«Արի տուն-2014» . «Հայկական հողի բարիքներն ավելի համեղ են…». Քնարիկ և Լուիզա Գրիգորյաններ
Օրերս մեկնարկեց «Արի տուն-2014» ծրագրի 5-րդ փուլը: Այս փուլի հերթական շրջագայության ժամանակ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Իսպանիայի Մադրիդ քաղաքից հայրենիք ժամանած քույրիկներ Քնարիկ և Լուիզա Գրիգորյանների հետ:
Աղջիկները ապրել են Հայաստանում, սակայն երբ Լուիզան 7, իսկ Քնարիկը 9 տարեկան էին, ընտանիքով մեկնել են Իսպանիա: Արդեն չորրորդ անգամ են Հայստան գալիս, բայց առաջին անգամն է, որ մասնակցում են «Արի տուն» ծրագրին, որի մասին շատ անգամներ են լսել և միայն այս տարի որոշել մասնակցել:
Քույրիկները պատմեցին, որ շատ են սիրում Հայաստանը: Նրանց դուր են եկել հատկապես հայկական ուտելիքները: Քնարիկը շատ է սիրում լոլիկ ուտել. «Հայկական հողի բարիքներն ավելի համեղ են» ,- ասում է նա:
Լուիզան և Քնարիկը վստահեցնում են, որ իրենց հայկական արմատները պահպանելու համար Իսպանիայում միշտ հայերեն են խոսում, հայկական երաժշտություն լսում, հայերեն գրքեր կարդում, հայալեզու ֆիլմեր դիտում, և հետևում են հայակական բոլոր ավանդույթներին: Նրանք հաճախել են նաև հայկական կիրակնօրյա դպրոց :
Քույրերը պատմեցին, որ արդեն երկու օր է՝ Հայաստանում են, և այս օրերի ընթացքում այնքան շատ բան են տեսել ու սովորել, նոր ընկերների հետ ծանոթացել, հաճելի պահեր ապրել, որ դժվար կլինի այս ամենը թողնել ու գնալ Իսպանիա: Աղջիկները ասացին, որ կարոտելու են այս մեծ ընտանիքը:
Զրույցի վերջում էլ քույրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ նման հնարավորություն ընձեռելու համար, իսկ օտարության մեջ ապրող իրենց հայրենակիցներին հրավիրեցին մասնակցելու «Արի տուն» ծրագրին:
Տաթև Դավթյան