ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴՆԵՐ. «Շարունակելու եմ գրել մոռացված մեծ երաժիշտների, երգիչների մասին». Սերգեյ Մանվելյան

Երկու արժեքավոր գրքերի հեղինակ երիտասարդի հետ «Հայերն այսօր»-ի համար հարցազրույց անելու ցանկությունն իմ մեջ ծնվեց, երբ մասնակցում էի ՀՀ սփյուռքի նախարարության և Գրողների միության կազմակերպած ամերիկաբնակ մանկագիր Ֆիրա Ակյանի գրքի շնորհանդեսին. Սերգեյի հետ ունեցած միայն սովորական զրույցի ընթացքում անգամ տպավորությունս ավելին էր, քան կարող էի պատկերացնել: Մեկ անգամ չէ, որ հանդիպում եմ երիտասարդ ու տաղանդավոր հայորդու, զրուցում և կրկրն ու կրկին համոզվում, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է, որ ներկայիս երիտասարդությունը լուրջ ասելիք ու անելիք ունի, որ այն բազմաթիվ հակասական ու թյուր պատկերացումներն այսօրվա երիտասարդ սերնդի մասին համընդհանուր չեն և կարող են վերաբերել ընդամենը մի փոքր մասին: Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ մասնագիտությամբ թուրքագետ, ասպիրանտ Սերգեյ Մանվելյանը պատրաստ է սկսել նաև իր երրորդ գիրքը՝ դարձյալ մոռացության մատնված երաժշտի մասին:

-Սերգե՛յ, սկսենք հե՛նց քո ընտրած մասնագիտությունից. ի՞նչը քեզ տարավ Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետ, կա՞ր ուղղորդող որևէ մեկը, դպրոցական տարիների երազա՞նքդ էր դա…

– Երբ դեռ ուսանող չէի, հեռուստատեսությամբ լսում էի հայտնի ազգագրագետ, բանահավաք, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի ելույթները, որոնք ինձ վրա մեծ տպավորություն էին գործում: Ծանոթացա նրա ծավալած հայանպաստ գործունեությանը և մտածում էի, որ մի օր ինքս էլ կկարողանամ օգտակար լինել իմ ժողովրդին, հատկապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Վերժինե Սվազլյան մասնագետով ներշնչված՝ ես թակեցի Արևելագիտության ֆակուլտետի թուքագիտության բաժնի դռները: Սիրով մտա այդ բաժին, նույնքան սիրով ու հետաքրքրությամբ սովորեցի, ավարտեցի, ընդունվեցի մագիստրատուրա, այժմ Մատենադարանում ասպիրանտ եմ:

-Սերգե՛յ, թեև դեռ 2-րդ՝ Մեդեա Աբրահամյանի մասին գրածդ գրքի շնորհանդեսը չի կայացել, սակայն գիրքն իմ սեղանին է, ուստի շնորհավորում եմ և մաղթում այսպիսի ազգանվեր գործի շարունակական ընթացք. դու սկսեցիր Լուսինե Զաքարյանի մասին գրելուց, ինչո՞ւ հենց Լուսինեն …

Լուսինե Զաքարյանի մասին գրել եմ դեռևս ուսանողական տարիներիս, երբ սովորում էի 3-րդ կուրսում, բայց գիրքը լույս է ընծայվել, երբ արդեն սովորում էի մագիստրատուրայում: Լուսինե Զաքարյանի մասին շատ էի լսել, բացի այդ՝ մեր հարևանը Խորեն Պալյանի եղբայրն էր, գնալ-գալ կար, մեր տանը միշտ խոսում էին Լուսինե Զաքարյանի մասին, իսկ երգերը լսել եմ 2012 թվականին: Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված միջոցառում եղավ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ երգչուհու տան դիմաց Հայկ Թոքմաջյանի ստեղծած հուշաքարը բացվեց: Ես տարվել, գերվել էի երգչուհու անզուգական ձայնով, նրա անկրկնելի կատարումներով: Ինչպես շատ մեծ երաժիշտների, այնպես էլ Լուսինե Զաքարյանի անունը, մի տեսակ մոռացված էր, նրանց նման մեծերին դարձյալ անհրաժեշտ էր անդրադառնալ, ու ես սկսեցի հանդիպումներ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր Լուսինեի մասին հուշեր ունեին, և այդպես էլ հղացավ հուշերի գիրք ստեղծելու գաղափարը: Ինձ համար Լուսինե Զաքարյանը անկրկնելի է իր ձայնով, կատարողական արվեստով, իր ձայնային ծավալով, երգերի կատարման խորությամբ: Գարեգին Ա կաթողիկոսն ասել է ՝ Լուսինեն երգում էր աղոթելով, աղոթում էր՝ երգելով:

-Քո հեղինակած գրքից առաջ արդեն երկու գիրք էր հրատարակվել Լուսինե Զաքարյանի մասին և այն էլ՝ հանրության կողմից ընդունված ու անմիջապես սպառված, չերկմտեցի՞ր…

-Այո՛, կային երկու գրքեր, որոնցից առաջինը մենագրություն էր՝ մինչև 80-ականները, երկրորդ գիրքը հոդվածների հավաքածու էր՝ Խորեն Պալյանի և Լիդա Գևորգյանի հեղինակությամբ: Բնականաբար, այդ գրքերն իրենց ժամանակին փնտրված ու լավագույնս սպառված հրատարակություններ էին, և, ինչ խոսք, ես մեծ պատասխանատվությամբ էի մոտենում իմ հեղինակությամբ նոր գրքի ստեղծմանը:

-Քանի՞ հոգու հետ ես զրուցել՝ հուշեր հավաքելու ժամանակ:

-Զրուցել եմ 100–ից ավելի մարդու հետ, սակայն ընտրեցի երաժիշտ-երաժշտագետների, հայտնի դերասանների, գրողների, լրագրողների, ակադեմիկոսների և այլ մտավորականների 80 հուշ և գիրքը վերնագրեցի՝ «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում»: Գիրքը խմբագրեց բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը, ձևավորվեց Վահան Քոչարը, տպագրվեց լոնդոնաբնակ իմ լավ բարեկամի՝ Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ, իսկ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015թ.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հաղորդավարն էր Սարգիս Նաջարյանը: Ներկա էին Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Մեդեա Աբրահամյանը, Ռաիսա Մկրտչյանը, Նարա Շլեպչյանը, Էվելինա Շահիրյանը և բազմաթիվ այլ արվեստագետներ ու մեծանուն երգչուհու արվեստը գնահատողներ:

-Ես հիշում եմ, թե քո գրքի մասին որքա՜ն դրական կարծիքներ տպագրեցին մամուլում՝ զարմանք ու հիացմունք արտահայտելով շատ երիտասարդ տարիքիդ ու ստեղծածդ գրքի վերաբերյալ, բայց նույն այդ մամուլում, սոցիալական կայքերում հանդիպում էին նաև քննադատություններ. չէի՞ր նեղվում…

Շատ էին ողջունողները, դրական կարծիք հայտնողները, սոցիալական ցանցերում ոգևորող մեկնաբանությունների հեղեղ էր. մարդկանց շատ էր զարմացնում այն փաստը, որ դեռևս 3-րդ կուրսի ուսանող լինելով՝ ես այդ ճանապարհն եմ ընտրել, կային նաև մեկ-երկու տող մեկնաբանությամբ ոչ բարեկամաբար արտահայտվողներ, որոնց թիվը շատ քիչ էր…իհարկե, նեղվեցի, որովհետև առաջին անգամ էի այդ դաշտում, սակայն չհանձնվեցի, չկոտրվեցի և սկսեցի մտորել ստեղծվելիք 2-րդ գրքիս մասին:

Ե՞րբ սկսեցիր գրել հայ դասական կատարողական արվեստի մեծանուն ներկայացուցիչ, հանրահայտ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին գիրքը և ինչու՞ հենց՝ Մեդեա Աբրահամյան;

Տիկին Մեդեայի հետ իմ ծանոթությունն սկսվեց Լուսինե Զաքարյանի մասին գիրքը գրելու տարիներին, երբ սկսել էի հուշեր հավաքել: Հուշեր ներկայացրեց նաև տիկին Մեդեան, և այդ օրվանից սկիզբ դրվեց մեր բարեկամությանը: Նրա մասին սա արդեն 4-րդ գիրքն է: Այս գիրքը շատ ավելի հեշտ էր գրել, քանի որ երաժիշտն ապրում է մեր օրերում, մեր կողքին, և ես կարողացա կենդանի զրույցներ ունենալ նրա հետ: Գիրքը սկսել եմ գրել փետրվար ամսից. Մեդեա Աբրահամյանի մասին պատմող այս ժողովածուն բաղկացած է երեք գլխից, որտեղ ամփոփված են մեծ երաժշտի կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր՝ հուշեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ և այլ բնույթի վավերագրեր, որոնց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ:

Սերգե՛յ, գրքերիդ թարգմանության մասին մտածե՞լ ես. չէ՞ որ այսպիսի մեծությունների մասին պատմող գրքերի տարածումը տարբեր լեզուներով շատ կարևոր է նաև հայաճանաչության առումով, և, ի վերջո, գրքի տարածմանը նպաստում է նաև օտար  լեզուներով թարգմանվելը:

-Դա ժամանակատար ու ծախսատար է, տիկին Մեդեայի մասին գրված գրքում ես երեք ամփոփում արեցի՝ անգլերենով, ռուսերենով և իսպաներենով, որպեսզի օտարները կարողանան ծանոթանալ. իսպաներե՛ն, որովհետև Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստը մեծապես գնահատվել է հիմնականում իսպանախոս երաժշտասեր հասարակության կողմից, մասնավորապես՝ Արգենտինայում:

-Այս հարցից  բխում  է մյուս հարցս՝ գրքերդ վաճառվու՞մ են, նվիրու՞մ ես…

-Հիմնականում նվիրում եմ, որոշակի քանակով նաև վաճառվում են:

-Եթե գաղտնիք չէ,  ո՞րն է լինելու հաջորդ գիրքդ:

– Հաջորդ գիրքս…թեկնածուակա՛նս պիտի լինի: Հիմա դրա վրա եմ աշխատում: Իհարկե, իմ մտքում արդեն ունեմ նախընտրած ու դարձյալ մի տեսակ մոռացված երաժշտի անուն: Ի դեպ, շատ նշանավոր հայերի մասին միշտ էլ կարելի է բազմաթիվ աշխատանքներ, գրքեր, հոդվածներ գրել, որպեսզի նոր սերունդը նույնպես ճանաչի մեր մեծերին:

Սերգե՛յ, դեռ ուսանողական տարիներից սկսած՝ դու արդեն մխրճվել ես ստեղծագործական աշխատանքի մեջ, իսկ քո երիտասարդությու՞նը…կարողանու՞մ ես նաև շփվել ընկերներիդ հետ, լինել հասարակական վայրերում:

-Հասարակական վայրերում ես գրեթե չեմ լինում, սակայն բուռն է եղել և՛ իմ մշակութային գործունեությունը, և՛ երիտասարդությունս. ես ծանոթ-բարեկամների հոծ բազմություն ունեմ, շատ ընկերներ, կազմակերպում ենք արշավներ, լինում Հայաստանի տարբեր վայրերում, եղել ենք նաև Արևմտյան Հայաստանում:

-Քանի որ գրական քայլերդ սկսել ես՝ գրքեր գրելով երաժիշտների մասին, ասա՛, խնդրեմ, ի՞նչ կարծիք ունես այսօրվա երաժշտական խճանկարի մասին, երաժշտական աշխարհի, մասնավորապես՝ դասական երաժշտության:

Բարդ է գնահատել ընդհանուր առմամբ, որովհետև շատ բաց տեղեր կան. ունենալով շատ տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ՝ այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ, ցավոք, հոգևոր, դասական երաժշտությունն իմ կարծիքով անկում է ապրում: Շատերն իրենց գտնում են օտար ափերում, սակայն համոզված եմ, որ այսպես չի մնա: Ամեն օր կան դասական համերգներ, սակայն դրանք այն մեկնակետերը չեն, որ կարողանանք համարել, թե մեր դասական երաժշտությունը ծաղկում է ապրում:

-Շնորհակալությու՛ն, Սերգեյ. մաղթում եմ, որ քո ստեղծագործական և գիտական գործունեությունը՝ ներդաշնակ երիտասարդական տարիներիդ, բազմաբեղուն լինի, որ քո օրինակը ուղենիշ լինի շատ երիտասարդների համար՝ իրենց տրված շնորհը, ներուժն  օգտագործելու արժեքներ ստեղծելու համար:

Կարինե Ավագյան

 

Scroll Up