Մահացել է Ցեղասպանությունը վերապրած ամենատարեց հայուհին

Ծննդյան 107-ամյակի նախաշեմին մահացել է Ֆրանսիայի ամենատարեց հայուհին՝ Օվսաննա Գալուստյանը: Ինչպես գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը, 1907 թվականին Ադաբազարում ծնված վարսավիրի և սրճարանի սեփականատիրոջ դուստրը կենդանի մնացած այն վերջին հայերից էր, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:

Գիյոմ Պերեյի հոդվածում, որը 2014 թվականի հունվարին տպագրվել է ֆրանսիական «Le Monde» պարբերականում, մեջբերվում են Օվսաննա Գալուստյանի թոռնիկի՝ Ֆեդերիկի խոսքերն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին. «Կիրակի էր, Օվսաննայի մայրը վերադարձել էր եկեղեցուց: Քահանան հայտարարել էր, որ պետք է երեք օրում լքել քաղաքը՝ թաղամաս առ թաղամաս»: Բոլորին է հայտնի, թե ինչ եղավ հետո. հազարավոր հայեր քշվեցին Սիրիայի անապատներ:

1928 թվականի դեկտեմբերին հասնելով Մարսել՝ Օվսաննա Գալուստյանն ամուսնանում է Զավեն անունով հայի հետ, ում հետ ապրում է իր ողջ կյանքը: Հայուհին թողել է բանաստեղծությունների ժողովածու, որը սկսել է գրել 65 տարեկան հասակում: Իր հարցազրույցներից մեկում տարեց հայուհին ասել է. «Աստված ինձ թույլ է տվել ապրել այսքան երկար, որպեսզի ես հնարավորություն ունենամ պատմելու այս պատմությունը»: Իսկ նրա թոռը՝ Ֆեդերիկը, հավելել է. «Ժխտել Ցեղասպանությունը, նշանակում է՝ ժխտել իմ մեծ մոր խոսքերը»:

Scroll Up