Ջավախահայ Ասյան ցանկանում է բացահայտել Հայաստանի գույները
Ասյա Եփրիկյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից է, ապրում է Ախալքալաքի շրջանի Խուլգումու գյուղում: Ազատ ժամանակ հիմնականում ընկերների հետ Ջավախքի բնության գրկում զբոսնում են և բազմապիսի խաղեր խաղում, սիրում է նաև մեքենա վարել:
Ասյան մինչև հիմա չէր եկել Հայաստան, սակայն միշտ անթաքույց ցանկություն է ունեցել սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչը համացանցի միջոցով ուսումնասիրել է: Հիմա անչափ ուրախ է, որ այս ծրագրի շնորհիվ Հայրենիք այցելելու հնարավորություն է ընձեռնվել:
Ասյան ցանկանում է Հայաստանում գտնվելու օրերի ընթացքում Տաթևի վանական համալիր գնալ, ճոպանուղի նստել, նաև Արցախում է ուզում լինել՝ դիրքեր բարձրանալու և զինվորների հետ ծանոթանալու:
«Երբ հանդիպեմ տղաներին, նրանց հայրենիքը պաշտպանելու սուրբ գործում ուժ ու եռանդ պետք է մաղթեմ և ասեմ, որ հպարտանում եմ նրանց խիզախությամբ և հայրենասիրությամբ: Առհասարակ, կարծում եմ՝ մեր երկրի սահմաններն ամուր պահելու համար անհրաժեշտ է համախմբված լինենք, ինչպես եղանք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ասյան՝ հավելելով, որ Ախալքալաքում Ապրիլյան պատերազմի ծանր օրերին հայերը, մեկ բռունցք դարձած, հետևել են իրադարձությունների զարգացմանը, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Արցախին:
Թավշյա հեղափոխության օրերին էլ հավատով ու հույսով լցված՝ սպասել է արդար հաղթանակին: Նույնիսկ որոշել է Հայաստան գալ, բայց անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով չի ստացվել: Սակայն Հայաստանում գտնվող ընկերներին հորդորել է միանալ խաղաղ ցուցարարներին:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասին ընկերներս են պատմել: Անհամբեր սպասում եմ Հայաստանն իր բոլոր գույներով բացահայտելուն, թանգարաններ, պատմամշակութային վայրեր այցելելուն և նոր ընկերներ ձեռք բերելուն»,-զրույցի վերջում ասաց Ասյան և ընդգծեց, որ ուզում է տնտեսագետ դառնալ` իր մասնագիտական հմտություններով հետագայում Հայաստանի զարգացմանը նպաստելու համար:
Գևորգ Չիչյան