ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՔ

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել.  ո´չ հրեշտակները, ո´չ մարդիկ,
ո´չ սուրը և ո´չ հուրը, ո´չ ջուրը և ո´չ էլ որևէ այլ դառն հարված…»
Եղիշե վարդապետ

Հայոց իրականությանը հարազատ և բնորոշ է, երբ Եկեղեցին, հատկապես մեր պատմության օրհասական օրերին, անբաժան է եղել ժողովրդից: Դրա վառ օրինակն է Վարդանանց պատերազմը` հայրենյաց և հավատի համար մղված հիրավի սրբազան պատերազմը: Եվ պատահական չէ, որ Ավարայրի ոգի Մամիկոնյան Վարդան զորավարի` սբ. Վարդանի կերպարը, հերոսի և նահատակի նրա լուսեղեն երևույթը , սբ. Ներսես Շնորհալի հայրապետի բնորոշմամբ` «Նորահրաշ Պսակավորի» նրա տեսակը ահա ավելի քան 1,5 հազարամյակ Ազգին և Եկեղեցուն նվիրումի չափանիշ է, ոգեշնչման աղբյուր տասնյակ ու տասնյակ հայ սերունդների համար: Իսկ զորավարի անունը վաղուց է դասվել մեր Եկեղեցու սրբերի շարքը:

Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը (այս տարի` փետրվարի 12-ին), ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ Եկեղեցին ավանդաբար ոգեկոչում է Սուրբ Ղևոնդյանց հիշատակը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս 7 հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին` ընդունելով երկնային արքայության անթառամ պսակը:

428 թ. Հայաստանում վերջ դրվեց Արշակունյաց թագավորությանը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն, և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահելու հարցում և ձգտում էր իր տերության սահմաններում բնակվող բոլոր հպատակներին զրադաշտական հավատի դարձնել: Նա 449 թ. մի հրովարտակ է արձակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրվում էր զրադաշտական կրոնը(կրակապաշտությունը):

Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել. ո´չ հրեշտակները, ո´չ մարդիկ, ո´չ սուրը և ո´չ հուրը, ո´չ ջուրը և ո´չ էլ որևէ այլ դառն հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կանքի համաձայն արա´, ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո´չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն և ո´չ էլ երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա»:

Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին: Մեծանուն նախարարներից տասը կանչվում են Տիզբոն, ուր, ենթարկվելով բազում կտտանքների, առերես հրաժարվում են քրիստոնեությունից այն մտադրությամբ, որ կեղծուրացությամբ կենդանի մնալով ու վերադառնալով հայրենիք` սկսեն դիմադրության պատրաստվել:

Հայաստանում, լսելով նախարարների ուրացության լուրը, ժողովուրդը ոտքի է կանգնում: Ծաղկոտն գավառի Անգղ ավանում ծերունի Ղևոնդ երեցը և Եկեղեցու միաբաններն ու ժողովուրդը փայտերով ու քարերով հարձակվում են մոգերի վրա և ծեծելով` քշում նրանց:

451 թ. գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայակականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Վարդան Մամիկոնյանը քաջալերիչ խոսքերով խրախուսում է նախարարների միաբանությանը, զորքին և աշխարհազոր բազմությանը.

«…Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ո´չ  էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեոքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը.  իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք…

Վախը թերահավատության նշան է, թերահավատությունը մենք վաղուց մերժել ենք մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքից ու խորհուրդներից…» 

Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Սուրբ Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական Եկեղեցու` Սուրբ Ավազանով, Ավետարաններով, Խաչերով, Սուրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչև սաղմոսասաց:

Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ ընկնում է քաջ Վարդանը, և նրա հետ 7 երևելի նախարարներ` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով` 296 հոգի: Նույն օրը տարբեր վայրերում կռիվներ տալով` ` հայ կամավորները կորցնում են ևս 740 մարդու` նահատակների ընդհանուր թիվը դարձնելով 1036:

Թշնամու կորուստը երեք անգամ ավելի էր: Կենդանի մնացած դավաճան Վասակը ավելի ուշ, պարսից արքայի հրամանով, իր անպատիվ վախճանն է կնքում բանտում:

Ավարայրի ճակատամարտին մասնակցում էին նաև հոգևորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ Եկեղեցուն, հավատքի և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նրանցից էին սուրբ Ղևոնդյանները:

Ղևոնդյաններն իրենց անունը վերցրին հոգևոր զորավարության և նահատակության պարագլխից` երանելի Ղևոնդ Երեցից, ով աշակերտներից էր սբ. Սահակ Պարթևի և սբ. Մեսրոպ Մաշտոցի: Ղևոնդյանց մեջ ավագն էր սբ. Հովսեփ Հողոցմեցի ամենայն հայոց կաթողիկոսը: Ղևոնդյան նահատակ հոգևորականներից մեկն էլ սբ. Սահակ Ռշտունյաց եպիսկոպոսն էր:
Սուրբ Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Վարդանանց նահատակությունից երեք տարի հետո, բայց Տոնացույցի մեջ սկզբում դրված է Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների:
Վարդանանց խորհուրդը հավերժական է: Պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ: Վարդանանց ոգին է, որ այսօր էլ առհավատչյան է մեր հարատևման ու հաղթանակների: Այսօր էլ մեր կյանքը յուրատեսակ Ավարայր է` ընդդեմ այլազան օտարամուտ աղանդների ու նորօրյա հերձվածների, որոնք ուզում են «ավարտին հասցնել» հազկերտյան հրովարտակը:

Բայց մենք «Մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, և մայր` Առաքելական Կաթողիկե Եկեղեցին, և թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով` մեզ սրանից չբաժանի»(Եղիշե):  

Պատրաստեց  Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 

Scroll Up