«Թումոյի» ներկայացուցիչները հյուրընկալվել էին «Հայորդյաց տանը»

Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այս տարի իրականացնում է 12-18 տարեկան պատանիների ամառային ճամբար, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսանելու համար ընտրել կենտրոնի ներկայացված չորս հիմնական ուղղություներից երկուսը և 1-4 շաբաթվա կտրվածքով մասնակցել Հայաստանում անցկացվելիք ամառային դասընթացներին։

Մոսկվաբնակ պատանիներին իրազեկելու նպատակով՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Մոսկվայի «Հայորդյաց տանը» հյուրընկալվել էին «Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը և հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանը։

Հանդիպման ժամանակ Թումոյի  ներկայացուցիչները կրթօջախի 12-18 տարեկան սաներին և նրանց ծնողներին ներկայացրեցին կենտրոնի գործունեության և ամառային ճամբարի մանրամասները։

Հանդիպման ավարտին «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը նշեց, որ ամառային ճամբարը պատանիներին հնարավորություն կտա գործնականում պատկերացում կազմել այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են՝ անիմացիան, կայքէջերի մշակումը, թվային մեդիան և տեսախաղերի ստեղծումը։

Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն մեծացնել պատանիների գիտելիքները, այլ միաժամանակ լինել հայրենիքում և շփվել հասակակից հայրենակիցների հետ։

Արմինե Կարեյան, Մոսկվա

Scroll Up