Իրանաբնակ երիտասարդի համար «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայրենասիրության մեծ դաս է

«Հայերն այսօր»-ի զրուցակից, իրանաբնակ Լուսինե Վարդանյանը նորածին է եղել, երբ ընտանիքի հետ Երևանից գնացել են Թեհրանում ապրելու: Այնտեղ հաճախել է «Հովհաննես Թովմասյան» օրիորդաց հայկական դպրոց:

Ավարտելով ուսումը՝ այս տարի ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, որն էլ Լուսինեի համար Հայրենիք վերադառնալու հիանալի առիթ է ստեղծել: Եղբայրը նույնպես Հայաստանում է սովորում:

«Կարծում եմ՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկն է: Մեր տանը միշտ խոսել ենք հայրենադարձվելու մասին և հիմա ուրախ եմ, որ վերջնականապես Հայաստան կգանք»,-ասաց Լուսինեն՝ հավելելով, որ շուտով ծնողները նույնպես կմիանան իրենց:

Անդրադառնալով Իրանի հայկական համայնքին՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցն ասաց, որ շատ համախմբված և գործուն համայնք է, ազգային կառույցների և միությունների կողմից մշտապես կազմակերպվում են ազգապահպան միջոցառումներ, բոլորը հայերեն են խոսում և ամենակարևորը՝  գրաճանաչ և տառաճանաչ են: Իսկ  իրանցիների հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունեն, ովքեր սիրում և հարգում են հայերին:

Լուսինեն հպարտ է հայ լինելու համար: Նա այն կարծիքին է, որ տարիներ շարունակ երազած Հայաստանի անկախացումից հետո պետք է բոլորս նվիրվենք մեր երկրի շենացման սուրբ գործին և սերունդներին ավելի բարեկեցիկ երկիր փոխանցենք:

«Ընկերուհուս հետ ենք որոշել մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին, տպավորություններս հիանալի են: Վերադառնալով Թեհրան՝ մյուս ընկերներիս խորհուրդ եմ տալու, որ նրանք  մյուս տարի անպայման մասնակցեն, քանի որ այն, իրոք, սփյուռքահայ երիտասարդների համար հայրենասիրության մի մեծ դաս է »,-զրույցն ամփոփեց Լուսինեն:

Գևորգ Չիչյան

Scroll Up