Իրանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Ալիք» հաստատություն

Հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի պաշտոնական այցի շրջանակում Իրան ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց «Ալիք» հաստատություն, Հրայր Մարուխյանի անվան սրահում հանդիպեց «Ալիք»-ի աշխատակազմի եւ հաստատության ներկայացուցիչների հետ:

Հաստատության անունից նախարարին ողջույնի խոսք ուղղեց Թովմաս Թովմասեանը` անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից ազգային արժեքների պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանն իր ելույթում կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստան-Սփյուռք կառուցողական համագործակցության զարգացումը` դրա վառ ապացույցը համարելով Հայաստան-Սփյուռք հերթական 5-րդ Համահայկական խորհրդաժողովի բարձր մակարդակով անցկացումը: Նա բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարի անխոնջ ջանքերը` ուղղված Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել զարգացմանը եւ աշխուժացմանը:

Ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ինձ համար հաճելի է լինել մի թերթի խմբագրատանը, որը պատիվ է բերում մեր ազգին»:

Նախարարը կարևորեց իրանահայության դերը՝ Իրան-Հայաստան սերտ հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդման գործում:

Նա խոսեց նաև Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի նպատակների մասին եւ անդրադարձավ այն 7 հարցադրումներին, որոնք արծարծվեցին վերջին խորհրդաժողովի ընթացքում, այդ թվում Հայաստանի զարգացում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Սփյուռքի կազմակերպում, Ցեղասպանության հիմնախնդիր, եւ ցանկություն հայտնեց, որ հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հարցերի շուրջ քննարկումներ ձեռնարկեն:

Նախարարը նաեւ կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Սասուն քաղաքամաս, ծանոթացավ «Ա. Ավետիսեան» ազգային բուժարանի,  Հ. Մ. «Սիփան» միության ու Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի աշխատակազմին և գործունեությանը:

Scroll Up