Ներսես Ներսեսյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ամմանի ազգային մարզական միության ատենապետ Ներսես Ներսեսյանին, ով վերջերս դարձել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեծ հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր:
ՀՀ Նախագահի թույլտվությամբ ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է սփյուռքահայ անվանի գործիչներին ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնելու իրավունքը:
Ներսես Ներսեսյանը հանդիսավորությամբ ընթերցեց երդման տեքստը, և նախարար Հրանուշ Հակոբյանը նրան հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիրը: Նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի ավանդը Հորդանանի հայ համայնքի պահպանման, կայացման և զարգացման գործում և շնորհավորեց ՀՀ քաղաքացի դառնալու կապակցությամբ: Ներսես Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը մշտական համագործակցության և մեծ հանդիսավորությամբ ՀՀ քաղաքացու անձնագիրը հանձնելու համար:
Նշենք, որ Ներսես Ներսեսյանը մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով:
Ներսես Ներսեսյանը ծնվել է Երուսաղեմում, սովորել և ավարտել է Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց երկրորդական վարժարանը, եղել է Երուսաղեմի Հայ Երիտասարդաց Միության վարչության անդամ: Ներսես Ներսեսյանն այժմ Ամմանի ՌԱԿ «Վահան Թեքեյան» ակումբի ատենապետն է, Ամմանի Ազգային տեղական խորհրդի անդամ է, Խորհրդի և Ազգային հոգևոր առաջնորդարանի ընդհանուր քարտուղար, Ազգային մարզական միության ատենապետն է: Նա եղել է նաև Հորդանանի ընկերությունների միացյալ մարզական հանձնախմբերի վարչության անդամ:
Ներսես Ներսեսյանը ներկայումս Հորդանանի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միացյալ հանձնախմբի ատենապետն է և մայիսի 26-ին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք հանդիպմանը: