«Ծնողներիս հաճախ եմ հիշեցնում հայրենադարձվելու մասին». «Քայլ դեպի տուն» ծրագրի քուվեյթահայ մասնակից

Քուվեյթահայ Նաիրի Միքայելյանը մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին: Այս տարի է ավարտել  Քուվեյթի ազգային վարժարանը:

Նաիրիի վստահեցմամբ՝ իրենց ընտանիքում միշտ թևածում է հայկական շունչն ու ոգին, պահպանում են ավանդույթներն ու սովորույթները՝ այդպիսով մոտ զգալով Հայաստանին:

Խոսելով Քուվեյթի հայկական համայնքի մասին՝ Նաիրին ասաց, որ շատ կազմակերպված ու ուժեղ համայնք է, ակտիվ գործում են համահայկական կառուցներն ու եկեղեցին, ազգապահպանությանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:

«Արդեն երեք անգամ եղել եմ Հայաստանում, ամառային արձակուրդներին հաճախ ենք գալիս, շրջում տեսարժան վայրերով, այստեղ ինձ հոգեպես ավելի հանգիստ եմ զգում, մարդիկ ջերմ են ու հյուրընկալ: Ամեն ինչ Հայաստանում ինձ դուր է գալիս, ներառյալ թարմ բանջարեղենն ու անուշահամ մրգերը, ճաշատեսակները նույնպես անչափ համեղ են: Անտարբեր չեմ նաև վրացական խինկալիի հանդեպ, Հայաստանում գտնվելու ընթացքում խինկալի ուտելու առիթը բաց չեմ թողնում»,«Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց Նաիրին:

Այս ծրագրի մասին մեր զրուցակիցը դպրոցում է իմացել, ուսումնասիրելով բովանդակությունը՝ միանգամայն որոշել է մասնակցել և չկորցնել Հայաստան գալու պատեհ առիթը:

Նաիրին լիահույս է, որ հայաստանյան շրջագայության հուշերն իր կյանքի անբաժանելի մասն են կազմելու, լավ ժամանակ է անցկացնելու, և մնայուն ընկերներ է ձեռք բերելու:

«Ցանկանում եմ ընտանիքով վերջնականապես Հայաստանում հաստատվել, քանի որ ապագաս այստեղ եմ ուզում կերտել, բարձրագույն կրթություն ստանալ: Ծնողներիս հաճախ եմ հիշեցնում հայրենադարձվելու մասին»,-զրույցն ամփոփեց Նաիրի Միքայելյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up