Մեկնարկում է Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը

Հոկտեմբերի 10-ին՝ ժ.10:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկում է, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը (հասցեն՝ Խորենացու փ. 15):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար, Հայ կանանց միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղերձով դիմելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իր օրհնանքի խոսքն է հղելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը:

Ելույթ կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀԿՄՄ փոխնախագահ Քարոլին Աթինիզյանը, ՀԿՄՄ կոնֆերանսի պլանավորման կոմիտեի ներկայացուցիչ Սիլվա Խաչիկյանը:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն «Կանանց դերը Հայոց Ցեղասպանության տարիներին և հետո», «Հայ կանանց դերը գլոբալացված աշխարհում», «Դիմագրավելով Հայաստանում կանանց առողջապահության մարտահրավերներին», «Հայաստանում գործող ՀԿ-ները», «Կանայք գրականության մեջ» խորագրերով թեմատիկ նիստերով:

ժ.12:00-13:15-ը     համաժողովի շրջանակներում կմեկնարկի սիրիահայերի ցուցահանդես-վաճառքը, որը հոկտեմբերի 11-ին կշարունակվի Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյանի անվան սրահում:

Ժ.14:30-ին համաժողովի մասնակիցները կայցելեն  Ծիծեռնակաբերդի Հայոց  Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ կդնեն անմեղ զոհերի հուշակոթողին, որից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Կանանց և Հայոց Ցեղասպանության մասին նոր տեսակետներ» թեմայով զեկուցում կկարդա թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հոկտեմբերի 11-ին, ժ.09:30-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում կշարունակվեն համաժողովի աշխատանքները:

 ժ.10:15-ին Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ուսանողների հանգստի սենյակի բացումը:

Համաժողովականները կմասնակցեն Էրեբունի-Երևանին նվիրված և այլ մշակութային միջոցառումների:

Հոկտեմբերի 12-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և կհանդիպեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Scroll Up