«Ավստրիացիներին միշտ պատմում եմ հայ ժողովրդի մասին».«Քայլ դեպի տուն» ծրագրի ավստրիահայ մասնակից
ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի ավստրիահայ մասնակից Ալեքսանդր Շրայդերը «Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալվեց ծրագրով նախատեսված վայրերից Երևանի կոնյակի գործարան այցելելուց հետո: Նա աչքի ընկավ մանկական անմիջական պահվածքով և վառվռուն աչքերով: Ալեքսանդրը մեզ զարմացրեց գյումրեցու բարբառով հստակ խոսելով, որի մասին մի փոքր ուշ կպատմենք:
Տասներեքամյա պատանին յուրատեսակ մի «քննություն» էլ անցավ: Տեղեկանալով, որ հայերեն գրել այդքան էլ լավ չի կարողանում, հանպատրաստից առաջարկեցինք մեսրոպյան տառերով իր անուն-ազգանունը գրել: Սկզբում փոքր-ինչ անակնկալիի եկավ, սակայն հաջողեց իր առջև դրված խնդիրը պատվով հաղթահարել…
-Ալեքսա՛նդր, ինչպե՞ս եկար «Քայլ դեպի տուն» :
-Մայրիկս է այս ծրագրի մասին համացանցով կարդացել և որոշել, որ անպայման ինձ ուղարկի մասնակցելու: Ես էլ սիրով համաձայնեցի:
-Ի՞նչ ակնկալիքներով ես մասնակցում ծրագրին:
-Նախ կարևոր ձեռքբերում եմ համարում հայոց լեզվի դասընթացների ժամանակ հայկական տառեր սովորելը, քանի որ դժվարությամբ եմ գրում, հակառակ, որ շատ լավ խոսում եմ:
Ծրագրի շրջանակներում այցելած վայրերից շատ հավանել եմ մեր հին եկեղեցիներն ու թանգարանները: Հատկապես տպավորված եմ Մատենադարան և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան այցելությունից: Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել նրա մեդալներն ու շքանշանները:
-Պատմի՛ր քո մասին, ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
-Այն քաղաքում, որտեղ մենք ապրում ենք, հայկական դպրոց չկա, այդ պատճառով էլ ավստրիական դպրոց եմ հաճախում:Սակայն Հայաստանը միշտ իմ սրտում է:
Շատ եմ սիրում համակարգչային խաղեր, ֆուտբոլ խաղալ և հեծանիվ քշել: Ինձ հասակակից հայ ընկեր էլ ունեմ, ում հետ զբոսնում կամ տարբեր խաղեր եմ խաղում:
Մայրիկս հայաստանցի է, ծնվել է Գյումրիում, իսկ լուսահոգի հայրիկս՝ ավստրիացի: Գյումրու բարբառով խոսելու պատճառն այն է, որ մայրիկս տանը միայն հայերեն է խոսում, իսկ ես տարիների ընթացքում ընկալել եմ այդ բարբառը:
– Եղե՞լ ես Գյումրիում:
-Ամեն անգամ Հայաստան այցելելիս՝ մայրիկիս հետ պարտադիր գնում ենք Գյումրի, այնտեղ հարազատներ ունենք: Սիրում եմ զբոսնել Գյումրիի փողոցներով, համտեսել ավանդական ուտելիքները: Առհասարակ, շատ եմ հավանում հայկական խոհանոցը, հատկապես խորովածը, եփած ձուն՝ թարխունով ու լավաշով:
Կարծում եմ՝ Հայաստանը շատ լավ երկիր է, իսկ հայերը ջերմ ու բարի մարդիկ են: Հետագայում կգամ արդյոք Հայաստանում ապրելու, թե՝ ոչ, դժվարանում հիմա ասել, ժամանակը ցույց կտա:
-Իբրև հայ, ավստրիացիներին պատմու՞մ ես հայ ժողովրդի մասին:
-Ավստրիացիներն այնքան շատ տեղեկություններ չգիտեն Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Սակայն միշտ առիթի դեպքում պատմում եմ նրանց, թե մենք ինչպիսի ժողովուրդ ենք ու ինչ դժվարություններ ենք հաղթահարել: Նրանց պատմել եմ նաև Թավշյա հեղափոխության մասին և ասել, որ Հայաստանում վերջապես ժողովրդի ձայնը լսելի դարձավ:
-Ալեքսա՛նդր, ծրագրի շրջանակներում հյուրընկալ ընտանիքո՞ւմ, թե՞ ազգականի տանն ես ապրում:
-Հյուրընկալ ընտանիքում: Դավիթ Զախարյանը, ում տանը բնակվում եմ, մեր ծանոթության առաջին օրից ինձ հարազատի պես ընդունեց, նրա հետ երբեք օտարություն չեմ զգում:
Ծրագրի ավարտից հետո տուն վերադառնալով՝ հանգստանալուց հետո միասին զրուցում ենք և հաճելի երեկո անցկացնում: Անչափ շնորհակալ եմ Դավիթին ու իր ընտանիքի անդամներին, որ իմ հանդեպ այդքան ուշադիր են:
Զրուցեց Գևորգ Չիչյանը