«Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակից սփյուռքի երիտասարդական թիմը Սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2014թ. օգոստոսի 18-ից մինչև 24-ը կազմակերպված  «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակից սփյուռքի երիտասարդական թիմին:

Խմբի ղեկավար, Սփյուռքահայ  ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշեց, որ ծրագրին մասնակցել է աշխարհի 7 երկրից  18 մասնակից՝ Ֆրանսիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Բելոռուսից, Ռուսաստանից և Վրաստանից: Նա ներկայացրեց ծրագրում սփյուռքահայ երիտասարդների ձեռք բերած հաջողությունները:

Սփյուռահայ ուսանողներն ու երիտասարդները ծրագրին մասնակցել են 2 ջոկատով: Նրանց թիմը Ճանաչվել է «լավագույն» ջոկատ:

Բազկամարտում, սեղանի թենիս, բրեյն ռինգ, ֆուտբոլ, վոլեյբոլ պարանի ձգում մարզաձևերի մրցումներում նրանք գրավեցին առաջատար մրցանակային տեղեր:

Իսկ լողի մրցաձևում 1-ին տեղը գրավեց Սիրիայի Հալեպ քաղաքից հատուկ ծրագրին մասնակցելու համար Հայաստան ժամանած Շողիկ Ավետիսյանը:

Խմբի ղեկավարը հպարտությամբ ներկայացրեց նվաճած 9 մեդալներն ու 26 պատվոգրերը, իսկ 2 ԲԱԶԵ արձանիկներից մեկը Սփյուռքահայ բազեականները նվիրեցին Սփյուռքի նախարարության թանգարանին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին, շնորհավորեց նրանց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթեց ձեռքբերումներ, գիտելիքների մեծ պաշար, որպեսզի սփյուռքում դառնան մրցունակ ու կայացած մասնագետներ և առաջիկայում իրենց հնարավորություններով նպաստեն հայրենիքի առաջընթացին:

«21-րդ դարը գիտելիքի և նորարարության, նոր գաղափարների ու մտահղացումների դար է: Դուք պետք է համալրեք հայ մտավորականների այն հզոր շերտը, որը իր ներուժն է ներդնում համահայկական խնդիրների լուծման և Հայաստանի զարգացման գործում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը Սփյուռքահայ երիտասարդների համար կարևորեց նման ծրագրերին մասնակցությունը, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում այցելել հայրենիք, ձեռք բերել ընկերներ, ստեղծել առողջ ու բարենպաստ համահայկական մթնոլորտ՝ միաժամանակ կոփվելով և ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտությունններ: Նախարարը մասնավորապես ասաց. «Կարծում եմ չափազանց օգտակար է ձեր ունեցած հանդիպումներն ու շփումները Հանրապետության ղեկավարության հետ: Ձեր ջոկատը պետք է դառնա հայապահպանության կարևոր երաշխավորներից մեկը: Տեսնելով և ճանաչելով Հայրենիքը՝ դուք մշտապես պետք է պահեք ու զարգացնեք այն կապերը, որ ձեռք եք բերել անցած մեկ շաբաթվա ընթացքում, դուք պետք է հայ մնաք և հայրենիքից ստացած լիցքերն ու զգացողությունները փոխանցեք ձեր ընկերներին ու հարազատներին: Դուք չպետք է հեռու մնաք հակական սովորույթներից ու ավանդույթներից և որ ամենակարևորն է խոսեք, հաղորդակցվեք մայրենիով, կապված լինեք ձեր արմատներին: Մաղթում եմ, որ դուք բոլորդ լինեք լավ մարդ, լավ հայ և լավ մասնագետ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին գիտակցեք ձեր միասնականության կարևորությունը, ձեր ուժն ու կարողությունը մեկտեղելու պատրաստակամությունը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի առաջինը լինելու մղումով:

Ահա, թե ինչու եմ հորդորում, խնդրում և պահանջում՝ սովորեք, գտեք ձեր տեղը, դարձեք առաջավոր և հաղթող բոլոր բնագավառներում: Միշտ հիշեք, որ դուք պարտական եք ձեր գենին, հպարտ եղեք, որ հայ եք, և գիտակցեք լավ հայ լինելու ձեր պարտավորվածությունը՝ պահպանեք ձեր հավատը, լեզուն, ընտանիքն ու ավանդույթները և միշտ ինքներդ ձեզ տվեք.  «Իսկ ես ի՞նչ եմ արել իմ Հայրենիքի համար հարցը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց ակտվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Վերջում սփյուռքահայ երիտասարդները նախարարին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

2 (2) 1 (1)

Scroll Up