«Արի տուն»՝ տո՛ւն, ուր միշտ սպասում են նրանց՝ սփյուռքահայ երեխաներին
Ամեն տարի «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրը զարգացում է ապրում, առավել հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառումներով գերազանցում ամեն մի անցած փուլ՝ ճամբարային առօրյայում նորամուծությունների ավելացմամբ: Բացի հայերենագիտությունից, երգից ու պարից, ասմունքից, սպորտային միջոցառումներից, ասեղնագործությունից՝ երեխաներն այդ օրերի ընթացքում սկսել են սովորել նաև գծանկարչություն ու քանդակագործություն:
Դասերի ընթացքում նրանց շարքերում բացահայտվել են այդ արվեստների հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող, նաև՝ ի վերուստ շնորհալի երեխաներ: Ծաղկաձորյան օրերը լավագույնս նպաստել են նաև նրանց ինքնազարգացմանը. ամենազոր բնությունն իր յուրահատուկ դրոշմն է թողել սփյուռքահայ երեխաների հուզական աշխարհի վրա՝ որոշ պատանիների ու աղջիկների մոտ բացահայտելով թաքնված ստեղծագործական ձիրքը: Այդ մասին են վկայում «Արի տուն-2016»-ի բոլոր փուլերի ճամբարային առօրյաների հրաժեշտի օրն ազդարարող բովանդակալից միջոցառումները, որոնցում լավագույն դրսևորվում են շնորհալիները: 7-րդ փուլի հրաժեշտի միջոցառումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, մշակույթի վաստակավոր գործիչ, երգիչ Մուրադ Մալխասյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» ծրագրի մշակութային հարցերով պատասխանատու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը, նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, լրագրողներ, վերածվեց մի մեծ տոնախմբության: Շրջակա զմրուխտե թավ անտառներում մինչ ուշ երեկո արձագանքում էին հայրենասիրական երգերն ու հայկական պարեղանակները, սփյուռքահայ երեխաների՝ սրտի թրթիռով արտաբերած սրբասուրբ մայրենիով կարկաչող խոսքերը, հայ դասական գրողների երդման ու պատգամի խորհուրդ ունեցող մարգարիտները:
ՀՀ սփյուռքի նախարարի հայրենաշունչ խոսքերից ու մաղթանքներից ոգևորված սփյուռքահայ երեխաները ծածանում էին Հայոց եռագույնն ու վանկարկում՝ Հա՛-յա՛ս-տա՛ն: Իսկ Հայաստանն ու հայը՝ մեծանուն գրողի բառերով, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի խրոխտ ասմունքով հնչում էին՝ որպես Հայոց երթի աննահանջ երդում: Դրան հաջորդող Մուրադ Մալխասյանի կատարմամբ հայրենասիրական երգերը եզրափակիչ ակորդն էին 7-րդ փուլի ավարտի, որի խորհրդանիշը շուրջպարով ու երգերով ավանդական խարույկն էր:
Այսպիսին է «Արի տուն» ծրագրի յուրքանչյուր փուլի ճամբարային առօրյայի հայելին, արտացոլքն այն ջանքերի, սիրո ու նվիրումի, որոնցով ծրագրի բոլոր կազմակերպիչներն ու «Արի տուն» ճամբարի տնօրինությունը, ուսուցիչներն օրեր շարունակ շրջապատում են Հայրենիքում գտնվող սփյուռքահայ երեխաներին, որպեսզի նրանք իրապես վայելեն հարազատ տան ջերմությունը, տուն, ուր միշտ սպասում են նրանց:
Կարինե Ավագյան
Աղբյուրը՝ Հայերն այսօր