Երգչուհի Թալին Փարթամյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում էր

Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մանկական երգերի հանրահայտ կատարող Թալին Փարթամյանին (ԱՄՆ), նրա ամուսնուն՝ Ալեքս Բեսոսին և Հայաստանում երգչուհու ներկայացուցիչ Անդրե Սիմոնյանին: Երգչուհին Հայաստան է եկել համերգների և մանկական ժամանցային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատանքի ջերմ խոսքեր ասաց Թալին Փարթամյանի կատարողական արվեստի մասին՝ շեշտելով, որ երգը ազգային և համամարդկային զգացումներ հաղորդելու ամենամատչելի միջոցն է և հայապահպանության կարևոր գործոն: Իսկ մանկական երգն է՛լ ավելի կարևոր է, քանի որ այն մեծ դեր ունի երեխայի ճիշտ դաստիարակության հարցում և աշխարհայացք է ձևավորում: Այս իմաստով նախարարը կարևորեց երգչուհու հատկապես այն ծրագրերը, որոնք նպաստում են երեխաների մոտ հայրենասիրական զգացումների դաստիարակմանը, հայոց լեզվի իմացության ամրապնդմանը, բարություն և մարդասիրություն սերմանելուն:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ջերմ ընդունելության համար և պատմեցին իրենց հայաստանյան տպավորությունների մասին՝ շեշտելով, որ տարեց-տարի Երևանն ավելի բարետես ու հարմարավետ է դառնում: Նրանք մեծապես կարևորեցին Հայաստանի հետ կապի ամրապնդումը՝ մասնավորապես երիտասարդ սերնդի համար, և գոհունակություն հայտնեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերի վերաբերյալ, որոնց նպատակը հայպահպանությունն ու հայրենաճանաչությունն է:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց հզոր և ամուր Հայրենիք ունենալու իրողությունը, որի համար իր հնարավորը պետք է անի յուրաքանչյուր հայ՝ որտեղ էլ որ նա ապրելիս լինի:

Հանդիպման ավարտին, հայապահպանության և հայ արվեստի տարածման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Թալին Փարթամյանին  պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

01 02 03 04

Scroll Up