«Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ նիստը

Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովն իր աշխատանքները շարունակեց «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, որի նախասրահում կազմակերպվել էր սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

 Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ նիստը գումարվեց «Արամյանց սրահում: Քննարկվեցին Սիրիայի հայ համայնքի ներկա մարտահրավերները և հիմնախնդիրների լուծման ուղիները:

 «Սիրիական տագնապը և սիրիաբնակ սիրիահայությունը, իրապատկեր և սպասումներ» թեմայով ելույթ ունեցավ Բերիո հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նա ներկայացրեց ընդհանուր իրավիճակը Հալեպում, Հոմսում, Լաթաքիայում և Սիրիայի մյուս քաղաքներում: Զեկուցողը շնորհակալություն հայտնեց սիրիահայերին աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին և նյութականից զատ կարևորեց նաև բարոյական զորակցությունն ու աջակցությունը: Նա մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է սիրիական իրադարձությունների վերաբերյալ հայ քաղաքական մտքի լուրջ վերլուծություն: «Վերականգնումը միայն նյութական չէ, համայնքի գոյությունը նույնչափ կարևոր է»,- ասաց նա:

 Ողջունելով ներկաներին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ գտնվում եմ հայրենիքում՝ Հայաստանում և հանդիպում եմ սիրիահայերին այստեղ: Եկեք հոտնկայս հարգենք մեր նահատակների հիշատակը մեկ րոպե լռությամբ»:

 Բարձրաշնորհ տերը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ սիրիահայերին զորակցության ու պետական աջակցության համար և մաղթեց, որ հայրենիքը հզոր լինի և հզոր մնա:

 Սիրիայի Շտապ օգնության և վերականգնումի մարմնի կատարած աշխատանքների մասին զեկուցեց Մարիա Գաբրիելյանը:

 Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարություն Սելիմյանը հանդես եկավ «Ընդհանուր իրավիճակն ու սիրիահայության դիմագրաված մարտահրավերները» թեմայով զեկուցումով: Նա մասնավորապես նշեց. «Առաջին դժվարությունը, որ պետք է դիմագրավենք, անվտանգությունն է: Ողջունում եմ, որ հայաստանի Հանրապետությունը իր ունեցած հնարավորությունները ի սպաս է դնում սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը բոլոր ոլորտներում: Բայց մեր բոլորի երազանքը Սիրիա վերադառնալն է: Պետք է պահպանենք հայը և հայությունը Սիրիայում»:

 Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունը Դամասկոսում և հյուպատոսությունը Հալեպում անում են հնարավորը և նույնիսկ անհնարինը՝ մեր հայրենակիցներին օգնելու ուղղությամբ:

 Հոգեշնորհ Տեր Անդրանիկ ծ. վարդապետ Այվազյանը ներկայացրեց իրավիճակը Կամիշլիում:

 ՀԲԸՄ Կեդրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը զեկուցեց «Սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնության աշխատանքների համակարգման և ՀԲԸՄ-ի տրամադրած օժանդակությունների մասին»:

 Իսկ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Արաքս Փաշայանը հանդես եկավ «Սիրիայի հայ համայնքի հեռանկարի շուրջ» զեկուցումով:

  Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն:

 Սեպտեմբերի 20-ին Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ նիստը կշարունակի իր աշխատանքները:

Scroll Up