Հայրենադարձ ընտանիքը Հայաստանում իրեն երջանիկ է զգում
Ժաքլին Բաբախանին ծնվել է Թեհրանում: Սովորել է Վաչե Հովսեփյան-Քանանյան Քուշեշ դպրոցում, բարձրագույն կրթություն ստացել է Իրանի ազատ համալսարանում, որտեղ էլ հետագայում անգլերեն գրականություն առարկան է դասավանդել:
Եղել է Հայ համալսարանական միության անդամներից, սակայն ակտիվորեն չի մասնակցել համայնքային կյանքին, քանի որ ժամանակի մեծ մասը հատկացրել է գիտելիքներ ստանալուն և դպրոցի դասերը պատրաստելուն:
Ժաքլին Բաբախանին ընտանիքի հետ 2008 թվականին է հայրենադարձվել: Հայրենադարձվելուն մեծապես նպաստել է Երևանում գիտաժողովի մասնակցելը: Առաջին անգամ գալով Հայաստան՝ անթաքույց սիրով է լցվում Հայրենիքի հանդեպ, շատ է տպավորվում իրեն շրջապատող մարդկանց ջերմությունից, ուստի միանգամայն որոշում է բռնել Հայաստան բերող ճանապարհը:
Վերադառնալով Թեհրան՝ խանդավառված ամուսնուն տեղյակ է պահում որոշման մասին: Դրական արձագանք ստանալով՝ հիմնովին հաստատվում են հայրենի հողի վրա:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Ժաքլին Բաբախանին ասաց, որ համեմատաբար հեշտ են ներգրավվել հայաստանյան կյանքին, սկզբնական շրջանում, իհարկե, դժվարությունների հանդիպել են, սակայն չեն ընկճվել, հույսն ու հավատը չեն կորցրել: Ապավինելով սեփական ուժերին, միմյանց օգնելով՝ ամեն ինչ սկսվել են նոր էջից ու ոտքի կանգնել: Հիմա Հայաստանում իրենց երջանիկ են զգում:
Ժաքլինը վստահեցնում է, որ հայրենադարձությունն իրեն տվել է վերադարձ ազգային ինքնությանը և հայկական արմատներին և, ամենակարևորը, այստեղ հոգու խաղաղություն է գտել: Հատկապես հանգիստ է զգում տասնվեցամյա որդու՝ Հայբերդի ապագայի համար, ով ամուր կապված է Հայաստանին: Հայրենադարձվելուց հետո ամենահիշարժան օրերից է համարում Արարատ լեռը տեսնելը, որից անչափ հուզվել է:
«Շատ եմ սիրում Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում լինել, շնչել մաքրամաքուր օդը, ինձ համար նախընտրելի վայրերից է Սևանա լիճը, Դիլիջանը, Վանաձորը, Նոյեմբերյանն ու Ստեփանավանը: Ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին, ընտանիքով որևէ քաղաք ենք գնում՝ զբոսնելու, աշխատանքային առօրյայից կտրվելու և նոր լիցքեր ստանալու»,-ասաց Ժաքլին Բաբախանին՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանը, իր կարծիքով, մեծ զարգացում է ապրել, հատկապես տարբեր ոլորտների առաջընթացն ու ձեռքբերումներն են նկատելի:
Ժաքլինը մեկ տարի շարունակ ուսումնասիրել է հայաստանյան շուկան՝ հասկանալու, թե արդյոք կարող է իր մասնագիտությամբ աշխատանք գտնել: Նրա փնտրտուքներն ապարդյուն չեն անցել. 2009 թվականին հիմնել է «Հորիզոն» օտար լեզուների ուսուցման կենտրոնը: «Հորիզոն»-ում ուսումնական աշխատանքներն արդյունավետ են ընթանում, ինչն էլ փաստում են կենտրոնի այցելուների կարծիքները: Կենտրոնում դասավանդում են նվիրյալ ու բանիմաց, ինչպես սփյուռքահայ, այնպես էլ՝ հայաստանցի մասնագետներ:
«Հայ ժողովրդի վաղվա օրն ավելի լուսավոր է լինելու, պետք է համախմբված աշխատանքի շնորհիվ առաջ ընթանանք ու մեր երկրի ապագան ամուր հիմքերի վրա կառուցենք, որի բոլոր նախադրյալներն առկա են»,-լավատեսական տրամադրությամբ զրույցն ամփոփեց Ժակլին Բաբախանին:
Գևորգ Չիչյան