«Ես ինձ ծովի մեջ մի կաթիլ եմ համարում և երջանիկ եմ, որ իմ մի կաթիլով ևս ծփում է ծովը». Ֆիրա Ակյան

Բարեբեր է հայաստանյան աշունը բոլոր իմաստներով՝ տոնական միջոցառումների, ստեղծագործական թռիչքների, զբոսաշրջության, Սփյուռքից մեր հայրենակիցների այցելություններով: Գրեթե բոլոր օրերին, երևանյան տաք աշնան գրկում, անց են կացվում զանազան համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, մրցույթներ ու մրցանակաբաշխության արարողություններ, գրքի շնորհանդեսներ: Այդ միջոցառումների մեծ մասին աջակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: Սփյուռքում ապրող ու ստեղծագործող մեր բոլոր հայրենակիցներն իրենց ազգանպաստ գործերի ուրախությունը կիսում են Սփյուռքի նախարարության հետ. նրանցից մեկը ամերիկաբնակ մանկագիր, երգահան, մանկավարժ, տիկնիկագործ, Ամերիկայի հայ գրողների միության փոխնախագահ Ֆիրա Ակյանն է, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում, այս էլ որերոդ անգամ, համոզվեցի, որ աշխարհով մեկ սփռված հայե՛րն են մեր մոլորակի գեղեցիկ գույները:

-Տիկի՛ն ֆիրա, բարով եք եկել Հայրենիք. կարծեմ՝«բերքառատ» է Ձեր աշունը՝ հեքիաթների երեք նոր հատորյակ. խոսեք, խնդրեմ, այդ մասին:

-Ողջունում եմ Հայաստանում ապրող իմ բոլոր հայրենակիցներին և ամերիկաբնակ հայության կարոտն եմ փոխանցում Հայրենիքում ապրելու երջանկությունն ունեցող հայերին: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությունում, մասնավորապես՝ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալվելու և հարցազրույցի հրավիրվելու համար: Հիրավի, բերքառատ է իմ աշունը. ես ինձ հետ բերել եմ հերթական գրքերս՝ հեքիաթների երեք հատորյակը, որոնցում զետեղված են 60 բազմազան՝ իրապատում և հրաշապատում հեքիաթներ: Իրապատում հեքիաթներումս կան իրական դեպքերի հիման վրա ստեղծված գործեր: Ապրելով իրական կյանքում՝ ես ինձ զգում եմ հեքիաթների աշխարհում, ուր միշտ հաղթում է բարին:

-Տիկի՛ն Ակյան, բոլորս էլ գիտենք, որ, սովորաբար, հեքիաթներ կարդում են փոքրերը. մեծերին հետաքրքրու՞մ են Ձեր հեքիաթները:

-Ինձ համար հաճելի հարց է, որովհետև իմ հեղինակային «Ծիր կաթին» հաղորդումների ընթացքում ես դիմում եմ և՛ փոքրերին, և՛ մեծերին՝ ասելով՝ իմ սիրելի՛ փոքրիկներ ու սիրելի՛ մեծիկներ…Մեծերը երեխաների համար պետք է կարդան հատուկ առոգանությամբ, զգացմունքայնությամբ, որը շատ կարևոր է երեխաներին հեքիաթի ամբողջ իմաստը, կարևորությունը փոխանցելու համար. եթե մեծերն անգամ հատուկ կերպով չորոշեն կարդալ այդ հեքիաթները, ապա, իրենց երեխաների համար կարդալով, իրենք էլ, ինքնաբերաբար, դառնում են իմ հեքիաթների ընթերցողները: Այո՛, կարդու՛մ են նաև մեծերը, որովհետև ավելի հասուն տարիքում մարդիկ ամենից շատ կարիք ունեն հեքիաթների, բարության, խաղաղության, ավելին՝ մեծերի հոգում միշտ ապրում է մանուկը:

-Հարգարժա՛ն հայուհի, իսկ ինչու՞ որոշեցիք դառնալ հե՛նց մանկագիր և ոչ թե՝ բանաստեղծուհի, վիպասան…

-Դա էլ ունի իր նախապատմությունը. դեռ փոքր հասակից սիրել եմ նկարել, կտրատել գույնզգույն թղթեր, դրոշակներով, խաղալիքներով «դպրոց» էի ստեղծում ինձ համար, պոկում էի մայրիկիս մարգարտաշարը, կտորներ էի կտրատում, շորեր հորինում, մարգարտի հատիկներն օգտագործում իմ երևակայության արդյունք հագուստների վրա…Կարդում էի հայ և համաշխարհային մեծանուն մանկագիրների գործերը, հետո սկսեցի նաև ինքս գրել: Մի օր հայրս ասաց, որ ես պետք է դադարեմ կարդալ այդ հեքիաթներն ու գրել…չհասկացա…ամբողջ գիշեր արտասվեցի: Մեկ տարի անց, մի քիչ երկմտելով, հորս ցույց տվեցի նոր գրածներս, և նա ասաց՝ դու արդեն կարո՛ղ ես շարունակել, դու արդեն Ֆիրա Ակյանն ես: Հորս գնահատականն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև նա գրականությանը, գրքերին մոտ կանգնած մարդ էր, Եղիշե Չարենցի ընկերներից է եղել, մեծ գրողը բանտից հորս նամակներ է գրել…Հայրս ինձ շատ ոգևորեց, և ճանապարհներն ինձ հավերժ կապեցին հեքիաթի աշխարհին: Իհարկե, կար նաև ի վերուստ տրված շնորհը, որի համար երախտապարտ եմ Արարչին: Ասեմ, որ մանուկների համար գրելը շատ ավելի դժվար է:

-Դուք նաև Ամերիկայի հայ գրողների միության փոխնախագահն եք, գրում եք, տիկնիկներ ստեղծում, երգեր հորինում, հաղորդումներ վարում, Ձեր հեքիաթների հիման վրա բեմադրություններ պատրաստում, մասնակցում բազմաթիվ միջոցառումների, «Ծիր կաթին» մանկական թերթը ղեկավարում. ինչպե՞ս եք հասցնում այդ ամենը, օրը դա՞ր է Ձեզ համար…

-Շատ հետաքրքիր, կարևոր հարցադրում արեցիք. այո՛, ժամանակի առումով օրը դա՛ր է ինձ համար, մեկ օրում ես «դարաչափ» գործ եմ անում, հասցնում եմ ամեն ինչ, չեմ հոգնում, որովհետև այն ամենն, ինչ անում եմ, սիրո՛վ եմ անում. աշխարհում իմ սիրելի աշխարհը դա՛ է: Ավելի մաքուր, ավելի գեղեցիկ աշխարհ՝ քան մանուկների աշխարհն է, չկա՛, դա՛ է մեր մոլորակի անեղծ օազիսը: Ինչ վերաբերում է Ամերիկայի գրողների և լրագրողների միությանն, ասեմ, որ այն ղեկավարում է մի հրաշալի մտավորական՝ Վազգեն Վանատուրը. մեր միությունը երկու տարում ահռելի աշխատանք է կատարել: Ունենք երկու ամսագիր, երկու հաղորդաշար, մեկ լրագիր, կարողանում ենք օգնել Ջավախքին:

-Տիկի՛ն Ֆիրա, Դուք մասնակցել եք նաև գրողների համագումարին. եղա՞ն քննարկվող հարցեր, որոնց շուրջ հավաքված գրողները հանրագումարի եկան:

-Այո՛, բարձրացրեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնցից մեկը հաջորդ համագումարին ավելի շատ երիտասարդ գրողների ընդգրկելն է, ինչպես նաև՝ անապահով, անվճարունակ գրողների գրքերի լույս ընծայման գործին աջակցելը: ՀՀ գրողների միության հարգարժան նախագահ պարոն Միլիտոնյանը նույնպես համամիտ էր, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում, գոնե մինչև հաջորդ համագումար, այդ հարցերը լուծված կլինեն: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ավելի տաղանդավոր գրողի գործերն այդպես էլ մնում են անտիպ, որովհետև գումար չունի հրատարակման համար, իսկ կան նաև շատ դեպքեր, երբ պակաս շնորհալի կամ էլ ՝ պարզապես անտաղանդ մեկը տասնյակ գրքեր է հրատարակում, որովհետև փող ունի…Այս մասի՛ն է պետք մտածել:

Ձեզ ճանաչու՞մ են ուրիշ երկրներում:

-Բարեբախտաբար, ճանաչո՛ւմ են. իմ երգերը կատարում են Միացյալ Նահանգների հայ երեխաները, լիբանանցի հայ երգչուհի Մագին, Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտները, ում կտեսնեք գրքերիս շնորհանդեսի միջոցառման ընթացքում: Ես ինձ ծովի մեջ մի կաթիլ եմ համարում և երջանիկ եմ, որ իմ մի կաթիլով ևս ծփում է ծովը:

-Ձեր գրքերը նվիրո՞ւմ եք, թե՞ դրանք վաճառքի են հանվում:

-Հեքիաթը չեն վաճառում, այն պետք է նվիրել, ու ես նվիրում եմ: Ես հարյուրավոր գրքեր եմ նվիրել Հայաստանի տարբեր մարզերի, գյուղերի երեխաներին: Գրքիս շնորհանդեսին մասնակցող բոլոր երեխաները ևս կստանան իմ գրքերից:

-Ձեր մանկական ստեղծագործությունները, հանելուկները, ասացվածքները ներառվե՞լ են արդյոք հայաստանյան դպրոցների ծրագրերում:

-Այո՛, «Մանկան պարտեզ» գիրքը ներառված է դպրոցական ծրագրերում:

-Ձեր գրքերից նվիրե՞լ եք Արցախի երեխաներին:

Գրողների միության համագումարի ընթացքում գրքերիցս նվիրեցի Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին, ում միջոցով Արցախի մանուկները ևս կկարդան դրանք:

-Հասանք մեր հարցազրույցի վերջնակետին. Դուք մի քանի անգամ եղել եք նախարարությունում, Ձեզ այստեղ բոլորը ճանաչում են, սպասում…

ՀՀ սփյուռքի նախարարությունն ինձ համար հարազատ տուն է, ներսի մարդիկ՝ հարազատներ, ում շատ կարոտում եմ. շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարի աշխատանքը, նրա անսահման աշխատասիրությունը, ակտիվությունն ու նվիրումը՝ իրեն տրված այդ մեծ առաքելության գործում:

-Ձեր սրտի խոսքն ո՞ւմ կցանկանաք հղել:

-Հայոց բանակին, մեր սահմանները պաշտպանող զինվորներին և շուտով մեր բանակի շարքերը լրացնել պատրաստվող իմ թոռնիկին՝ Միքայելին. բարի՛ ծառայություն, հա՛յ զինվոր, բարի՛ վերադարձ տուն, մայրական գիրկ: Աստված պահապա՛ն բոլոր տղաներին, ովքեր, Աստված չանի, սակայն համոզված եմ՝ մի րոպեում կարող են վերածվել առյուծների, եթե նենգ թշնամին փորձի ոտնձգություն անել մեր սահմանների հանդեպ:

-Տիկի՛ն Ակյան, շնորհակալությու՛ն հարցազրույցի և Սփյուռքում ծավալած Ձեր հայրենանվեր գործունեության համար: Թո՛ղ Ձեր բարի հեքիաթներն ու երգերը, խոսուն տիկնիկներն ավելի գեղեցկացնեն մանուկների անեղծ մոլորակը:

Կարինե Ավագյան

Scroll Up