Սուրբ Ղազար կղզում 3 դար հաստատված թանկ մարգարիտը՝ Մխիթարյան միաբանությունը, գիտության անհատակ շտեմարան է

Լրացավ 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրված, իսկ 1717 թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատված հոգևոր, ուսումնակրթական, գիտամշակութային հնագույն օջախներից մեկի՝ Մխիթարյան միաբանության՝ «Հայկական ակադեմիա» անվանակոչված հաստատության 300-ամյակը, որի առիթով ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտերի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին նշանավոր հայագետներ, գրականագետներ, պատմաբաններ ու հոգևոր հայրեր: Նրանցից մեկի՝ «Բազմավեպ» հայագիտական հանդեսի խմբագիր Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանի հետ հնարավորություն ընձեռվեց հարցազրույց անցկացնելու «Հայերն այսօր»-ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Հա՛յր Սերովբե, արդյո՞ք ամբողջապես ուսումնասիրված է աբբահոր՝ Մխիթար Սեբաստացու մեծածավալ գործունեությունը:

Նրա գործունեությունը ծովածավալ է և, անշուշտ, ամբողջապես ուսումնասիրված չէ: 300 տարին բավարար չի եղել՝ ամենայն մանրամասնությամբ ու ամբողջությամբ ուսումնասիրելու Սեբաստացու բազմակողմանի գործունեությունը, նրա աշխատությունները: Ասեմ, որ շատ դժվար է նրա գիտելիքների, աշխատությունների անհատակ շտեմարանի ուսումնասիրությունը:

-Դուք  ի՞նչ եք համարում  նրան՝ հայագե՞տ, պատմաբա՞ն, աստվածաբա՞ն…

-Ես նրան համարում եմ հայ ազգի բոլոր մեծ արժեքների մարմնավորումը, այդ արժեքների կրողը:

-Սեբաստացու ծավալած գործունեության ո՞ր ճյուղն է ուսումնասիրման առավել կարիք զգում:

Ես կասեի՝ երաժշտական բաժինը:

-Այսօր Սեբաստացու՝ ազգային, հոգևոր մեծ արժեքի, Մխիթարյան միաբանության ծավալած անգնահատելի գործունեությամբ ներկայիս երիտասարդությունն այնքան էլ հետաքրքրված չէ. ինչպե՞ս կարելի է դա պատճառաբանել:

-Համամիտ եմ, սակայն պետք է ասեմ, որ մեծե՛րը պետք է ուղղորդեն երիտասարդությանը՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և արժևորելու, վերակենդանացնելու հայ իրականության մեծերի, նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը, ստեղծած արժեքները, նրանց թողած պատմական, մշակութային, գիտական, հոգևոր հսկայական ժառանգությունը:

-Ինչպե՞ս եք գնահատում այս գիտաժողովը:

-Անպայմանորեն՝ դրական, անհրաժե՛շտ: Պետք է լսենք տարբեր ելույթներ՝ Միաբանության ծավալած գործունեության այս կամ այն ոլորտի մասին, կլինեն քննարկումներ:

-Խոսենք «Բազմավեպ»-ի՝ ամենաերկարակյաց հայերեն պարբերականի մասին. ասացեք, խնդրեմ, ի՞նչն է պակասում այսօր հանրագիտարանային արժեք ունեցող այդ հանդեսին:

-Ինչպես գիտեք, «Բազմավեպ»-ը 1843-ից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակվող հայագիտական, բանասիրական, գիտական հանդես է, որը հիմնադրել է Գաբրիել Այվազովսկին: Հետագայում էլ հանդեսն ունեցել է շատ նշանավոր խմբագիրներ: Այն Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթն է համարվում: Հանդեսում տեղ են գտնում պատմաբանասիրական, լեզվաբանական, գրական-գեղարվեստական և այլ բնույթի նյութեր: Այսօր էլ հանդեսը շարունակում է տարիների ավանդույթը, ուղղվածությունը: Ինչն է պակասու՞մ…թերևս՝ այն պետք է ավելի մատչելի դառնա հանրությանը:

-Շնորհակալությու՛ն. Հա՛յր Սերովբե, մաղթում եմ, որ Սուրբ Ղազար կղզում 3 դար հաստատված թանկ մարգարիտը՝ Մխիթարյան միաբանությունը, դեռ երկար տարիներ շարունակի իր հայանպաստ գործունեությունը, իսկ 170-նն անց «Բազմավեպ»-ը շարունակի մշտապես նպաստել հայագիտության զարգացմանն ու մնալ Մխիթարյան միաբանության,  հայությա՛ն  Լույս-Ծիրանափողը:

Կարինե Ավագյան

Scroll Up