Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի հերթապահ Կարո Յուզբաշյանին, կոմիտեի անդամ, Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի Դիվանապետ Գրիգոր Տունկյանին և կենտրոնական կոմիտեի անդամ, բժիշկ Ներսես Սարգիսյանին:

Քննարկվեց Սիրիայում տիրող իրավիճակը, երեք տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներն ու դինամիկան և այդ համատեքստում՝ Սիրիայի հայ համայնքի կորուստները, համայնքի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, միջոցառումները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այն նվիրյալ հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների, մասնավորապես հանդիպմանը ներկա հյուրերի ջանքերը, նրանց կատարած հերոսական աշխատանքը, որի շնորհիվ ծանր, ողբերգական իրավիճակում հայտնված հայ համայնքը մնում է ինքնակազմակերպված, համախմբված և շարունակում է պատերազմական լարված իրավիճակում գոյատևել, պահպանել համայնքային ենթակառուցվածքները: Նախարարը կարևորեց կրթօջախների կենսագործունեությանն ուղղված կրթական գործի կազմակերպիչների, ուսուցիչների մեծ ու անձնուրաց գործունեությունը:

Սփյուռքի նախարարը  ներկայացրեց պետության կողմից Հայաստանում հաստատված սիրիահայերի սոցիալական, առողջապահական, կրթական և այլ խնդիրներ լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախարարությունը մեծ հոգատարությամբ և հետևողականորեն փորձում է օգնել յուրաքանչյուր սիրիահայի, ով դիմում է նախարարությանը:

01

Scroll Up