Ղազախստանի հայկական համայնքը՝ Արտյուշա Կարապետյանի խայտառակությունների թիրախ
Սփյուռքյան համայնքների մասին միշտ ձգտում ենք արտահայտվել զգուշավորությամբ՝ շատ լավ հասկանալով, որ ամեն մի անզգույշ խոսք կամ քննադատություն կարող է անջրպետ առաջացնել Հայաստանի ու Սփյուռքի միջև, կարող է Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցներին խռովեցնել: Սփյուռքը չիմացող, Սփյուռքի շերտավորումներն ու բևեռվածությունը չգիտեցողները հաճախ նեղսրտում են, որ կան, այսպես կոչված, վերապահումային մոտեցումներ, սակայն առանց դրանց անհնար է, որովհետև ցանկացած համայնք նաև Հայաստանն է ներկայացնում, մեր ժողովրդին է ներկայացնում, ուստի քննադատությունն էլ կարող է օգտագործվել մեր ոչ բարեկամների կողմից:
Սակայն միշտ չէ, որ պետք է լռել, ափիբերան դարձնել խոսակցությունները մեր որոշ համայնքներում տեղի ունեցող տհաճ ու անպատվաբեր իրողությունների մասին: Չենք կարող նաև լռություն պահպանել Ղազախստանի հայկական համայնքում ձևավորված իրավիճակի հարցում, քանզի մարդկանց համբերությունն անցել է բոլոր սահմանները, Ղազախստանում հեղինակազրկվում է հայ համայնքը, մոտ երկու ամիս տարբեր լրատվամիջոցներ անդրադառնում են այստեղ ձևավորված կացությանը: Ցանկացած հայ իր հայրենիքի ու ժողովրդի մի մասնիկն է, նրա արտացոլանքն է: Ուստի, այսօր շատերն են, իբրև մեր արտացոլանք, դիտարկում նաև Արտյուշա Կարապետյանին՝ Ղազախստանի հայ համայնքի ղեկավարին, որն այդ պարտականությունները ստանձնել է ոչ թե համայնքի, այլ սեփական նախաձեռնությամբ՝ աջակից ունենալով մի շարք ուժերի, հատկապես «Հայրենիք» կազմակերպությանը, որը չի ներկայացնում Ղազախստանի հայ համայնքի հավաքականությունը: Նրա ընտրությունը, որը որակվել է «միաձայն», տեղի է ունեցել բռնաճնշումների ներգործությամբ, միայն յուրայիններով, ինչն էլ նշանակում է, որ սույն պարոնը հատկապես Ալմաթիի հայերի շրջանում շատ վաղուց հեղինակություն չի վայելում: Լինելով տեղացի՝ նա իրեն բարձր է դասում բոլորից՝ արհամարհելով համայնքի ներկայացուցիչներին, մասնավորաբար նրանց, ովքեր Ղազախստանում հայտնվել են 1990-ական թվականներից հետո:
Ղազախստանի հայ համայնքում կատարվող խայտառակ ու ազգադավ իրադարձություններին պարբերական մամուլը և էլեկտրոնային լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել: Մենք լռությունն էինք որդեգրել՝ կարծելով, որ սույն պարոնն ուշքի կգա, որ ոտնձգություններ չի կատարի համայնքի ունեցվածքի և մասնավորաբար եկեղեցու հանդեպ: Իհարկե, հնչել էին զգուշացումներ Ղազախստանում ՀՀ դեսպանատնից, ՀՀ Սփյուռքի նախարարությունից: Բայց… Նման զգուշացումները, ինչպես պարզվում է, Արտյուշա Կարապետյանի համար չեն, որովհետև նա հասցրել է վաստակել ատելություն, ինչի արդյունքում էլ վերջերս հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին՝ նրան անվստահություն հայտնելու և համայնքի ղեկավարի նոր ընտրություն կազմակերպելու համար: Սակայն հրաժարականի պահանջն այդպես էլ չի հնչել, որովհետև Արտյուշա Կարապետյանն իր հետ բերել է երեք թիկնապահի, որոնք սկսել են սպառնալիքներ տեղալ հավաքվածների հասցեին, ահաբեկել նրանց: Չբավարարվելով այսքանով՝ Արտյուշա Կարապետյանը հայտարարել է, թե շուտով փակելու է Սբ Կարապետ եկեղեցին…
Այսքանին հաջորդել է արդեն մեծագույն անբարո քայլը, որով Արտյուշա Կարապետյանը ոչ միայն արգելել է Ցեղասպանության 99-րդ տարելիցի նշումը, այլև բռնացել մարդկանց ազատ կամարտահայտմանը: Ալմաթիի հայերը կամեցել են խոնարհումի միջոցառումն անցկացնել Սբ Կարապետ եկեղեցու բակում, սակայն Արտյուշա Կարապետյանն արգելել է, եկեղեցու բակ բերել անվտանգության մարմինների աշխատակիցների, որոնք էլ հավաքվածներին վռնդել են եկեղեցու տարածքից… Ի դեպ, նշենք, որ ապրիլքսանչորսյան հիշատակի արարղությունը ձախողելու սպառնալիքը Արտյուշա Կարապետյանը վաղուց էր հնչեցրել: Ու հիմա կատարել էր խոստումը…
Հասկանալի է, որ Արտյուշա Կարապետյանի կողմից Ցեղասպանության 99-րդ տարելիցին ուղղված արգելանքի քայլերը կարող են դուր գալ միայն թուրք-ազերիական որոշ շրջանակների, բայց մի՞թե իրեն հայ համարող մարդը, ինչ-ինչ անհասկանալի դրդապատճառներով, կարող է պղծել միլիոնավոր զոհերի հիշատակը, կարող է հրապարակավ ժխտել Ցեղասպանությունը: Սա օտարը չի արել, այլ «մեր միջի թուրքը», որը հայկական անուն-ազգանուն է կրում…
Հիշեցնենք, որ դեռ 2004 թվականին Ալմաթիում Հայկական տուն կառուցելու համար համայնքը գումար է հավաքել: Այս գումարին իր ներդրումն է կատարել նաև Արտյուշա Կարապետյանը՝ մոտ 11 հազար ԱՄՆ դոլար: Բայց, ինչպես պարզվում է, սա ոչ թե ներդրում էր, այլ Արտյուշա Կարապետյանը պարտք էր ձևակերպել համայնքին: Ժամանակ անց այս մարդը համայնքից պահանջում է հետ վերադարձնել իր պարտքը: Իսկ համայնքն այդ գումարով Հայկական տուն էր կառուցել: Կարապետյանը պահանջում է ոչ միայն 11 հազար ԱՄՆ դոլարը, այլև դրա տոկոսները… Չստանալու դեպքում սպառնում է համայնքից խլել Հայկական տունն ու օգտագործել իր կարիքների համար: Ստիպված իրավիճակը փրկում է տեղի հայերից Ռ. Մնացականյանը՝ վճարելով 10 հազար դոլար…
Գիտենք, որ այս ամենը կարդալուց հետո ամեն ոք պիտի ծանր տպավորություն ստանա, շատերը պիտի զարմանան, որ կան նման մարդիկ, հարյուր հազարավոր դոլարներով բարեգործություններ անող հայ բարերարները պիտի ապշահար լինեն՝ տեղեկանալով, որ ընդամենը 11 հազար դոլարի համար հայ մարդը պատրաստ է խլել Հայկական տունը… Զարմանանք թե չզարմանանք՝ սա իրականությունն է:
Իսկ ո՞րն է ելքը, ինչպե՞ս Ղազախստանի հայ համայնքն ազատվի Արտյուշա Կարապետյանից և լուծի իր առջև դրված խնդիրները: Իհարկե, ղազախական իշխանությունների ներկայացուցիչները, առաջնորդվելով երկրում գործող օրենսդրությամբ, խորհուրդ են տվել հարաբերությունները լուծել դատական կարգով, սակայն դատարանից զատ՝ կան այլ ուղիներ: Դրանցից առաջինը Հայ համայնքի՝ որպես հասարակական կազմակերպության, կազմում ընդգրկված անդամների ինքնակամ հեռանալն է նրա շարքերից, ինչն էլ կտանի կազմալուծման: Իսկ հետո արդեն նոր հանրային միավորման ստեղծումը…
Լևոն Մութաֆյան