ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողովին

Հարգելի՛ գրողներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ Ձեզ օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողովի կապակցությամբ և համաժողովին մաղթում արգասաբեր աշխատանք:

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության այս համատեղ ծրագիրը կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, օտարագիր հայ գրականության ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդ­մանը: Հուսով եմ՝ համաժողովը Հայրենիքում ազդակ կդառնա նոր գաղափարների և ստեղծագործական ներշնչանքի համար ու կնպաստի Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի գրողների համագործակցությանը:

«Համաշխարհայնացում և ազգային ինքնություն». համաժողովի այս խորագիրն ամբողջությամբ արտահայտում է հայ ժողովրդի առջև ծառացած ներկա կարևորագույն մարտահրավերը` համաշխարհայնացման արդի պայմաններում ազգային ինքնությունը պահպանելու հրամայականը: Հայ ինքնության խնդիրների քննարկումը խիստ կարևոր և արդիական է այսօր, քանզի մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով տարբեր լեզուների, մշակույթների ու քաղաքակրթությունների  ազդեցությունը, որի հետևանքով հայ ինքնությունը նաև որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Օտար մշակութային ու քաղաքակրթական միջավայրերում ապրող մեր ժողովրդի զգալի հատվածը ամեն օր պայքարում է իր ազգային «ես»-ը չկորցնելու համար:

Կցանկանայի նշել, որ Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանն է ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի զգալի մասը: Այսօր կարող ենք փաստել, որ մեծ ընդգրկում ու արձագանք են ստացել Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության և կրթական ծրագրերը, որոնց մասնակցել են արդեն հազարավոր երիտասարդներ: Կարևոր է նաև սփյուռքահայ երիտասարդների համար մայրենիի իմացությանն ուղղված ձեռնարկների կազմակերպումը:

Հայ ինքնության պահպանման ու զարգացման գործում անշուշտ մեծ է հայ գրողների դերը: Հայ գրողը բոլոր ժամանակներում եղել է հասարակական կյանքի վրա ակտիվ ներգործություն ունեցող, հայրենանվեր անհատ, հայ մշակույթի, հայի տեսակի պահպանման համար պայքարող առաջամարտիկ: Նյութապաշտության այս դարա­շրջանում դուք ստեղծում եք գրական արժեքներ՝ օտարագիր գրականություն, որը հայալեզու գրականության ոգին և շունչն է իր մեջ կրում: Մեր գրականության ակունքը նույնն է, անկախ լեզվից: Երկուսն էլ սնվում են նույն գրական երակից` հայ ժողովրդից, նրա պատմությունից, ազգային ավանդույթներից, անցյալի հիշողություններից: Երկուսն էլ ներկայացնում են հայ ժողովրդի գրական ներուժը: Դուք՝ օտարագիր հայ գրողներդ, աշխարհին ճանաչելի եք դարձնում հայ մարդու տեսակը, նրա հոգեբանությունը, արժեհամակարգը, ազգային հիմնախնդիրները, նրա ցավը, պայքարը և իհարկե հաղթանակները:

Դուք ունեք ձեր ընթերցողները, ձեր լսարանը, և տարբեր լեզուներով, ուղղակի կամ անուղղակի կարող եք բարձրաձայնել մեր ազգային խնդիրների մասին` փորձելով նպաստել դրանց լուծմանը: Ձեզանից շատերը իրենց ստեղծագործություններով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների վրա են հրավիրում միջազգային հանրության գրական և, ինչու չէ, ընթերցող հանրության շրջանակների ուշադրությունը:

Խնդրում և հորդորում եմ, միասնական լինենք համազգային հիմնահարցերի բարձրաձայնման առումով: Վստահ եմ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ձեզանից շատերը կստեղծեն մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը ներկայացնող գրական գործեր:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ համաժողովին ձեր մասնակցության համար և մաղթում արգասաբեր ու հետաքրքիր քննարկումներ:

Scroll Up