է բերում այն տեսակետը, որ Արցախը Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտն է, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը: Այս ամենի պարագայում մենք պիտի լավ գիտակցենք, որ ԼՂՀ պաշտպանությունը համայն Հայաստանի պաշտպանվածության գրավականն է»,- ասաց Պաշտպանության նախարարի խորհրդականը:
Ըստ նրա` թերագնահատել թշնամական քարոզչությունից բխող վտանգը չի կարելի, որովհետեւ այն կարող է որոշ չափով հասնել իր նպատակին: «Կենասամակարդակից դժգոհ մարդը միշտ հակված է որոնել մեղավորներ, որոնց վրա հնարավոր կլինի բարդել իր կենցաղային անապահովվածության հարցը: Թուրք-արդբեջանական քարոզչության նպատակն է ամեն ինչ անել, որ քաղաքական անցուդարձից հեռու, իր կենսամակարդակից դժգոհ բնակիչը այդ ամենը բարդի Արցախի կերպարի վրա»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը:
Սակայն այս ամենից զատ մասնագետը չի մոռանում նշել, որ ամեն դեպքում բարոյալքվելու փոխարեն մեզ մոտ սրվում է ադրբեջանցի թուրքի հանդեպ թշնամանքը, իսկ ինչպես գիտենք, արտաքին թշնամու կերպարը նպաստում է հասարակության համախմբվածությանը: «Պետք է նաեւ պատրաստ լինել անդրկովկասցի թուրքի հետ փոխշահավետ համագործակցության, հանդուրժել նրա ապրելու եւ պետություն կերտելու իրավունքը, սակայն ո´չ ի հաշիվ մեր անվտանգության, ո´չ մեր պատմական հայրենիքի տարածքի վրա, ո´չ մեր քաղաքակրթությունը ոչնչացնելու եւ մշակութային կողոպուտի գնով` բացառելով տարածքային զիջումները»,- նշեց ռազմական փորձագետը:
Նրա հորդոր-խորհուրդը մեկն է. «Չտրվել շանտաժի եւ ապացուցել թշնամուն, որ մենք մեր ձեռքբերումների տերն ենք լինելու: Ծավալվում է նյարդային պատերազմ, որտեղ հաղթելու է բարոյահոգեբանորեն առավել տոկունը: Մենք տոկուն չլինելու իրավունք չունենք: Շանտաժի լեզվով խոսող թշնամուն հարկավոր է զսպող ուժ հակադրել՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման տրամաբանությամբ: Թշնամու ագրեսիան անպատասխան թողնել չի կարելի, եւ ուրեմն` թշնամական կրակակետերը պիտի լռեցվեն»:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի