ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց «Նուվել դե Արմենի» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին
Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզում հրատարակվող «Նուվել դե Արմենի» պարբերականի գլխավոր խմբագիր, ֆրանսահայ կազմակերպությունների միության համանախագահ Արա Թորանյանին:
Զրույցի ընթացքում կարևորվեց մամուլի դերը՝ հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու, համազգային գերակա խնդիրները վեր հանելու, հայությանը համախմբելու և ազգային ինքնությունն ու միասնականությունը պահպանելու ճանապարհին:
Նախարարը հյուրին ծանոթացրեց սփյուռքի նախարարության գործառույթներին և ծրագրերին՝ տեղեկացնելով, որ ի թիվս հայրենաճանաչության և հայոց լեզվի ուսուցման տարբեր ծրագրերի, կազմակերպվում են նաև դասընթացներ լրագրողների համար, որի մասնակիցները Հայաստանի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը ծանոթանալուց զատ՝ հանդիպում են ՀՀ կառավարության անդամներին, մշակութային և հասարակական անվանի գործիչներին, շփվում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց նախարարը, նման դասընթացներն օգնում են ավելի խորքով ճանաչել երկիրը և ավելի անաչառ ներկայացնել խնդիրները:
Երկուստեք կարևորվեց այն իրողությունը, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և որ ամեն ինչ պետք է անել՝ պահպանելու և զարգացնելու երկրի ձեռքբերումները: