«Արի տուն -2014». Հանդիպում Ուկրաինայում ապրող հայերի և Հայաստանում ապրող ուկրաինացիների միջև

ՀՀ սփյուռքի նախարարության՝  Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության  «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել Ուկրաինայի Խարկով քաղաքի  ՀՀ  հյուպատոսությանը կից պետական դպրոցի սաները ՝ դպրոցի տնօրեն Մետաքսյա Ավագյանի  ղեկավարությամբ:

Օրերս նրանք  հանդիպեցին Հայաստանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչների հետ,   որը  սկիզբ դրեց մի յուրօրինակ համագործակցության Ուկրաինայում ապրող հայերի և Հայաստանում ապրող ուկրաինացիների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում  կազմակերպել համատեղ միջոցառումներ դպրոցում գործող Հ. Ալթունյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնի սաների և Հայաստանում Ուկրաինայի համայնքում գործող պարային խմբերի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանում Ուկրաինայի համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը և Հայաստանում Ուկրաինական երիտասարդական «Յունիստ» ՀԿ նախագահ Մերի Տիրացույանը, ողջունելով արիտունցիներին,  ներկայացրին իրենց կառույցների գործունեությունը:

Ուկրաինայի Խարկով քաղաքի  ՀՀ  հյուպատոսությանը կից պետական դպրոցի տնօրենն էլ իր խոսքում  ընդգծեց Սփյուռքի նախարարության հետ  համագործակցության կարևորությունը,  և  նշեց,  որ  դպրոցի սաները ամեն տարի մասնակցում են նախարարության ծրագրերին.«Այս տարի «Իմ Հայաստան» ծրագրին մասնակցել է 18 ,  իսկ  «Արի տուն» ծրագրին՝  14 սան, որոնցից երկուսն ազգությամբ ուկրաինացիներ են: Մասնակիցներից մեկն էլ՝  Բրուտյան Էրիկը,  Հայաստանում է նաև Հայոց բանակ զորակոչվելու նպատակով»,- տեղեկացրեց Մետաքսյա Ավագյանը: Իսկ Հայաստանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը նա գնահատեց որպես  համագործակցության սկիզբ,  նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն:

Հանդիպման ավարտին արիտունցիները կիսվեցին հայաստանյան տպավորություններով: Նրանցից ազգությամբ ուկրաինուհի Տանյան, ում հայազգի երեխաները կնքել են  Ռուզաննա անունով, ասաց, որ հիացած  է հայկական պարերով, և որ Հայաստանից իր հետ կտանի շատ ջերմ ու պայծառ հիշողություններ:

unnamed (1) unnamed (2) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)

Scroll Up