Արցախի երիտասարդների մասնակցությունը «Երկխոսություն – 2013» միջազգային երիտասարդական ճամբարին
Արցախում գործող «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները ս.թ. հուլիսի 3-7-ը մասնակցել են Ռուսաստանի Կալուգայի մարզի «Էթնոմիր» կրթամշակութային, զբոսաշրջանային կենտրոնում կազմակերպված «Երկխոսություն – 2013» միջազգային երիտասարդական հոբելյանական 5-րդ ճամբարին: Հավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 150 երիտասարդ Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ անդամ 15 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Լեհաստանից, Սերբիայից, Ուկրաինայից և այլ պետություններից: Հնգօրյա ճամբարը, որն առաջնորդվում էր «Մենք հավասար ենք առանց ատելության, մենք միասնական ենք» կարգախոսով, կազմակերպվել է Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի, Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի և այլ կառույցների համատեղ ջանքերով: Ճամբարը նպատակ ուներ խթանել միջմշակութային երկխոսությունը տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև՝ անկախ նրանց էթնիկական, կրոնական, լեզվական, մշակութային տարբերություններից:
Արցախի պատվիրակությունը նմանատիպ միջազգային ճամբարի մասնակցում էր առաջին անգամ, և կազմակերպիչների կողմից նրան հնարավորություն տրվեց ներկայանալ որպես Լեռնային Ղարաբաղի երիտասարդական կազմակերպություն, ինչն աննախադեպ էր՝ ելնելով միջոցառման կարևորությունից և մասնակիցների աշխարհագրական ընդգրկումից: Հայաստանի Հանրապետությունից ճամբարին մասնակցել է 3 հոգի, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը։ Միջոցառմանը մասնակցել են հայեր նաև Կալուգայից, Սարատովից և Մոսկվայից, որոնք ներկայացնում էին տեղի հայկական համայնքները:
Ճամբարի ընթացքում մասնակիցները բաժանվել են 9 խմբի։ Նրանց համար Ռուսաստանի և Եվրոպայի խորհրդի մասնագետներն անց են կացրել սեմինար պարապմունքներ և վարպետաց դասեր՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդով: Ապա հաջորդել է միջմշակութային երեկո, որոնց ընթացքում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հանդես են եկել ազգային երգ ու պարերով: Ճամբարի ավարտին կազմակերպվել է ազգային կերակուրների և ուտեստների համտեսման միջոցառում: Տարբեր վայրերից ժամանած հայ երիտասարդները պատրաստել էին հայկական ավանդական ճաշատեսակ՝ տոլմա, որը բարձր գնահատանքի արժանացավ մասնակիցների կողմից: Ուշագրավ է, որ արդեն 10 րոպե անց հայկական սեղանի վրա ոչինչ չէր մնացել:
Ճամբարի ընթացքում կազմակերպվել է նաև մասնակից կազմակերպությունների գործունեությանը նվիրված ցուցահանդես, ինչը հնարավորություն տվեց գտնել համանման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ։ Դրա շնորհիվ §Հայկի Սերունդ¦ ԵՀԿ անդամները ձեռք բերեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ՝ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
«Երկխոսություն-2013» միջազգային երիտասարդական ճամբարը հիրավի խոստումնալից էր արցախցի մասնակիցների համար: Այն ճանապարհ բացեց մասնակցելու նմանատիպ այլ միջոցառումների, փորձի փոխանակման շնորհիվ տեղեկանալ հասարակական գործունեության նոր հնարավորությունների մասին, ձեռք բերել ուշագրավ կապեր:
Միևնույն ժամանակ, «Երկխոսություն – 2013»-ը շատերի համար չավարտվեց Կալուգայի մարզում։ Այն ներկայումս շարունակվում է ֆեյսբուքում: Երկխոսությունը, թեկուզ վիրտուալ, սակայն ընթացքի մեջ է:
«Հայկի սերունդ» ԵՀԿ վարչություն
Ստեփանակերտ