ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ճանաչվել է «2013 թվականի լավագույն նախարար»
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի խմբագրություն: Այս տարի ևս «Իրավունքը» ավանդաբար ամփոփել է տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքը, «2013 թվականի լավագույն նախարար» է ճանաչել ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` Սփյուռքի հետ կապերի սերտացման հարցերում նախաձեռնողական եւ հետևողական լինելու համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց նաև «Իրավունքի» «Ուղիղ կապ» նախագծին և շուրջ 80 րոպե քաղաքացիները հեռակապի միջոցով իրենց հուզող հարցերի պատասխաններն էին ստանում նրանից: Հնչեց 21 հարց, և նախարար Հրանուշ Հակոբյանը տվեց սպառիչ պատասխաններ, որոնք հիմնականում վերաբերում էին Քեսաբի խնդիրներին, սիրիահայերի հիմնախնդիրներին, ուկրաինական իրադարձություններին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, հայրենադարձությանն ուղղված աշխատանքներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և այլն:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ բարեմաղթանքներ հղեց խմբագրությանն ու թերթի հիմնադիր-խմբագիր Հայկ Բաբուխանյանին, նշեց, որ հայ հասարակությունը 25 տարի է՝ իր իրավունքի, իրազեկության և տեղեկատվություն ստանալու հնարավորությունը օգտագործում է «Իրավունքի» հետ, ուստի ողջունելի է, որ նրա հիմնադիր ղեկավարը այժմ էլ զբաղված է օրինաստեղծ գործունեությամբ և իր բեղուն աշխատանքով կարողանում է օգտակար լինել իր ընթերցողներին, մեր հասարակությանը: