«Արի տուն-2014». Վերադարձ ինքնությանը. «Հայաստանում ուր որ գնում եմ` Արարատ լեռն եմ փնտրում…». Զելալ Էրդեմջին

«Տակավին շվարումի մեջ եմ. ո՞վ եմ ես…»: Ինքն իրեն հարց է տալիս Դիարբեքիրում ապրող, ծագումով հայ Զելալ Էրդեմջին ու փորձում ինքն իր հարցին պատասխանել.

Ես Զելալ Էրդեմջին եմ, 21 տարեկան: Ապրում եմ Դիարբեքիրում: Փաստաբանություն եմ ուսանում Դիարբեքիրի «Տիգրիս» համալսարանում. երկու տարի հետո ավարտելու եմ ուսումս:

Ես Դիարբեքիրում ապրող այն բախտավոր երեխաներից էի, ում ծնողները դեռ մանուկ հասակում ասել էին, որ մենք հայ ենք: Ու թեև ծնողներս իրենց ծագումը, ով լինելը գաղտնի էին պահում իրենց տարեկիցներից, ես իմ ընկերներին ասում էի, որ հայ եմ:

Ի՞նչ գիտեմ իմ նախնիների մասին. և´ մայրիկիս, և´ հայրիկիս ընտանիքները Տիգրանակերտի Քուլպ գյուղից են: Իմ մեծ մայրը, մեծ հայրը 1915 թվականին ստիպված են եղել իսլամ ընդունել: Ծնողներս նույնպես իսլամական դաստիարակություն են ստացել:

Շատ քիչ բան գիտեմ 1915 թվականից առաջ իմ ընտանիքի պատմության, կյանքի մասին: Միայն  գիտեմ, որ իմ մեծ հայրը եկեղեցում է կրթվել: Ամենայն հավանականությամբ նա կրոնավոր է եղել: Տեղյակ եմ նաև, որ իմ մոր պապիկը` դեդեն, շատ հայրենասեր մարդ է եղել: Ֆիդայի է եղել և շատ է ճամփորդել դեպի Ռուսաստան: Հավանաբար դրանք հայապահպանության, զինվորության հետ առնչվող ճամփորդություններ են եղել: Բայց իմ տատիկը մայրիկիս, ինձ բնավ հայություն չի տվել, միշտ վախով թաքցրել է իր ինքնությունը և ոչինչ չի պատմել իր ընտանիքի մասին:

Ո՞վ եմ ես. տակավին շվարումի մեջ եմ: Երկու ազգ ունեմ` քուրդ և հայ, երկու կրոն` իսլամ և քրիստոնյա: Ես ինձ այդպիսին եմ զգում, թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Ես որպես մուսուլման եմ մեծացել, իսկ այդ ամենը մեկ օրում չի կարող փոխվել: Չես կարող մի օր արթնանալ ու որոշել, որ դու այլևս պետք է քրիստոնյա դառնաս:

Նմանություններ. երբ Հայաստան եկա, համոզվեցի, որ շատ բաներ, որ մենք Դիրաբեքիրում անում ենք և որպես քրդական սովորույթներ գիտեինք, այստեղ նույնպես այդ ամենը կիրառում են: Ազգագրության թանգարանում տեսա Կաղանդի ժամանակ պատրաստվող Տարեհացը, որի մեջ դրամ են դնում, ղավուրման, հայկական այլ կերակրատեսակներ, որոնք մենք նույնպես պատրաստում ենք: Եվ սրանք միակ նմանությունները չեն:

Ինչո՞ւ ցանկացա Հայաստան այցելել. առաջին անգամ եմ Հայաստանում: Միշտ հետաքրքրված եմ եղել Հայաստանով, ցանկանում էի այցելել, տեսնել: Գիտեի, որ Արևմտյան Հայաստանում 1915 թվականից առաջ շատ հայեր են ապրել, ու հիմա միայն Արևելյան Հայաստանում են հայեր ապրում: Շատ էի ուզում այցելել և այդ ամենն իմ աչքերով տեսնել: Մեծ անակնկալ եղավ, երբ այս ճամփորդությունը կազմակերպվեց: Հիմա ուրախ եմ, որ Հայաստանում եմ ու մասնակցում եմ «Արի տուն» ծրագրին, որին ինձ նման այլ դիարբեքիրցիներ էլ են մասնակցում:

Տպավորություններիս մասին. երբ եկանք Հայաստան, գիշեր էր. շատ բան չկարողացա տեսնել: Առավոտյան երբ լուսացավ, ու մենք սկսեցինք շրջել Երևանով, հետո տարբեր վայրեր այցելեցինք, հասկացա, որ սահմանի այս կողմն էլ, այն կողմն էլ իրար շատ են նման, ու սահմանն էլ կարծես «կեղծ» է, ոչ իրական:

Հայաստանում մի շատ կարևոր բան հասկացա. թեև հայերեն չեմ խոսում, քրիստոնյա չեմ, բայց ինձ օտար չզգացի: Մշակութային ոչ մի տարբերություն, ամեն բան ինձ շատ հարազատ էր. սա ինձ և´ ուրախացրեց, և´ հուզեց:

Ամենաշատը Արարատ լեռը հավանեցի: Թուրք գրող Էճե Թէմէլքուրան «Արարատի խորությունը» վերնագրով գիրք ունի: Նա Հրանտ Դինքով ներշնչված` եկել էր Հայաստան ու այդ գիրքը գրել: Այն կարդալուց հետո իմացա, թե Հայաստանում որքան կարևորություն են տալիս Արարատին, թե ինչ է լեռը նշանակում Արարատից այս կողմ ապրող մարդկանց համար: Այդ գրքում նաև Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները կային: Հիմա չեմ կարող թեկուզ մեկ տող արտասանել, միայն հիշում եմ, որ հայրենիքի, Արարատի մասին էին:

Ո՞րն էր այդ ամենի պատճառը, ինչո՞ւ էր լեռն այդքան կարևոր սահմանից այս կողմ ապրող մարդկանց համար` չէի հասկանում: Հասկացա, երբ Հայաստան եկա: Հասկացա, որ Հայաստանում Արարատը ամենակարևոր բաներից մեկն է: Ես էլ հիմա Հայաստանում ուր որ գնում եմ` Արարատ լեռն եմ փնտրում:

Ինչ կփոխվի իմ կյանքում, երբ վերադառնամ. տակավին չգիտեմ, բայց վստահ եմ, որ շատ բան է փոխվելու: Իմ հոգում խառնվել է ամեն ինչ: Հայաստանը, իմ տպավորությունները, ապրումներն այնքան երազային են, որ ժամանակ է պետք այդ ամենը հասկանալու, վերլուծելու, վերապրելու և արժևորելու համար…

ԼՈւՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Scroll Up