«Ինձ համար «Արի տուն» ծրագրին մասնակցելը կյանքիս լավագույն հեքիաթներից մեկն իրականանության մեջ տեսնելն է». Մարիա Մկրտչյան

«Արի տուն-2016» ծրագրի մասնակիցների համար հիշարժան են Հայաստանում անցկացրած բոլոր օրերն ու ժամերը. այդ օրերից են նաև մայրաքաղաքի Եղ. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում հայոց լեզվից ուսանած հետաքրքիր ու բովանդակալից դասերը, որոնց մասին ոգևորությամբ էին խոսում 4-րդ փուլի մասնակիցները: Այդ և այլ թեմաների շուրջ նրանցից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

Մարիա Մկրտչյան, Սանկտ Պետերբուրգ, 16 տարեկան
-Ինձ համար Հայաստան գալը կյանքիս լավագույն հեքիաթը իրականության մեջ տեսնելն է: Շատ լավ տպավորություններ ունեմ այս ծրագրից: Եղել ենք Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում. ինձ ամենից շատ դուր եկավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը: Շատ խորհրդավոր են Գառնու տաճարն ու Գեղարդի վանական համալիրը: Եղ. Չարենցի անվան դպրոցում մասնակցեցինք հայոց լեզվի դասընթացների. ես գիտեմ հայերենով գրել, կարդալ ու խոսել, սակայն դասընթացի ընթացքում իմ գիտելիքների պաշարն ավելացավ, քերականական կանոններ սովորեցի, որպեսզի գրավոր խոսքս անթերի լինի: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ես այստեղ ստացա այն ջերմությունն ու հոգատարությունը, որով միայն հարազատ մարդը կարող է քեզ շրջապատել: Հրաշալի օդ, համեղ ջուր, բարի մարդիկ, նոր ընկերներ, գեղեցիկ քաղաք, պատմամշակութային հուշարձաններ, հյուրընկալ, ջերմ ընտանիք, շատ համեղ սնունդ….էլ ի՞նչ է հարկավոր մարդուն լավ զգալու համար: Շա՛տ շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը, ծրագրի բոլոր կազմակերպիչներին, ուսուցիչներին, մեզ ուղեկցող ոստիկանության աշխատակիցներին, մեզ փոխադրող ավտոբուսի վարորդին, ուղեկցողին: Կարծում եմ ՝ առջևում մեզ սպասող ճամբարային առօրյան ևս կանցնի նույն հետաքրքրությամբ: Նախորդ տարիներին ծրագրին մասնակցած մեր ընկերներն այնքան տպավորիչ ու վառ գույներով են ներկայացրել ճամբարային առօրյան, որ չեմ համբերում, թե երբ պետք է տեղ հասնենք: «Արի տուն»-ը, իսկապես, հայրենաճանաչության և մեր հասակակիցների հետ շփումների հրաշալի հարթակ է:

Անահիտ Մարտիրոսյան, Սանկտ Պետերբուրգ, 15 տարեկան
-Ես 3 անգամ եղել եմ Հայաստանում: Այստեղ տատիկ ու պապիկի ունեմ, ովքեր ապրում են Աշտարակում: Աշտարակը շատ գեղեցիկ ու կանաչ քաղաք է՝ հարուստ այգիներով, քաղցրահամ մրգերով: Ճիշտ է, ես Հայաստանում լինում եմ, սակայն այսպիսի ծրագրի, որում աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդներ, պատանիներ են ընդգրկված, առաջին անգամ եմ մասնակցում: Շատ եմ կարևորում մեր շփումները, կարծիքների փոխանակումը: Ինձ համար շատ տպավորիչ էր այցելությունը զորամաս, որտեղ կյանքումս առաջին անգամ շփվեցի իրական զինվորների հետ. նրանք շատ զուսպ, համեստ, հայրենասեր տղաներ են, ու ես հավատում եմ, որ մեր զինվորները կարող են պաշտպանել մեզ ու մեր Հայրենիքի սահմանները: Պատմամշակութային հուշարձաններից ինձ ամենից շատ դուր են եկել Գառնին ու Գեղարդը: Սովորեցինք հայերեն, Եղ. Չարենցի անվան դպրոցում տեղադրված նպատակների ու ցանկությունների ծառի ճյուղերից կախեցինք մեր ցանկություններն ու Հայաստան գալու, հետագայի նպատակների մասին գրված թղթիկներ, որոնք, հուսանք՝ իրականություն կդառնան: Շնորհակալ եմ ամեն ինչի՝ օրվա ընթացքում համեղ սննդով, հանգստի լավագույն ժամերով, բովանդակալից ու հետաքրքիր միջոցառումներով մեր այցելությունն առավել հիշարժան դարձնելու համար: Սիրում եմ քե՛զ, Հայաստա՛ն:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up