Շնորհակալությո՛ւն, հայրենակից, շնորհակալությո՛ւն, բժիշկ…
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Bjishk.jpg)
Բարեգործությունն աշխատանք չէ, այլ՝ մարդկային առաքինություն, առավել ևս՝ ոչ ցուցադրական բարեգործությունը: Եվ, փառք Աստծո, որ մեր օրերում քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր իրենց առաքելություններից մեկն այս աշխարհում բարեգործությունն են համարում: Նրանցից մեկը՝ Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգից միկրովիրաբույժ Արթուր Սալիբյանը, ով հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում, հունիսի 13-ին «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ունեցած մեր զրույցի ընթացքում զարմացրեց ու հիացրեց իր մարդ ու բժիշկ տեսակի համեստությամբ, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ ու վիրահատվող հայ կանանց անշահախնդիր օգնելու պատրաստակամությամբ:
-Բժի՛շկ Սալիբյան, Դուք Հայաստան եք եկել մասնավո՞ր այցով:
-Ես 4 տարի անընդմեջ Հայաստան եմ եկել՝ կրծքագեղձի քաղցկեղով վիրահատվող կանանց մոտ իրականացնելու վերականգնողական աշխատանքներ: Նպատակս է՝ օգնել վերականգնել կուրծքը՝ վիրահատության ժամանակ պահպանելով կրծքի մաշկն ու պտուկը՝ հետվիրահատական շրջանում իմպլանտ տեղադրելու համար:
-Սեփակա՞ն նախաձեռնությամբ եք սկսել Ձեր գործունեությունը:
-Այո՛, դա եղել է իմ որոշումը, իմ նախաձեռնությունը: Ես կատարում եմ երկու գործողություն՝ կուրծքը հանելու և նույն ժամանակ՝ կրծքի մաշկն ու պտուկը պահպանելու:
Տարին 2 անգամ՝ 3 շաբաթով մայիս և սեպտեմբեր ամիսներին եմ գալիս Հայաստան:Մի քանի կենտրոնների, հիվանդանոցների բժիշկների հետ եմ աշխատում: Առաջին անգամ, երբ 4 տարի առաջ 2 շաբաթով եկա Հայաստան, աշխատեցի թիվ 8 հիվանդանոցի բժիշկ Կարեն Դանիելյանի հետ: Մինչ այժմ գրեթե 20 վիրահատություն եմ արել տեղի բժիշկների հետ: Հույս ունեմ հաջորդ տարի Հայաստանում գիտաժողով կազմակերպել և ցուցադրել մեր արած աշխատանքները, ցույց տալ, թե ինչպիսի մեթոդներով ենք աշխատում:
-Բժիշկներն, ում հետ աշխատում եք, առաջնորդվո՞ւմ են Ձեր խորհուրդներով:
-Այո՛, նրանք պատրաստակամ են՝ լսելու խորհուրդներ, սովորելու և կիրառելու իրենց աշխատանքում: Սկսած ինձանից՝ բոլոր բժիշկները պետք է շարունակ սովորեն ու կատարելագործվեն և համընթաց քայլեն նորարարական տեխնոլոգիաներին: Աշխարհի մակարդակով բժշկությունն այսօր մեծ զարգացում է ապրում, գրանցվում են նոր նվաճումներ:
-Պարո՛ն Սալիբյան, կնշե՞ք այն բժիշկների անուններն, ովքեր աշխատել և և աշխատում են Ձեր կողքին և ավելի են հմտացել:
-Կարեն Դանիելյանը, ով սկզբում աշխատում էր 8-րդ հիվանդանոցում, Արմեն Քոչարյանը, Արթուր Ավետիսյանը, Անդրեյ Մինասյանը, Արթուր Սահակյանը, Ներսես Բերբերյանը:
-Արդյոք մեր ունեցած բժշկական սարքավորումներն իրենց որակային առումով բավարարո՞ւմ են վիրահատական և վերականգնողական աշխատանքների հետ կապված անհրաժեշտ բոլոր պահանջները:
-Կան, որ բավարար են, սակայն կան կլինիկաներ, որոնք գործիքների համալրման, վերանորոգման անհրաժեշտություն ունեն:
-Երևանում ամերիկահայ բարերար տիկին Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որն ի սկզբանե ընդունված էր անվանել Մամոգրաֆիայի կենտրոն (գործադիր տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյան). այն իր գործունեության հենց սկզբում մեծ նվիրումով ու ժամանակի հրամայականի պահանջով սկսել է կրծքագեղձի ստուգումները, նախաքաղցկեղային շրջանի ուսումնասիրություններն ու վիրահատական միջամտությունները. Դուք համագործակցո՞ւմ եք այդ առաջատար կենտրոնի հետ:
-Այո՛, համագործակցում եմ: 8-րդ հիվանդանոցից հետո սկսեցի աշխատել նրանց հետ: Կենտրոնը հագեցած է նորագույն բարձրակարգ տեխնիկայով, սարքավորումներով և համալրված է լավ մասնագետներով. այն կարևոր գործունեություն է իրականացնում:
-Կրծքագեղձի քաղցկեղը գնալով ավելի է տարածվում աշխարհի մակարդակով. բժի՛շկ Սալիբյան, ո՞րն է Ձեր կարծիքով այդ չարիքի բուն պատճառը:
-Պատճառները շատ են՝ օդի աղտոտվածությունը, ոչ օրգանական սնունդը, ոչ ճիշտ ապրելակերպը, աղտոտված ջուրը, սոցիալական անապահով վիճակը, բազմաքանակ սթրեսները….սակայն միակ և ստույգ պատճառը հայտնի չէ:
-Արդյոք ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ երեխաներին կրծքով կերակրող կանայք տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով:
-Ասո՛ւմ են…Ես այդ մասնագետը չեմ, սակայն հնարավոր է, որ դա էլ լավ ազդակ հանդիսանա՝ խուսափելու կրծքագեղձի քաղցկեղից:
-Դուք սովորեցնում եք, խորհուրդներ տալիս բժիշկներին, աշխատում եք նրանց հետ , նրանց կողքին. Ձեզ երբևէ չե՞ն առաջարկել այդ բնագավառում ունեցած Ձեր մեծ փորձն ու գիտելիքները հաղորդել նաև մեր Բժշկական համալսարանի ուսանողներին:
–Առիթ չեմ ունեցել, ինձ չեն ուղղորդել ու առաջարկել, չեն հրավիրել: Լավ կլիներ, որ մեկնումեկը դա կազմակերպեր, սիրով կհամաձայնեմ: Ես հանդիպել եմ նաև ՀՀ առողջապահության նախարարին, ով տեղյակ է իմ գործունեությունից:
-Պարո՛ն Սալիբյան, ի՞նչ կասեք Հայաստան ներմուծվող սիլիկոնե կրծքապարկերի՝ իմպլանտների մասին. ինչպիսի՞ն են դրանք որակային և գնային առումներով. թանկ չե՞ն:
-Կան բարձրորակ և ցածրորակ սիլիկոնե իմպլանտներ. ասեմ ,որ Հայաստանում դրանք ավելի էժան են, մատչելի է գինը՝ 400 դոլար, կան նաև անվճար տարբերակներ, իսկ Ամերիկայում շատ թանկ արժեն: Հայաստան գալիս՝ ես ինձ հետ բերում եմ անվճար հիմունքներով, սակայն այս այցիս, դժբախտաբար, չեմ բերել. սեպտեմբերին անպայման կբերեմ: Լավորակ է ԱՄՆ-ի 2 ընկերությունների արտադրանքը:
-Դուք անվճա՞ր եք կատարում բժշկական միջամտություններն ու վերականգնողական աշխատանքները:
-Այո՛, ես այդ ամենը բարեգործական հիմունքներով եմ անում: Ես իրենց հետ համաձայնության եմ եկել, որպեսզի վիրահատության համար ոչինչ չառնեն հիվանդներից:
-Հարգարժան դոկտո՛ր Սալիբյան, ասացեք, խնդրեմ, թե ինչը Ձեզ մղեց բարեգործության, կա՞ր որևէ շարժառիթ…
-Մի քանի պատճառներ կան. գլխավոր պատճառն այն է, որ Հայաստան գալով՝ես տեսա, որ աշխարհում ընդհանրական դարձած վերականգնողական միջամտությունն այստեղ չեն անում և որոշեցի նախաձեռնել ինքս, նաև կանանց տեղյակ պահել , որ կա այդպիսի վերականգնողական միջամտություն. կինը պե՛տք է իմանա, դա իր իրավունքն է:
-Այդ դժվար ու անհրաժեշտ մասնագիտությունը որտե՞ղ եք սովորել, գերդաստանում ունեցե՞լ եք բժիշկներ:
-Սովորել եմ Կալիֆորնիայի համալսարանում, իսկ գերդաստանում մեծ հայրս է բժիշկ եղել:
–Շնորհակալությո՛ւն, հայրենակից, շնորհակալությո՛ւն բժիշկ՝ Ձեր՝ հայի ազնվածին տեսակի համար:
Կարինե Ավագյան