«Իմ ոգեշնչման աղբյուրը սերն է». Անուշ Նագգաշյան

Այս օրերին Հայաստանում է երուսաղեմահայ բանաստեղծուհի և արձակագիր Անուշ Նագգաշյանը:

Նա հանդիպում-դասախոսությամբ է հանդես եկել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողների համար և գրական ցերեկույթ է ունեցել Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում:

Պատեհ առիթը բաց չթողնելով՝ «Հայերն այսօրը» զրուցել է Անուշ Նագգաշյանի հետ:

-Տիկի՛ն Նագգաշյան, ինչպե՞ս  «հայտնաբերեցիք» Ձեր ստեղծագործական աշխարհը:

-Առաջին բանաստեղծությունս գրել եմ 14 տարեկանում: Այդ տարիքում եմ առաջին անգամ Հայաստան եկել` «Արթիկ» ճամբարում արձակուրդն անցկացնելու:

Հոգիս այնքա՜ն լի էր Հայրենիքով, կարծես՝ կյանքիս ուղին փոխվել էր: Միանգամից սիրահարվեցի Հայաստանին. մտածում էի, որ բոլոր ճանապարհները միայն բերում են Հայաստան: Երուսաղեմ վերադառնալով՝ հույզերս  բանաստեղծության  վերածեցի:

Նաև մայրիկիս նվիրված բանաստեղծություն էի գրել: Այսինքն, ստեղծագործական պոռթկումներ միշտ ունեցել եմ: Հայաստանում բոլորը գիտեին՝ բանաստեղծուհի էի, բայց ոչ ոքի երբեք ցույց չէի տվել բանաստեղծություններս: Ի հեճուկս համարձակ բնավորության՝ չէի ուզում զգացումներս մարդկանց ներկայացնել:

Գրական աշխարհ մուտք գործելուն մեծապես նպաստել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Նա դասախոսությամբ Երուսաղեմում գտնվելու ժամանակ պատահական կարդաց Սպիտակի երկրաշարժին նվիրված բանաստեղծությունս: Իմանալով, որ ես եմ գրել՝ շատ զարմացավ և հուզվեց՝ ասելով, որ այն բանաստեղծական լուրջ արժեք է: Համարձակությունս ներեց մյուս բանաստեղծություններն էլ ցույց տալու, որոնք կարդալուց հետո Սամվել Մուրադյանն ինձ շատ քաջալերեց:

Ապա երկուստեք որոշեցինք բանաստեղծություններիս առաջին գիրքը հրատարակել, որը կոչեցինք «Սիրուս տաք շունչը»:  Նաև արձակ ժանրում եմ ստեղծագործում և իմ կյանքի դրվագների հիման վրա պատմվածքներ գրում, քանի որ ցանկանում եմ դրանք կիսել ընթերցողներիս հետ: Ընդհանուր առմամբ, 4 բանաստեղծական գիրք, 1 ժողովածու, 1 արձակ, 1 անգլերենի թարգմանություն և 1 մանկական գիրք ունեմ գրած: Ի դեպ, գրասեղանիս վրա մի քանի նյութ կա դրված, որոնց, անպայման, թևեր եմ տալու:

 Անսահման սիրում եմ նաև մանկավարժությունը, երկար տարիներ զբաղվել եմ մանկավարժությամբ: Հպարտ եմ, որ կարողացել եմ աշակերտներիս հոգում հայրենասիրություն արթնացնել և խանդավառել Հայրենիք այցելել:

– Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում:

Իմ ոգեշնչման աղբյուրը սերն է: Սեր՝ յուրաքանչյուրի, հատկապես՝ Աստծո նկատմամբ: Աշխարհի մղիչ ուժը սերն է, առանց որի չես կարող ապրել: Պետք է ամենուր  սեր և ջերմություն տարածել:

Հաճա՞խ եք Հայաստան գալիս:

-Այո՛, շատ հաճախ: Այս անգամ հանգամանքների բերումով մեկ տարվա բացակայությունից հետո եկա: Հայաստանում դարձյալ կարոտում եմ Հայաստանը:

Թող չափազանցություն չթվա, երբ օդանավից իջնում եմ, սկսում եմ տխրել՝ մտածելով, որ ժամանակն արդեն ի վնաս ինձ է աշխատում: Հայրենիքում օրերս շատ հագեցած են անցնում: Հանդիպում եմ ընկերներիս, տարբեր դասախոսություններ ունենում: Պարտադիր այցելում եմ Էջմիածին՝ մոմ վառելու Մայր տաճարում, Կոմիտասի անվան պանթեոն եմ գնում՝ մեր մեծ գրողների շիրիմներին գլուխ խոնարհելու, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում եմ պարտադիր լինում՝ զգալու բանաստեղծուհու վառ ներկայությունը և, կարծես, խոսելու նրա հետ:

Հայաստանում անցկացրած օրերն ինձ օգնում են հետագայում դրական լիցքերով և նոր ավյունով աշխատել: Երուսաղեմում էլ միշտ մտքով ճախրում եմ Հայրենի եզերքով: Կարոտը փարատում են հեռուստաալիքներն ու համացանցը, ինչպես նաև Հայաստանում անցկացրած օրերի հիշողությունները: Երբ զգում եմ, որ կյանքում ինչ-որ բան պակաս է, հապշտապ Հայաստան այցելելու որոշում եմ կայացնում:

-Գիտեմ, որ Ձեր գրական կյանքի կերտման գործում մեծ է Սիլվա Կապուտիկյանի ազդեցությունը: Ի՞նչ  հուշեր ունեք Ամենայն Հայոց բանաստեղծուհու հետ կապված:

-Ճիշտ եք: Դեռ չծնված, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններն եմ լսել: Մայրիկս պատմում է, որ երբ սպասել է իմ լույս աշխարհ գալուն, եղբորս համար միշտ նրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունն է ասմունքել, և ես ակամայից «ունկնդրել եմ»  բանաստեղծությունը:

Առհասարակ, անմոռանալի հիշողություններ ունեմ Սիլվա Կապուտիկյանից: Մեր բոլոր հանդիպումները վերածվել են յուրօրինակ ուսանելի դասի: Սիլվա Կապուտիկյանի խորհուրդներն առ այսօր հիշում եմ և կիրառում: Նա ասում էր, որ, անկախ ամեն ինչից, մարդկային հարաբերություններում շարունակեմ պահպանել անկեղծությունը: Այս պատգամը միշտ հնչում է ականջիս:

– Ովքե՞ր են Ձեր ծնողները:

-Ծնողներս հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ են եղել: Մայրս 60 տարի մանկավարժությամբ է զբաղվել: Նա արդեն 90-ի շեմին է, գիշերները երազում մինչև հիմա դասավանդում է և խոսում իր աշակերտների հետ:

 Մայրիկիս համարում եմ նաև իմ հայոց լեզվի ուսուցիչը. Պաղեստինում, որտեղ ծնվել եմ, հայկական վարժարան չկար, և մայրս է ինձ մեսրոպատառ այբուբենը սովորեցրել: Ծնողներս հորդորել են սիրել  Հայաստանը և մտագոհ լինել մեր երկրի համար: Մայրիկս միշտ խրատել է, որ ներեմ իմ հանդեպ սխալ գործած մարդկանց: Գուցե երիտասարդ տարիներին լավ չէի ընկանում այդ ամենի նշանակությունը, բայց հիմա արդեն լիովին գիտակցում եմ: Մարդկանց ներելով՝ հոգեպես ավելի հանգիստ ես քեզ զգում:

-Ո՞րն է Ձեր երազների Հայաստանը:

-Նախ պետք է Հայրենիքը սիրել այնպիսին, ինչպիսին կա՝ իր բոլոր թերություններով և առավելություններով: Ոչ մի երկրում կատարյալ չէ: Ես հավատում եմ Հայաստանի լուսավոր ապագային: Ապավինենք նաև մեր բանիմաց և կրթված երիտասարդներին, որոնք նույնպես կարող են նպաստել Հայաստանի զարգացմանը:

Մի փոքր համբերությամբ զինվենք, և ամեն ինչ լավ կլինի:

– Տիկի՛ն Նագգաշյան, որքա՞ն հաճախ եք քայլերն ուղղում դեպի Սուրբ Հարության տաճար:

-Պատարագներին եմ հաճախ գնում: Շուկան և խանութները հիմնականում Սուրբ Հարության տաճարի ճանապարհին է գտնվում: Հաճախ է պատահում, որ առևտուրն անելուց հետո մտնում եմ Սուրբ Հարության Տաճար, մոմ վառում, աղոթում Հիսուս Քրիստոսի գերեզմանի առջև  և հավատս նորոգած՝ տուն վերադառնում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up