Ավարտվեց Օտարագիր հայ գրողների «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով 5-րդ համաժողովը

Հուլիսի 14-ին Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տանն իր աշխատանքներն ավարտեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ կազմակերպած Օտարագիր հայ գրողների «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով  5-րդ համաժողովը, որին մասնակցում էին գրողներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Համաժողովի ամփոփիչ նիստից առաջ մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության 4-ամյան գործունեությանը նվիրված ֆիլմը:

Ամփոփիչ նիստը վարում էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ համաժողովն անցավ արդյունավետ քննարկումների մթնոլորտում: Շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին՝ փոխնախարարը կարևորեց օտարագիր գրողների դերը. «Եթե օտարագիր գրականությունը համեմատենք հայագիր գրականության հետ, ապա այն ավելի մեծ քաղաքական արժեք ունի: Հայալեզու գրականություն կարդում են հիմնականում հայերը, իսկ ձեր միջոցով օտարները ճանաչում են մեր ժողովրդին, նրա պատմությունը, ծանոթանում մեր ժողովրդի խնդիրներին: Դուք այդ ամենն անում եք մեծ նվիրումով, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ»:

Համաժողովի աշխատանքներն ամփոփեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

«Համաժողովը կայացավ և լուծեց իր առջև դրված խնդիրները: Այս օրերի ընթացքում մենք ունեցանք ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ամենակարևորը անձնական, գրական հանդիպումներն էին, ինչը հնարավորություն ունեցանք իրականացնելու Հայաստանի և Սփյուռքի գրողների միջև:

Ըստ մեր տեսիլքների և պատկերացումների՝ կարողացանք քննարկումների միջոցով վեր հանել մեր մտահոգությունները, և իբրև հետագա արդյունք, լավագույն զեկույցները կփորձենք Սփյուռքի նախարարության հետ ամփոփել մեկ ժողովածուի մեջ:

Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն էր, որ շփումը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու օտարագիր հեղինակների լավագույն գործերին, որոնք պետպատվերի, հովանավորների օգնությամբ կփորձենք թարգմանել և տպագրել:

Գրողների միությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ համատեղ անցկացնում է «21-րդ դարի հայը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մենք այսուհետ կփորձենք ներառել օտարագիր գրողներին նվիրված անվանակարգ»:

Լևոն Անանյանը խոսեց նաև ապագա ծրագրերի և հաջորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին և օտարագիր գրողներին մաղթեց ստեղծագործական նոր ձեռքբերումներ:

Ամփոփիչ նիստից հետո համաժողովի մասնակիցներն այցելեցին Էջմիածին, որտեղ օտարագիր գրողներին ընդունեց Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Հովնան եպիսկոպոսն իր խոսքում կարևորեց լեզվի դերն ինքնության պահպանման գործում և օտարագիր գրողներին կոչ արեց գրելու այնպիսի ստեղծագործություններ, որոնցով մենք կհպարտանանք, ինչպես այսօր հպարտանում ենք, օրինակ՝ Նարեկացիով ու «Մատյան ողբերգության» պոեմով:

Հանդիպման վերջում Հովնան եպիսկոպոսը պատասխանեց ներկաների հարցերին:

1

Այնուհետև օտարագիր գրողները մեկնեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

3

Օտարագիր գրողները եղան նաև Սևանա լճում և Նորատուսում:

Վաղը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում է համաժողովի մասնակիցների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Scroll Up