ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայ ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսրլյանին

Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայ ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսրլյանին:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Լիբանանի հայ համայնքի դերն ու ակտիվությունը ինչպես Լիբանանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում, այնպես էլ հայրենիքի հետ ունեցած կապերի շրջանակներում:

Քննարկվեցին հայապահպանությանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեցին արևմտահայերենի պահպանմանն ուղղված ծրագրերը:

Տիկին Հրանուշ Հակոբյանը իր խոսքում նշեց, որ Բեյրութի Հայ ավետարանական քոլեջը մեծ ներդրում ունի Լիբանանի հայ համայնքի կրթամշակութային կյանքում և ավելի քան 90 տարվա իր գոյությամբ կարողացել է հայեցի կրթել ու դաստիարակել տասնյակ սերունդներ, ովքեր կայացել են տարբեր ոլորտներում և իրենց նպաստն են բերել համայնքի կայացման, զարգացման և Հայրենիքի հետ գործակցության ոլորտներում:

Զավեն Մսրլյանը շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության, արդյունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ Լիբանանի հայ համայնքը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նախարարության կողմից կազմակերպված ծրագրերին ու միջոցառումներին կունենա ակտիվ մասնակցություն:

Scroll Up